Անկատար գործիքը խնդիր չէ Քրիստոսի համար

Վերջերս ես կարդում էի իտալացի մեծագույն ջութակահար Պագանինիի մասին: Մեկ օր երեկոյան բեմ դուրս գալով՝ նա հասկանում է, որ ձեռքում իր լավագույն, թանկարժեք ջութակը չէ: Նա արագ վազում է ետնաբեմ, որպեսզի փորձի գտնել այն, բայց արդյունքում բացահայտում է, որ ինչ-որ մեկը գողացել է այն և փոխարենը թողել այդ հասարակ, անարժեք ջութակը, որ իր ձեռքում էր: Պագանինին բեմ է վերադառնում այդ սովորական ջութակը ձեռքին և ասում հանրությանը. «Տիկնայք և պարոնայք, հիմա ես ցույց կտամ ձեզ, որ երաժշտությունը գործիքի մեջ չէ, այլ հոգու»: Հետո նա ողջ հոգով ու սրտով նվագում է՝ հանդիսատեսին պարգևելով երաժշտության գեղեցկագույն հնչյուններ:

Չգիտեմ՝ ինչպես դուք, ես ինձ երբեմն անլիարժեք եմ զգում: Ես մեծ ցանկություն ունեմ նվագելու իմ կյանքի գեղեցիկ երաժշտությունը, որը մարդկանց ցույց կտա Հիսուս Քրիստոսի մեծությունը: Ու չնայած ես անկատար գործիք եմ, գիտեմ մի բան, որ այդ երաժշտությունը իմ կողմից չի ստեղծվում: Այն իմ միջոցով նվագում է Հիսուս Քրիստոսը, Ով հիմա իմ կյանքի էությունն է:

Պողոս առաքյալն ասում է. «Որոնց Աստված կամեցավ ցույց տալ, թե ինչ է այս խորհուրդի փառավոր ճոխությունը հեթանոսներումը, որ է Քրիստոսը ձեզանում՝ այն փառքի հույսը» (Կողոսացիս 1.27): Չնայած նրան, որ ցանկացած դեպքում մենք անկատար գործիքներ ենք, մեր կյանքի երաժշտությունը արմատանում է Սուրբ Հոգու մեջ՝ Հիսուս Քրիստոսի Հոգու: Երբ ես իմ մտքում խորհում էի դա, հասկացա, որ կան մի քանի դրույթներ, որոնք փոխում են իմ կյանքը.

Եթե Քրիստոսը ապրում է ինձանում, ես կարիք չունեմ անհանգստանալու այն մասին, որ կարող եմ տկար լինել: Նրան դուր է գալիս օգտագործել այն, ինչը թույլ է, որպեսզի շփոթեցնի աշխարհին: Նա խոստանում է, որ Իր Հոգին տկարությունը կվերածի զորության (Բ Կորնթացիս 12.9): Նա սիրում է նվագել Իր հիասքանչ երաժշտությունը իմ՝ անկատարիս միջոցով:

Եթե Քրիստոսը բնակվում է ինձանում, ինձ հասանելի է հարության զորության լիությունը: Իմ կյանքի տարբեր պահերին ես այսպես էի մտածում. «Ես բավականաչափ արագ չեմ փոխվում: Ես ցանկանում եմ նման լինել Հիսուսին: Ինչպե՞ս լինեմ ավելի ջանասեր ու հետևողական՝ Նրան նմանվելու հարցում»:

Երբևէ այսպիսի միտք ունեցե՞լ եք: Սակայն մեզ պետք չէ «ավելի հետևողական լինել»: Մենք պետք է պարզապես համագործակցենք հարության այն զորության հետ, որն անդադար ու միշտ հասանելի է մեզ: Երբ գայթակղություն է գալիս, մենք պարզապես պետք է մոտենանք Հիսուսին ու խնդրենք Նրա զորությունը: Մենք պետք է համագործակցենք այդ զորության հետ: Արդյունքը՝ հիասքանչ երաժշտությունն է:

Եթե Քրիստոսն ապրում է ինձանում, Քրիստոսով խաղաղությունն իշխում է իմ սրտում:

Երբ Քրիստոսի խաղաղությունը իշխում է իմ կյանքում, այն արարում է ամենագեղեցիկ երաժշտությունը (Կողոսացիս 3.15-16): Այն հանգստության ներդաշնակությունն է քաոսի մեջ, ներման ներդաշնակությունը՝ ցավի երեսի առջև: Այն բերում է գոհություն, շնորհակալություն և փառաբանություն առ Աստված:

Եվ այսպես, ահա ասածիս էությունը. դուք անկատա՞ր եք: Այո՛, իհարկե՛: Ես նույնպես: Բայց կարո՞ղ է Քրիստոսն արդյոք նվագել հիասքանչ երաժշտություն անկատար գործիքների վրա: Անգամ մի կասկածեք: Մեր կյանքի լավագույն լուրը՝ լուրն է այն մասին, որ Քրիստոսը մեր մեջ է՝ փառքի հույսը մեզանում է: Ուրախացեք Նրա հետ կյանքի երաժշտությամբ:

Բեքի Հարլինգ