Փոխհարաբերություններ

Անցնելով սննկացման, անձնական ճգնաժամի, մտերիմների հետ վեճերի միջով, կորցնելով փոխադարձ կապը նրանց հետ, ովքեր քեզ տրված էին ի վերուստ, կարելի է բազմիցս համոզել ինքդ քեզ, որ ինչ-որ մեկը մեղավոր էր ու քո սպասելիքներում դավաճանեց քեզ:

Հիշում եմ իմ ամենակարևոր դասը. սիրել ու ընդունել նրան, ով ոչինչ չի կարող տալ փոխարենը: Դա իմ դուստր Վերոչկան էր: Նա ֆիզիկապես ու էմոցիոնալ առումով շատ բաներից էր զրկված՝ կենտրոնական նյարդային համակարգի ոչ ճիշտ զարգացման պատճառով:

Որքան էլ մենք նրան սեր էինք տալիս, նա չէր կարողանում փոխադարձաբար պատասխանել: Որքան էլ ուշադրություն էինք նվիրում նրան, նա կամ ընդհանրապես ոչ մի կերպ չէր արձագանքում, կամ էլ լիովին այլ կերպ էր արձագանքում: Մենք նրա ցանկացած դրական էմոցիայի համար ուրախանում էինք, բայց դրանք, միևնույնն է, այնպիսին չէին, ինչպես սովորական առողջ երեխաների մոտ է լինում:

Եվ միայն ժամանակի հետ ես գիտակցեցի, որ ինձ համար դա օրհնության դաս էր, որովհետև ինչ-որ մի պահ ես համտեսեցի Աստծո ունակությունը՝ ընդունել մարդուն՝ ինչպես պարգև երկնքից՝ չսպասելով, որ նա անձամբ քեզ կփոխհատուցի:

Ես հաճախ նայում էի ամուսնուս, ով ուներ պարգև Աստծուց՝ ներելու և շարունակելու համագործակցել մարդկանց հետ, ովքեր դավաճանում էին, մեջքով շրջվում ու լքում՝ տրորելով նրա արժեքները, իսկ նա շարունակում էր հավատալ Աստծուն այդ մարդկանց համար: Ինձ համար դա անհասկանալի էր, բայց ես գիտեի, որ հենց դրանում է փոխհարաբերություններում հավատքի գաղտնիքը:

Այդ փորձի շնորհիվ ես գիտակցեցի փոխհարաբերություններում հավատքի ամենահիմնային սկզբունքները. ներել՝ առանց դիմացինի զղջման ու ապաշխարության, բայց հավատալ, որ դա կկատարվի, ընդունել անշահախնդիր կերպով ու հավատալ, որ յուրաքանչյուրն է ուղարկված Աստծուց, ընդունել հարգանքով ու պատվով՝ որպես պարգև Աստծուց՝ հավատալով, որ դրանով կարելի է բացահայտել տվյալ մարդու կոչումը ու բացել նրան ճանապարհը Աստծո Արքայության:

Ի՞նչ է պետք սրա համար: Տեսնել անտեսանելին մարդկանց մեջ՝ նայելով նրանց Քրիստոսի աչքերով: Որոնել անկեղծություն այդ մարդու համար արվող աղոթքում: Ձգտել սիրո, որը անպայմանական է:

Հնարավորություն տալ, որպեսզի Աստծո պարգևը տվյալ մարդու մեջ բացվի: Ձևավորել ինքդ քո մեջ սրտի այն դիրքը, որ ամեն մարդ տրված է քեզ, որպեսզի ծառայես նրան, կամ որպեսզի քեզ ծառայեն՝ Հիսուսի անունով…

Դժվա՞ր է ուղին: Ինձ համար՝ շատ: Բայց գալիս է պահը, երբ գիտակցում ես, որ փոխհարաբերությունները հենց այն են, ինչ բերեց Հիսուսը ու հանուն ինչի Նա եկավ: Հասկանում ես, որ դա միակ ընտրությունն է, որը կբերի քեզ օրհնություն ամեն մեկի միջոցով, ում Տերը ուղարկել է քո կյանքի մեջ:

Սվետլանա Սպիվակովա