Ինչպես պատվել ծնողներին, եթե նրանք դրան արժանի չեն

Ամենավատ արարքներից մեկը մարդկության՝ չպատվելն է ծնողներին, նրանց, ովքեր ծնել ու մեծացրել են քեզ:

Ծնելն ու մեծացնելը շատ մեծ աշխաըանք է ու մեծ պատասխանատվություն: Երբեմն մարդկանց հերիքում է ուժերը միայն ծնելու համար, բայց կան այնպիսիները, որոնց ուժերը բավարարում են ոչ միայն լույս աշխարհ բերելու, այլև մեծացնելու ու դաստիարակելու համար՝ ինչպես հարկն է:

Այնպես է ստացվել, որ իմ ծնողները տարբեր պատճառներով չեն կարողացել ինձ մեծացնել: Եվ այդ առաքելությունը իմ տատիկի ուսերին է ընկել: Մինչ Հիսուսին հանդիպելը՝ ես չգիտեի ոչինչ պատվելու սկզբունքի մասին, թե ինչ օրհնություն է թաքնված դրանում: Չարացած էի ծնողներիս վրա, ամեն առիթով վիրավորվում էի տատիկիցս, բոլորին մեղադրում էի, որ ինձ հետ ճիշտ չեն վարվել ու զրկել են ինձ հնարավորությունից՝ մեծանալու երջանիկ լիարժեք ընտանիքում: Չարացած էի այնքան, որ նույնիսկ ատելություն կար ներսումս ծնողներիս հանդեպ և «թաղել էի» իմ ներսում նրանց՝ համարելով, որ նրանք ընդհանրապես արժանի չեն իմ հարգանքին:

Բայց Աստծո հետ մտերմանալու հենց առաջին տարիներին ես գիտակցեցի կարիքը՝ չպատվելու համար ապաշխարելու: Եվ իմ հնազանդության ու ապաշխարության արդյունքում՝ փրկվեց իմ ողջ ընտանիքը, վերականգնվեցին բոլոր հարաբերությունները, և ես իրականում երջանիկ դարձա՝ ձեռք բերելով և՛ ընտանիք, և՛ օրհնություն:

Այդ ժամանակից սկսած՝ նրանք, ովքեր ինձ ֆիզիկապես էին լույս աշխարհ բերել, ովքեր ինձ պահել ու մեծացրել էին, հարգված են ու պատվելի իմ կողմից մինչև հոգուս խորքը՝ անկախ նրանց մասին իմ գնահատականից:

Իմ խնդիրը չէ՝ գնահատել նրանց, ովքեր ինձ ծնել ու ովքեր ինձ մեծացրել են, նույնպես իմ խնդիրը չէ՝ լա՞վ, թե՞ վատ են նրանք գլուխ հանել իրենց պատասխանատվությունից: Իմ խնդիրն է՝ գործի դնել պատվելու սկզբունքը՝ իմ իսկ օրհնության ու բարօրության համար:

Սա վերաբերում է նաև հոգևոր ծնողներին ու առաջնորդներին, քանզի նրանց էլ ինչ-որ բան արժեցել է քեզ վերստին ծնունդի բերելը և որպես Քրիստոսի աշակերտ դաստիարակելը:

Վերա Կասևիչ