Հալածվող եկեղեցու համար աղոթքը միաբանել է միլիոնավոր քրիստոնյաների ողջ աշխարհով մեկ

Ողջ աշխարհով մեկ 100 հազար համայնքներ և միլիոնավոր քրիստոնյաներ այս կիրակի միաբանվել էին աղոթքով՝ հալածվող եկեղեցու համար:

Արդեն 20 տարի շարունակ Համաշխարհային ավետարանական դաշինքը (WEA) իրավապաշտպան մի քանի կազմակերպությունների աջակցությամբ տարվա մեջ մեկ օր միաբանում է ողջ աշխարհի քրիստոնյաներին՝ աղոթելու հալածվող եկեղեցու համար. տեղեկացնում է Christian Post-ը:

Դաշինքի կրոնական ազատության կոմիտեի գերծադիր տնօրեն Գոդֆրի Յոգարաջայի խոսքերով՝ հալածվող եկեղեցու համար Աղոթքի միջազգային օրվա խնդիրը ողջ աշխարհի քրիստոնյաներին հալածանքների մասին պատմելն է:

«Մենք հույս ունենք, որ այս միջոցառումը կոգեշնչի բոլորին՝ արձագանքելու տառապյալների կարիքներին,- ասում է նա:- Նաև հույսով կլցնի նրանց, ովքեր հալածանքով են անցնում, և կհիշեցնի, որ իրենք հավատացյալների մեծ ընտանիքի անդամ են, որն աջակցում է իրենց»:

Ամեն տարի աղոթքի թեման փոխվում է: 2018թ-ի Աղոթքի օրվա թեման հետևյալն էր. «Լսի՛ր նրանց աղաղակը»:

«Մենք հավատացած ենք, որ աղոթքների միջոցով Աստված զորացնում և ազատում է հալածվողներին: Այնուամենայնիվ, աղոթելու համար մեզ անհրաժեշտ է իմանալ նրանց պատմությունները: Այլ խոսքերով՝ մենք պետք է լսենք նրանց աղաղակը»:

«Բաց դռներ ԱՄՆ» իրավապաշտպան կազմակերպությունը հունվարին զեկուցագիր է ներկայացրել, համաձայն որի՝ մոտ 215 միլիոն քրիստոնյաներ ողջ աշխարհով մեկ հետապնդումների են ենթարկվում իրենց համոզմունքների պատճառով: Իսկ 2017թ-ին իր հավատքի համար սպանվել է 3 000 քրիստոնյա, մոտ 800 եկեղեցի հարձակման է ենթարկվել: