Խնդիրները պատրաստում են մեզ հավիտենությանը

Այս աշխարհում ապրելու համար մեզ պետք է ավելին, քան պարզապես դրական մտածելակերպը: Մեզ հույս է անհրաժեշտ:

Ահա 5 պատճառ, թե ինչու մենք կարող ենք Քրիստոսի միջոցով հույս ունենալ, այդ մասին գրված է Պետրոսի առաջին թղթի 1-ին գլխում.

  • Աստված ընտրել է մեզ, նախքան մենք ենք ընտրել Իրեն:
  • Աստված միշտ վերաբերվում է մեզ շնորհով ու ողորմությամբ:
  • Աստված վերահսկում է մեր ապագան:
  • Աստծո զորությունը պահպանում է մեզ:

Եվ վերջիվերջո, մենք կարող ենք հուսալ և հավատալ, որովհետև Աստված պատրաստում է մեզ հավիտենության համար:

Նա օգտագործում է ամեն բան մեր կյանքում՝ լավը, վատը և անգամ սարսափելին: Հենց որ դուք հասկանում եք դա, կյանքը իմաստ է ստանում: Այլևս չեք ասում. «Տե՛ր, ինչո՞ւ է սա կատարվում», որովհետև գիտեք՝ Նա պատրաստում է ձեզ հավիտենության համար:

Աստվածաշնչում ասվում է. «Որ նրանով կուրախանաք, թեև հիմա՝ ինչպես որ հարկը պահանջում է՝ մի քիչ տրտմած եք կերպ կերպ փորձանքների մեջ, որ ձեր հավատքի փորձառությունն ավելի պատվական գտնվի, քան կորստյան ոսկին, որ կրակով է փորձվում, գովության պատվի և փառքի համար Հիսուս Քրիստոսի հայտնությունումը» (Ա Պետրոս 1.6-7):

Այս խոսքերը բացահայտում են երեք ճշմարտություն փորձությունների մասին, որոնք այսօր նույնն են, ինչպես Պետրոսի օրերում:

  • Փորձություններն անհրաժեշտ են. դրանք Երկնքի համար պատրաստվելու անբաժանելի մասն են:
  • Դրանք տարբեր են: Մենք հանդիպում ենք ամենատարբեր տեսակի, չափերի և հաճախականության դժվարությունների:
  • Դրանք անցողիկ են: Դրանք հավիտյան չեն տևելու: Բայց Աստված օգտագործում է այդ դժվարությունները Իր նպատակների համար:

Այս հատվածը նաև նկարագրում է մեր կյանքում փորձությունների երեք տեսակի արդյունքները.

  • Դրանք ստուգում են մեր հավատքը: Ինչպես որ մարզում ենք մեր մկանները՝ փորձելով դրանք, նույնը կատարվում է հավատքի հետ:
  • Դրանք մաքրում են մեր շարժառիթները: Աստված ավելի շատ հետաքրրքված է մեր բնավորությամբ, քան մեր հարմարավետությամբ: Նա օգտագործում է դժվարությունները՝ կատարելագործելու մեր բնավորությունը:
  • Դրանք պատրաստում են մեզ՝ պարգևատրում ստանալու: Փորձությունները, որոնց միջոցով մենք կարող ենք անցնել հիմա, համեմատելի չեն այն պարգևատրման հետ, որը մենք կստանանք Երկնքում:

Իհարկե, փորձությունները, որոնք դուք անցնում եք հիմա, ուրախություն չեն պատճառում ձեզ: Բայց Աստվածաշունչը լիովին հստակ ասում է, որ դրանք օգտակար են ձեզ համար: Դրանք ձեր հավատքը ավելի ուժեղ են դարձնում, իսկ ձեր բնավորությունը՝ ավելի բարեպաշտ, դրանք պատրաստում են ձեզ ապագայում վարձքը ստանալուն:

Շնորհիվ այս գիտության՝ դուք կարող եք ունենալ հույս, չնայած ամենին, ինչ կատարվում է ձեր կյանքում հիմա:

Ռիկ Ուորեն