Ումի՞ց ես դու վախենում. Ջոն Բիվեր

Ումի՞ց ես դու վախենում. Ջոն ԲիվերԻսրայելացիները ոգևորվում էին, երբ Աստված օրհնում էր նրանց և հրաշքներ անում: Երբ Աստված բացեց Կարմիր ծովը, անցկացրեց նրանց չոր գետնի վրայով և հետո խորտակեց իսրայելացիներին հետապնդող թշնամիներին, նրանք երգում, պարում և աղաղակում էին հաղթանակի համար (Ելից 15.1-21):

Այնուամենայնիվ, մի քանի օր անց, երբ Աստծո ամենակարող զորությունը բացահայտ չէր, իսկ սննդի պաշարները վերջանում էին, նրանք տրտնջացին Աստծո դեմ (Ելից 15.22):

Ավելի ուշ Մովսեսը ժողովրդին բերեց Սինա լեռան մոտ, որպեսզի սրբացներ նրանց՝ Աստծուն ներկայանալու համար: Աստված Իր բոլոր ժողովրդի աչքի առաջ իջավ լեռան վրա: Դա բավականին սարսռեցնող էր. ամպրոպ ու կայծակ, լեռան վրա ամպի մի խիտ շերտ: Հետո Մովսեսը ժողովրդին դուրս բերեց ճամբարից Աստծուն հանդիպելու համար, բայց ժողովուրդը տեսավ, հետ քաշվեց ու հեռու կանգնեց (Ելից 20.10-18):

Նրանք ահաբեկված հետ քաշվեցին ոչ թե Աստծուց վախենալով, այլ իրենց կյանքի համար եղած վախի պատճառով: Երբ Աստված իջավ, բացահայտվեց, որ նրանք իրենց կյանքերն ավելի շատ էին սիրում, քան Աստծուն:

Ժողովուրդն ասաց Մովսեսին. «Դու խոսիր մեզ հետ, և մենք կլսենք, բայց Աստված թող չխոսի մեզ հետ, որ չմեռնենք»: Եվ Մովսեսն ասաց ժողովրդին. «Մի վախեք, որովհետև Աստված ձեզ փորձելու համար է եկել, այնպես որ նրա վախը ձեր առաջին լինի, որ չմեղանչեք» (Ելից 20.19-20):

Ուշադրություն դարձրեք, որ Աստծո երկյուղը մեզ զորություն է տալիս մեղքի մեջ չընկնելու համար: Առակաց 16.6-ն ասում է. «Տիրոջ վախով մարդ կհեռանա չարից»:

Ելից 20.21-ը շարունակում է պատմությունը. «Եվ ժողովուրդը հեռու կանգնեց, և Մովսեսը մոտեցավ այն թանձր խավարին՝ ուր որ Աստված էր»: Մովսեսն ասաց Աստծուն, թե ինչ էին նրանք ասել և թե ինչպես էին վախեցել: Աստված պատասխանեց. «Այս ժողովրդի քեզ ասած խոսքերի ձայնը լսեցի. նրանց ամեն ասածը լավ է։ Երանի թե նրանց սիրտն էլ այնպես լիներ, որ ինձնից վախենալով իմ բոլոր պատվիրանքները պահեին ամեն ժամանակ, որպեսզի իրենց համար բարի լիներ և իրենց որդկանցն էլ՝ հավիտյան» (Բ Օրինաց 5.28-29):

Ուշադրություն դարձրեք, որ ժողովուրդը հետ քաշվեց, մինչդեռ Մովսեսն ավելի մոտեցավ: Սա ցույց է տալիս տարբերությունը Մովսեսի և իսրայելի միջև: Մովսեսը երկյուղ ուներ Աստծուց, այդ պատճառով էլ նա անվախ էր: Մարդիկ երկյուղ չունեին Աստծուց, դրա համար էլ նրանք վախեցան: Աստծո երկյուղը մեզ ոչ թե հեռացնում, այլ ձգում, տանում է Աստծո ներկայության մեջ: Իսկ մարդու նկատմամբ եղող վախը պատճառ է դառնում, որ հետ քաշվենք Աստծուց  ու Նրա փառքից:

Երբ մենք կապված ենք մարդու վախով, ավելի հարմարավետ կզգանք մարդկանց ներկայության մեջ, քան թե Աստծո (նույնիսկ եկեղեցում): Պատճառն այն է, որ Աստծո ներկայությունը բացում է մեր սրտերը և բերում է հանդիմանություն: