ԼԳԲՏ ֆորումն ու քրիստոնյա Հայաստանը

ԼԳԲՏ ֆորումն ու քրիստոնյա ՀայաստանըՎերջին շաբաթներին քաղաքականությունից հետո թերևս ամենաշատ քննարկվող թեման նոյեմբերին Հայաստանում ծրագրված ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումն է:

Ի ուրախություն մեզ, փաստենք, որ ֆորումը, կարծես թե չի կայանալու, ինչպես այդ մասին նոյեմբերի 6-ին հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Բուռն քննարկումները, պայքարի կոչերն ու ընդդիմախոսական ելույթները հաջորդում են մեկը մյուսին և արտացոլում հասարակության տրամադրվածությունը, այն է՝ դեմ ենք հասարակության մեջ նման դրսևորումներին:

Շատերն ապրում են այն մտավախությամբ, թե չլինի թե մի օր կառավարությունը որոշի ճանապարհ բացել նրանց առաջ, ընդառաջել ու մշակել օրենքներ, որոնք էլ ավելի ազատ գործելու կարգավիճակ կտան սեռական այլ կողմնորոշում ունեցող մարդկանց:

Ինչ խոսք, ժողովրդավար Հայաստանի սահմանադրությունն ասում է, որ յուրաքանչյուր ոք ազատ է իր խղճի, դավանանքի, կրոնի ու հավատալիքների մեջ կողմնորոշվելու հարցում, սակայն օր օրի ահագնացող աղմուկն ու սև PR-ը անհանգստացնում են:

Դժվար թե ֆորումի մասնակիցներն ավելի լավ գովազդ կարողանային մտածել իրենց արշավի մասին, քան այն, ինչ այժմ կատարվում է սոցիալական ցանցերում. բոլորը տեղեկացան ֆորումի մասին, որի մասնակիցների թիվն անգամ որևէ մեկը չգիտի:

Հետաքրքիր է՝ բարձրացված այս աղմուկը խանգարե՞ց նրանց, թե՞ ընդհակառակը՝ ավելի օգնեց… Ինչևէ, փաստն այն է, որ նոյեմբերին նրանք պատրաստվում են իրենց ֆորումն անցկացնել աշխարհի առաջին քրիստոնյա երկրում ու մեծագույն զավեշտն ու ցավն այն է, որ այն լինելու է «քրիստոնյաների» ֆորում:

Քրիստոնյա հասարակությունը միշտ պետք է իր արձագանքը տա վտանգ սպառնացող և աստվածաշնչյան սկզբունքներին ու քրիստոնեական նորմերին հակառակ բոլոր երևույթներին, իսկ այն, որ համասեռամոլությունը լուրջ վտանգ է պարունակում, կարող է փաստել յուրաքանչյուր ոք:

  1. Այն միտված է խեղաթյուրել ընտանիքի վեհ ու աստվածաշնչյան գաղափարն իր ամեն դրսևորումներով, այդ թվում՝ ուղիղ կերպով ազդելով երեխաների դաստիարակության ու աշխարհայացքի ձևավորման վրա:

Առաջին ընտանիքի հեղինակն Աստված է, Ով միավորեց մեկ կնոջ և մեկ տղամարդու:

«Եվ Աստված ստեղծեց մարդը իր պատկերովը. Աստծո պատկերովը ստեղծեց նրան. արու և էգ ստեղծեց նրանց» (Ծննդոց 1.27):

  1. Այն միտված է խեղաթյուրել քրիստոնեական արժեհամակարգը ու բարոյական նորմերը:

Նրանցից շատերը խոսում են սիրո մասին և որպես հիմք մատնանշում աստվածային սերը: Այո, Հիսուսը սիրում էր մեղավորներին, ընդունում էր նրանց, սակայն նրա կոչը և սկզբունքը շատ կտրուկ էր ու հստակ. «… Գնա, և այսուհետև մեղք մի գործիր (Հովհաննես 8.11):

  1. Այն միտված է մեղքն ու արատավոր երևույթները դարձնել ընդունելի ու հանդուրժելի:

Աստվածաշունչը ոչ միայն Սոդոմ-Գոմորի պարագայում (Ծննդոց 19), այլև բազում տեղեր խոսում և զգուշացնում է նմանատիպ երևույթների մասին՝ այն շատ ուղիղ ու հստակ անվանելով մեղք, որից մարդը կարիք ունի ազատագրվելու և բժշկվելու:

«Եվ եթե մի մարդ կնկա հետ պառկելու պես մի արուի հետ պառկի, երկուսն էլ պղծություն արին. անպատճառ պիտի մեռցնվեն» (Ղևտացիս 20.13):

«Այնպես էլ արուները կնոջ բնական գործածությունը թողնելով՝ իրենց ցանկություններովն իրար հետ բորբոքվեցին. արուներն արուների հետ խայտառակություն էին գործում, և այն փոխարենը՝ որ արժան էր իրենց մոլությանն՝ իրենց անձերումը ընդունում էին» (Հռոմեացիս 1.27):

Ինչպիսի՞ն պիտի լինի քրիստոնյա Հայաստանի արձագանքը:

«Չգիտե՞ք, թե անիրավներն Աստծո արքայությունը չեն ժառանգում. մի՛ խաբվեք. ո՛չ անառակներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ, ո՛չ իգացողներ, ո՛չ արվամոլներ, ո՛չ գողեր, ո՛չ ագահներ, ո՛չ հարբեցողներ, ո՛չ բամբասողներ, ո՛չ էլ հափշտակողներ Աստծո արքայությունը չպիտի ժառանգեն (Ա Կորնթացիս 6.9-10):

Իհարկե, պետք է խոսել, պետք է դեմ կանգնել երևույթի տարածմանն ու մասսայականացմանը, սակայն մի բան, որ առավել կարևոր է՝ պետք է դաստիարակել քրիստոնյա սերունդ, պետք է յուրաքանչյուր ծնող իր զավակին կրթի ու դաստիարակի այնպես, որ վաղն այդ զավակն էլ, փոխզիջման չգնալով մեղքի հետ, նույն սկզբունքը փոխանցի իր սերունդին:

Թող յուրաքանչյուրիս մեջ, մեր տներում ու մեր զավակների կյանքում միշտ վառ լինի աստվածային Լույսը: Լույսի մեջ խավարն անելիք չունի ու ինքնակամ անհետանում է:

Հիսուսն ասաց՝ «Ես եմ աշխարհի լույսը. ով որ իմ ետևից գա, նա խավարումը չի գնա, այլ կյանքի լույսը կընդունի» (Հովհաննես 8.12):

Թերևս մերօրյա Հայաստանում սա այն հարցն է, ուր պետք է տարանջատել սերն ու հանդուրժողականությունը: Սիրել մեղավորին, բայց երբեք չհանդուրժել մեղքն ու արատավոր երևույթը. սա է սովորեցնում քրիստոնյաների Սուրբ Գիրքը՝ Աստվածաշունչը:

Ու թող Աստված պահպանի Հայաստանն ու հայ ժողովրդին…

Արմեն Նիազյան