Հավատքը ծնվում է Աստծո Խոսքից. Եպիսկոպոս Ռուբիկ Թումանյան

Հավատքը ծնվում է Աստծո Խոսքից. Եպիսկոպոս Ռուբիկ ԹումանյանՄարդուն Աստծո հետ կապողը հավատքն է: Աստծո բարեհաճությանն արժանանալու միակ միջոցը հավատքն է:

Հավատքը ծնվում է Աստծո Խոսքից: Աստծո Խոսքի առջև չդողացող մարդիկ ի ցույց են դնում իրենց անհավատությունը:

Աստծո Խոսքը լսելը կառուցում է մեր հավատքը: Իսկ հավատքը կառուցում է մեր աստվածապաշտությունը: Ինչպիսի հավատք, որ կառուցենք մեր մեջ Աստծո Խոսքով, այնպիսի աստվածապաշտություն կկառուցի մեր մեջ մեր հավատքը:

Հավատքը մերժում է ամեն բան, որը չի բխում Աստծո Խոսքից: Հավատացյալ մարդու ցանկացած դատողություն, համոզում և պնդում պետք է բխի նրա մեջ հավատքի հիմք հաստատած Աստծո Խոսքից:

Աստծո Խոսքն արհամարհողներն այն մարդիկ են, որոնք այն չեն դարձնում իրենց սկզբունքների հիմքն ու ապրելակերպի ուղեցույցը:

Անհնարին է, որ մարդը արհամարհի ու չպահի Աստծո Խոսքը և որևէ առնչություն ունենա Աստծո հետ:
Ինչպես նաև՝ անհնարին է չդողալ Աստծո Խոսքի առջև և ունենալ Տեր Աստծո բարեհաճությունը:

Ի՞նչ է օրհնված կյանքը: Այն առաջին հերթին Աստծո Խոսքի հիմքի վրա կառուցված կյանքն է: Այսպիսի կյանքը նման է ամուր ժայռի վրա կառուցված մի տան, որը չի վախենում ո՛չ քամուց ու փոթորկից, ո՛չ էլ հորդառատ անձրևներից ու վարարած գետերից: