Անմեղ ճանաչված Ասյա Բիբին մնում է բանտում իսլամիստների սպառնալիքների պատճառով

Ավելի վաղ Պակիստանի Գերագույն դատարանի կողմից անմեղ ճանաչված քրիստոնյա Ասյա Բիբին շարունակում է մնալ բանտում՝ իսլամիստների սպառնալիքների պատճառով, ովքեր պահանջում են ի կատար ածել նախկինում սահմանված մահապատիժը:

Մահմեդականների զանգվածային բողոքների պատճառով, ովքեր արգելափակում էին Պակիստանի խոշորագույն քաղաքների կենտրոնական փողոցների շարժը, Պակիստանի կառավարությունը որոշում է կայացրել արդարացված քրիստոնյա Ասյա Բիբիին ներառել այն մարդկանց շարքում, ում արգելված է լքել երկիրը. տեղեկացնում է Catholic Herald-ը:

Բիբիի փաստաբանները համաձայնել են, որ 50-ամյա կինը մնա բանտում, քանի որ նրա ազատությունը բանտի պատերից դուրս նույնպես լրջորեն սահմանափակ կլիներ իսլամիստ մահմեդականների կողմից իր հասցեին հնչող սպառնալիքների պատճառով: Ավելի հավանական է, որ ազատ արձակումից հետո նա ստիպված կլինի լքել Պակիստանը:

Հիշեցնենք, որ ըստ 2010թ-ի դատավճռի՝ Ասյա Բիբին դատապարտվել էր մահապատժի՝ Մուհամեդ մարգարեի հասցեին վիրավորիչ խոսքեր ասելու համար: Հայտնի է, որ Ֆրանսիան և Իսպանիան ապաստան են առաջարկել Բիբիի ընտանիքին: