Եթե աշուն է հարաբերություններում…

Եթե աշուն է հարաբերություններում...Ի՞նչ արժե հիշել, երբ մեղրամիսն արդեն սարերի ետևում է, իսկ ամուսնությունը վերածվում է դժվար առօրյայի:

Մենք ապրում ենք մի դարում, որտեղ գնահատվում է նորը: Մենք հավատում ենք խնդիրների անհապաղ լուծմանը, վայրկենական ու արագ հաճույքներին:

«Նոր հազարամյակի սերունդը» գնահատում է անսահմանափակ ընտրությունը և ծայրահեղ բացասական վերաբերվում այն ամենին, ինչը սահմանափակում է ընտրելու իրենց հնարավորությունը: Եվ, հավանաբար, սրանով է բացատրվում այն, որ այսօրվա երիտասարդները խուսափում են մտնել ամուսնական ուխտի մեջ, կամ էլ՝ երբեք չեն ամուսնանում:

«Մենք այլևս նույնը չենք, մենք այժմ այլ մարդիկ ենք»,- շատերը հենց այս խոսքերն են մեջբերում՝ բացատրելու «անհաջող ամուսնության» պատճառը:

Բնավորության կողմերը, որոնք նախկինում հիացմունքի էին արժանանում՝ այժմ ընդունվում են որպես ծանրություն: Ճանապարհը, որով գնում էին ամուսինները, մի քանի խաչմերուկներով թեքվում և բերում է մի անսպասելի վայր:

Զույգերը նման դեպքերում վերապրում են հիասթափություն և անբավարարվածության զգացում: Սակայն այն պահին, երբ սովորում ենք սիրել, սկսում ենք հասկանալ այն խոստումները, որ տվել ենք խորանի առջև:

Հիշիր, որ սերը ընտրություն է: Ժամանակակից հասարակությունն առաջարկում է մեզ հավատալ ստերի, իբր սերը զգացմունք է, որ այն միայն զգալ ու վերապրել է պետք: Սակայն երբ Պողոս առաքյալը դիմում է կորնթացիների եկեղեցուն՝ բացատրելով, թե ինչ է նշանակում սիրել իրար, նրա խոսքերի մեջ չկար զգացմունքների հետ կապ ունեցող որևէ հորդոր:

Օրինակ՝ լինել համբերատար ու բարի՝ ընտրություն է, որը մենք անում ենք՝ չնայած մեր ներսի զգացմունքներին:

Եղիր կողքին ու եղիր շնորհակալ: Մի՛ համեմատվեք ոչ ոքի հետ, եթե համեմատությունը գողանում է ձեր ուրախությունը: Որքա՜ն արագ ենք մենք հրաժարվում սեփական փոխհարաբերություններից՝ համեմատելով դրանք ուրիշների հետ, որոնց մասին, ամենայն հավանականությամբ, մենք ամեն բան չգիտենք էլ:

Վերադարձիր խաչին: Եկեղեցին Քրիստոսի հարսն է, և մենք գտնում ենք զուգահեռներ ամուսնության և Քրիստոսի հետ մեր փոխհարաբերությունների միջև:

Քրիստոնեական կյանքի սկզբում շատ են ուրախություններն ու խանդավառությունը, իսկ զգացմունքները սնում են հոգևոր աճը: Սակայն ժամանակի հետ զգացմունքները մարում են, և երիտասարդ հավատացյալը կանգնում է ընտրության առջև՝ թողնել ամեն բան և հեռանալ հավատքից, թե՞ աճել ամեն լայնությամբ ու խորությամբ Քրիստոսի գիտության մեջ: Նրանք, ովքեր պատրաստ են ջանք անելու, կաճեն ու կտեսնեն Քրիստոսի հետ մտերմության պտուղները, որոնց մասին սկզբում գուցե չէին էլ երազել:

Դրանում է ամուսնության գեղեցկությունը, որը հաղթահարում է ժամանակավոր հիասթափությունները:

Փոփոխությունների ամեն տարին, ամեն անցած փորձությունը, տրված խոստումների հանդեպ հավատարմությունը պահելու պայքարի ամեն օրը՝ այդ ամենն օգնում են մեզ զարգացնել հարաբերությունների խորությունը, որի մասին մենք անգամ մտածել չէինք կարող ամուսնության օրը: Մենք սկսում ենք սիրել և ուրախանալ մանրուքներով, որոնք նախկինում նույնիսկ չէինք նկատում. մենք ձեռք ենք բերում ժառանգություն, որի արմատները ավելի զորավոր են փոփոխական զգացմունքներից, ժառանգություն, որը հակառակ է մշակույթին և արտացոլում է Քրիստոսի Խաչը:

Կառա Ջոյներ