Վշտի մասին. Քլայվ Լյուիս

Ես երբեք չէի մտածում, որ վիշտը նման է վախի: Ես չեմ վախենում, բայց զգացմունքները, որոնք վերապրում եմ, նման են հանկարծահաս վախի, նույն ներքին դողէրոցքը, նույն անհանգստությունը, մշտական հորանջը, երբ դժվար է անգամ կուլ տալ:

Երբեմն դա նման է գինովցած վիճակի, երբեմն՝ շփոթության: Ասես արտաքին աշխարհի և քո միջև կա մի անտեսանելի, ծածկոցի պես փափուկ, միջնապատ: Ինձ դժվար է ընկալել այն, ինչ ասում են ինձ շրջապատող մարդիկ: Ավելի ճիշտ՝ ես չեմ ցանկանում լսել նրանց խոսակցությունները: Ինձ հետաքրքիր չէ, թե ինչի մասին են նրանք խոսում:

… Ասում են, որ դժբախտ մարդը փափագում է ուշադրությունն այլ տեղ դարձնել ամեն կերպ, միայն թե ինքն իրենից փախչի: Բայց լինում է նաև այսպես. մարդը, ով շան պես հոգնել է, կարող է գիշերն արթնանալ ցրտից, երբ տաքանալու համար նրան անհրաժեշտ է ընդամենը ծածկոց, բայց նա ավելի շուտ ողջ գիշերն այդպես կանցկացնի՝ ցրտից դողալով, քան վեր կկենա և ծածկոց կբերի: Դժվար չէ հասկանալը, թե ինչու միայնակ մարդը դառնում է անփույթ, իսկ ժամանակի հետ էլ՝ կեղտոտ ու տհաճ:

Այնուամենայնիվ, հարց է ծագում. որտե՞ղ է Աստված: Դա ամենատագնապալի ախտանիշն է: Երբ դու երջանիկ ես, այնքան երջանիկ, որ Նրա կարիքը չունես, դու անգամ զգում ես, որ Նրան դիմելը միայն կշեղի քեզ, և եթե, ամեն դեպքում, սթափվես և դիմես Նրան գոհությամբ, Նա, նվազագույնը դու այդպես կզգաս, կընդունի քեզ Իր բաց գրկի մեջ: Բայց փորձիր Նրան դիմել, երբ դու հուսահատ ես, երբ քո բոլոր հույսերը զուր են, և ի՞նչ է քեզ սպասվում… Դռները փակվում են քո երեսին, և դու լսում ես, թե ինչպես է բանալին երկու անգամ պտտվում կողպեքի մեջ, փականքի ձայնն է լսվում և լռություն:

Ոչինչ այլևս պետք չէ սպասել, շրջվիր ու գնա այնտեղ, որտեղից եկել ես: Պատուհաններից այն կողմ խավար է: Թվում է, թե տանը ոչ ոք չկա: Եվ հայտնի չէ, եղե՞լ է արդյոք մեկը նախկինում: Մի ժամանակ թվում էր՝ այո՛: Եվ նախկին վստահությունը, որ տունը բնակեցված էր, նույնքան ուժեղ է, որքան հիմա այն, որ այնտեղ ոչ ոք չկա: Ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է Նրա հաստատ ներկայությունը բարեկեցության օրերում և լիակատար բացակայությունը այն ժամանակ, երբ քեզ այնքան անհրաժեշտ է Նրա օգնությունը քո կյանքի ամենադժվարին պահին:

Այսօր ես այս մտքերով կիսվել եմ Ս.-ի հետ: Նա հիշեցրեց ինձ, որ նույնը կատարվեց Քրիստոսի հետ. «Ինչո՞ւ ինձ թողեցիր»: Ես գիտեմ, որ դրանից ավելի հեշտ ու հասկանալի չի դառնում ամեն բան: Ես չեմ կարծում, թե գոյություն ունի վտանգ՝ առ Աստված հավատքը կորցնելու: Իրական վտանգն այն բանին հավատալու հնարավորության մեջ է, թե Նա վատն է: Ես չեմ վախենում եզրահանգումից՝ «Պարզվում է՝ Աստված չկա», այլ վախենում եմ հետևյալ եզրահանգումից. «Պարզվում է՝ Նա այդպիսին է, և կարիք չկա ինքդ քեզ խաբես»:

Այո՛, ամենից հեշտը ասելն է՝ Աստված չկա, երբ մենք ամենից առավել Նրա կարիքն ունենք: Բայց այդ դեպքում ինչո՞ւ Նա կա այն ժամանակ, երբ, եթե անկեղծ լինենք, մենք «կարող ենք առանց նրա էլ ապրել»:

Հատված Քլայվ Լյուիսի «Կորստի ցավը» գրքից