Տղան պատահմամբ գտնում է 10 հազար դոլար…

16-ամյա Ռամի Շեյնին դպրոցից տուն էր վերադառնում, երբ նկատում է դրամապանակ, որն ընկած էր ճանապարհի վրա: Տղան վերցնում է այն՝ դրամապանակի տիրոջ մասին որևէ կոնտակտային տվյալներ գտնելու հույսով: Բայց փոխարենը դրամապանակում գտնում է 10 հազար դոլար:

Ռամի Շեյնին խոստովանում է, որ նման գումար կյանքում երբևէ չէր տեսել: Նա պատմում է ծնողներին իր գտածի մասին, մեկնում Սանտա Բարբարա շրջանի շերիֆի գրասենյակ և դրամապանակը փոխանցում ոստիկանությանը:

«Ես համարեցի, որ այդպես ճիշտ կլինի: Եթե ես լինեի այն մարդու փոխարեն, ով կորցրել էր նման մեծ գումար պարունակող դրամապանակ, ապա, իհարկե, ինքս էլ կցանկանայի, որ ինձ վերադարձնեին այն»,- ասում է նա:

Ավելի ուշ շերիֆի գրասենյակի ֆեյսբուքյան էջում հայտնվում է գրառումն այն մասին, որ հերթապահ սպան դրամապանակը վերադարձրել է տիրոջը, ով «շատ շնորհակալ է եղել»: Հավանաբար, կինը դրել է այն մեքենայի վրա, իսկ հետո մոռացել այդ մասին, այնպես որ՝ մեքենան վարելիս այն ընկել է ճանապարհին, որտեղ էլ դպրոցականն է գտել: