Աստվածային և մարդկային սիրո տարբերությունը. Ալեքսանդր Շևչենկո

Ո՞րն է տարբերությունը՝ մարդու հանդեպ Աստծո սիրո և Աստծո հանդեպ մարդու սիրո:

Երեմիայի գրքում մարգարեն ասում է. «Հավիտենական սիրով սիրել եմ քեզ. դրա համար քաշեցի քեզ ողորմությունով»: Ի՞նչ է կատարվում մարդու հետ, երբ նա Աստծուց նման խոսքեր է լսում: Նա ձեռք է բերում ներքին վստահություն առ այն, որ սերն այդ երբեք, ոչ մի հանգամանքների, ոչ մի անկումների դեպքում չի կարող դադարել:

Մարդն ամենից առավել վախենում է անարգված լինելուց, դա էր սպասում անառակ որդին, երբ վերադառնում էր հոր տուն՝ հույս ունենալով, որ կարող է գոնե մի որևէ աշխատանքի ընդունվել: Բայց երբ հայրը վազելով նրան ընդառաջ է գալիս, որդին ցնցվում է: Եվ մարդն ասում է ինքն իրեն. «Ես երբեք այլևս չեմ անի այդպես, ես չեմ դավաճանի այդ սերը»:

Սիրո մեջ պայմաններ լինել չեն կարող: Սերը միակողմանի շարժում է: Սերը փոխադարձ սկզբունքով չի գործում: Սերը կախված չէ փոխադարձ լինելուց: Մարդկային սերը հիմնվում է միայն փոխադարձ լինելու վրա: Դա անգամ սեր չէ, այլ որոշակի արդարության սկզբունքով խաղ. «տուր, որ տամ»: Մարդիկ հավասարեցնում են կշեռքը: Դա սեր չէ: Չէ՞ որ Աստված բարի է չարերի ու բարիների հանդեպ, իսկ դա պրակտիկ չէ, անիրատեսական է, ոչ տրամաբանական: Աստված Իր սերը մեր հանդեպ ապացուցեց այն բանով, որ Ինքը մահացավ մեզ համար, երբ մենք դեռ մեղավոր էինք, իսկ դա բառացիորեն նշանակում է, որ Նա ոչ մի փոխադարձ բանի ակնկալիք չուներ. Նա սիրում էր մարդուն, երբ վերջինիս մտրակի հարվածները կտրում էին Իր Որդու ջլերը: Նա, միևնույն է, սիրում էր: Մարդը ինքնուրույն նման բանի ունակ չէ:

Սիրո խնդիրն այն չէ, որ քեզ սիրեն: Սիրո խնդիրն այն է, որ դու չունես սիրո օբյեկտ: Քեզ անհրաժեշտ է անպայման այդ սերը կիսել, որովհետև դու, որպես սեր, մահանում ես: Այն կա մինչև այն պահը, երբ կա մեկը, ում պետք է այն տալ: Երբ մարդը ցանկանում է, որ իրեն սիրեն, դա եսասիրության խնդիր է: Իսկ սիրո խնդիրը դրսևորվում է այն ժամանակ, երբ մարդը փնտրում է սիրո օբյեկտ, մեկին, ում հետ կկիսվի իր զգացմունքների լեցունությամբ: Նման խնդրի առջև կանգնած էր Աստված, և Նա ելք գտավ դրանից՝ արարելով մարդուն: