Զոհաբերություն

Երբ ծնողներն ունենում են երեխաներ, արդյոք երեխանե՞րն են գնում աշխատանքի, որպեսզի ծնողներին սնունդով ու տանիքով ապահովեն: Ո՛չ: Երեխաները չեն պահում ծնողներին, չէ՞, այլ ծնողները երեխաներին:

Երեխաները չեն զոհաբերում իրենց հետաքրքրությունները, ժամանակն ու գումարները՝ հանուն ծնողների, այլ ծնողներն են զոհաբերում՝ հանուն իրենց երեխաների: Այսպես է կյանքի դրվածքը: Հասուն մարդիկ զոհաբերում են ոչ հասուն մարդկանց համար: Մեծերը զոհաբերում են փոքրերի համար:

Եկեղեցում էլ է այդպես: Հասուն քրիստոնյան չի պահանջում, որ եկեղեցում ամեն բան լինի իր ճաշակով, այլ ուրախությամբ հրաժարվում է իր նախասիրություններից՝ հանուն նորեկների: Իր հասունությամբ նա հասկանում է, որ ոչ թե ինքն է կարևոր, այլ Քրիստոսը: Եվ հասուն քրիստոնյայի պատասխանատվությունն է՝ զոհաբերել իր հետաքրքրությունները՝ հանուն համայնքի առաջընթացի:

Օրինակ, շատերը եկեղեցում դժգոհում են փառաբանության երաժշտության բարձր կամ ցածր լինելուց, աշխույժ կամ հանդարտ լինելուց: Բայց Աստվածաշնչում գրված չէ, թե ինչպիսին պետք է լինի երկրպագության ձևը, ինչ երաժշտական ոճի մեջ: Դա նախասիրության հարց է ընդամենը: Աստված ուղղակի ուրախություն է գտնում Իրեն երկրպագելու մեր ցանկության մեջ:

Եվ հաճախ մեզ համար հարցը ոչ թե երկրպագության մեջ է, այլ նախասիրության: Երբ մեր նախասիրությունները անտեսվում են, մենք ձգտում ենք հեռանալ եկեղեցուց: Լավ է, որ մեր ծնողները չհեռացան մեզնից՝ մեր հետ կապված խնդիրներին նման արձագանք ցուցաբերելով:

Եթե մենք իրոք հասուն ենք Քրիստոսի մեջ, ուրեմն մեզ պետք է անհանգստացնի ոչ թե մեր ցանկությունների բավարարումը, այլ ամենալավ կերպով Ավետարանի տարածումը:

Մեր միսիան անհավատներն են ու ոչ հասուն քրիստոնյաները: Մենք երկրի վրա ենք, որպեսզի դաստիարակենք աշակերտների: Եվ այս նպատակն ավելին է, քան մեր անձնական հետաքրքրությունները: Մենք կարող ենք թաքնվել աստվածաբանական իդեալիզմի մեջ, բայց, վերջիվերջո, հարցը մնում է այսպիսին. արդյոք մենք պատրա՞ստ ենք զոհաբերության գնալ՝ հանուն համայնքի ու հանուն Աստծո փառքի: Եթե՝ ոչ, ապա չարժե ինքներս մեզ քրիստոնյա անվանենք: Մեր հավատքի ամբողջ իմաստն այն է, որ այդ պատմությունը մեր մասին չէ: Նորադարձ քրիստոնյաները չպետք է զոհաբերության գնան հասուն քրիստոնյաների համար: Չպետք է նրանցից դա սպասել:

Զոհաբերել ոչ ոք չի ուզում: Սակայն զոհաբերման գաղափարը շատ քրիստոնեական է: Մենք ապրում ենք անհատականացված աշխարհում, որտեղ ամեն բան գոյություն ունի մեզ համար ու հանուն մեզ: Մենք շրջապատված ենք էգոիզմով լցված հասարակությամբ: Բայց քրիստոնեական համայնքը այսպես չի աշխատում: Այն չի կարող գոյություն ունենալ առանց հասուն մարդկանց, որոնք պատրաստ են մի կողմ դնել սեփական հետաքրքրություններն ու գործել հանուն համընդհանուր բարիքի:

Հարցը միայն սա է. ինչպիսի՞ն եք դուք: Արդյոք բավարար հասունություն ունե՞ք, որպեսզի ծառայեք ձեր քրիստոնյա քույրերին ու եղբայրներին, ովքեր ամեն բան չէ, որ անում են այնպես, ինչպես դուք կցանկանայիք: Թե՞ դուք, միևնույնն է, ուզում եք, որ ամեն բան լինի ձեր ուզածով:

 Թայլեր Էդվարդս