Այսօր Բողոքական եկեղեցիների հիմնադրման օրն է

Այսօր բողոքական եկեղեցիների հիմնադրման օրն էԱյսօր Բողոքական եկեղեցիների «ծննդյան տարեդարձն» է:

1517թ-ի հոկտեմբերի 31-ին  Մարտին Լյութերը գերմանական Վիտենբերգ քաղաքի եկեղեցու դռներին փակցնում է «95 թեզիսներ՝ ընդդեմ ինդուլգենցիաների» (եկեղեցական թուղթ, որը գնելով, հավատացյալները եկեղեցու կողմից ստանում էին մեղքերի թողություն):

Այդ ժամանակ Լյութերը չէր էլ կարող պատկերացնել՝ ինչպիսի մասշտաբային հետևանքների կարող է հանգեցնել այդ քայլը: Այն արմատապես փոխեց ողջ Եվրոպայի «դեմքը»՝ մեծապես սահմանելով ժամանակակից աշխարհի պատկերը:

Ռեֆորմացիան փոփոխություն բերեց մարդկանց գիտակցության, ստեղծագործության նոր ձևերի մեջ, աշխարհում նրանց տեղի և դերի ընկալումներում:

Եվ բոլոր այս «ցնցումները» տեղի ունեցան մեկ մարդու սկզբունքային վճռականության շնորհիվ, ով ազնիվ էր սեփական խղճի և Տիրոջ առջև: Աստծո կամքի որոնում, նորը տեսնելու և ընկալելու պատրաստակամություն, ինչպես նաև սկզբունքայնություն և խիզախություն՝ սրանք են բարեփոխության հիմնական տարրերը:

Լյութերի դիրքորոշումը լայն աջակցություն գտավ Գերմանիայում. Վիտենբերգի ուսանողներն այրեցին Տետցելի պատասխան թեզիսները: Լյութերը հանդես եկավ ի պաշտպանություն Աստվածաշնչի բացարձակ հեղինակության, միայն անձնական հավատի հիման վրա արդարանալու և փրկվելու, ինչպես նաև համընդհանուր քահանայության հիմնադրույթների:

Նշենք, որ Բողոքական հարանվանություններն այս կամ այն չափով ներկայացված են աշխարհի գրեթե բոլոր երկրներում, այդ թվում նաև ԱՊՀ պետություններում: Ներկայումս բողոքականությունն իր հետևորդների թվով (նորագույն տվյալների համաձայն` ավելի քան 800 մլն մարդ) աշխարհում զիջում է միայն Կաթոլիկ եկեղեցուն:

Սակայն ի տարբերություն վերջինի` բողոքականությունում որպես այդպիսին մեկ կենտրոն գոյություն չունի, չնայած տարբեր հարանվանություններ ձևավորել են տարածաշրջանային և համաշխարհային մասշտաբի միավորումներ, որոնք ներկայացված են նաև Եկեղեցիների համաշխարհային խորհրդում (ԵՀԽ):

Ընդ որում, ԵՀԽ-ի երկու ղեկավար պաշտոններից մեկում (գլխավոր քարտուղար) ավանդաբար ընտրվում է որևէ Բողոքական եկեղեցու ներկայացուցիչ:

Ռեֆորմացիայի օրվա կապակցությամբ CrossNews.am լրատվական կայքը շնորհավորում է ամբողջ աշխարհի Բողոքական եկեղեցիների քրիստոնյաներին: