Վերջին նամակը

Այս նամակը գրել է անգլիացի հայտնի քարոզիչ Քրիստաֆոր Լավի կինը՝ ամուսնու մահապատժի նախորդ օրը: Այս երիտասարդ կինը մի քանի ամսից պետք է երեխա ունենար, երբ նրա ամուսնուն Ավետարանը քարոզելու համար ձերբակալում և դատապարտում են մահապատժի:

«Մինչ ես կգրեմ հաջորդ խոսքը, խնդրում եմ, Քրիստաֆո՛ր, մի մտածիր, որ քեզ գրում է կինդ: Մտածիր այն մասին, որ քեզ գրում է ընկերդ: Ես հույս ունեմ, որ դու ազատորեն քո կնոջն ու երեխաներին Աստծուն ես հանձնել, Ով Երեմիայի 49.11-ում ասում է. «Թող տուր քո որբերին, ես նրանց կպահեմ. և քո որբևայրիքը թող ինձ ապավինեն»:

Քո Արարիչը կլինի ինձ Ամուսին և Հայր՝ քո երեխաներին: Թող Տերը պահպանի քեզ գեթ մեկ տխուր մտքից՝ կապված ընտանիքիդ հետ: Ես ցանկանում եմ ազատորեն հանձնել քեզ մեր Հոր ձեռքերի մեջ ու նայել Քրիստոսի համար քո մահվանը՝ ոչ միայն որպես փառքի պսակ քեզ համար, այլև որպես պատիվ ինձ համար, որ իմ ամուսինը պետք է Քրիստոսին:

Ես թույլ չեմ տա խոսել քեզ հետ անասելի կորստի մասին, նույնիսկ իմ սրտում նման մտքի տեղի չեմ տա: Դրա փոխարեն՝ ես իմ հայացքը լիովին ուղղում եմ դեպի քո աննկարագրելի ձեռքբերումը: Դու թողնում ես քո երեխաներին, քույրերին, եղբայրներին, որպեսզի գնաս Տեր Հիսուսի՝ քո ավագ Եղբոր մոտ: Դու թողնում ես ընկերներիդ երկրի վրա, որպեսզի միանաս սուրբերի ու հրեշտակների վայելքին: Դու թողնում ես երկիրը, որպեսզի ժառանգես Երկինքը: Դու փոխանակում ես բանտը դղյակի հետ:

Եթե աշխարհիկ ցանկությունները սկսեն գլուխ բարձրացնել քո մեջ, հուսով եմ, որ շնորհի Հոգին, որ քո մեջ է, կհանդարտեցնի դրանք: Իմանալով, որ ամեն բան երկրի վրա ընդամենը աղբ է այն ամենի հանդեպ, որ երկնքում է, վստահ եմ, որ դու քո հայացքը ձգում ես դեպի այնտեղ՝ փառքի պսակին, Քրիստաֆո՛ր: Դա կտա քեզ ուժ՝ ավելի բարձր լինելու երկրային կորուստներից: Թանկագի՛նս, ես գիտեմ, որ Աստված պատրաստել է քեզ համար փառք և քեզ է պատրաստել փառքի համար: Ես վստահ եմ, որ քո ճանապարհը դեպի այդ վայելքը Նա կդարձնի քաղցր:

Երբ վաղն առավոտյան սկսես հագնվել, մտածիր այն մասին, որ հագնում ես քո հարսանեկան զգեստը, որպեսզի հավերժ ամուսնանաս քո Փրկչի հետ: Եվ երբ մահվան սուրհանդակը գա քո հետևից, թող նա քեզ համար սարսափելի չթվա, այլ նայիր նրան՝ որպես հավիտենական կյանքի մասին ազդարարողի:

Երբ բարձրանաս պատվանդանին, մտածիր, ինչպես ինձ ասել էիր ինքդ, որ բարձրանում ես կրակե կառքի վրա, որը կտանի քեզ Հայրական տուն: Երբ դնես քո թանկագին գլուխը, որպեսզի ընդունես հարվածը, հիշիր՝ ինչ էիր ասում ինձ. «Թեկուզ գլուխս առանձնացված կլինի մարմնիցս, բայց հենց այդ նույն պահին իմ հոգին կմիանա իմ Գլխի՝ Տեր Հիսուսի հետ:

Թեկուզ դա դառը մի բան կթվա, որ ես թողնում եմ այս երկրային կյանքը ավելի վաղ, քան ինքս կցանկանայի, եկ խոստովանենք, որ դա մեր երկնայի Հոր կամքն ու հրամանն է: Կանցնի շատ քիչ ժամանակ, երբ մենք նորից միասին կլինենք երկնքում»: Քրիստաֆո՛ր, արի այս խոսքերով մխիթարենք միմյանց:

Մի անհանգստացիր, սիրելի՛ս, ընդամենը մեկ հարված, և դու կլինես այնտեղ, որտեղ հոգնածները հանգիստ են գտնում, որտեղ չարը դադարում է այլևս ցավ պատճառել: Հիշիր, որ դու վայելելու ես քո քաղցր ընթրիքը Քրիստոսի հետ:

Սիրելի՛ս, ես գրում եմ այս նամակը ոչ նրա համար, որ քեզ սովորեցնեմ, այլ որովհետև սա մխիթարություն է, կատարվելիքի այս հեռանկարը ես ստացել եմ Տիրոջից, երբ դու էիր ինձ սովորեցնում: Ես այլևս չեմ գրի ու չեմ անհանգստացնի քեզ այս կյանքում, դրա փոխարեն հավատքով հանձնում եմ քեզ Աստծո ձեռքերի մեջ, Ում հետ ես և դու հավետ միասին կլինենք: Հաջողություն, թանկագի՛նս: Ես այլևս երբեք չեմ տեսնի քո երեսը մինչև այն օրը, երբ մենք միասին կտեսնենք մեր Տեր Հիսուսի երեսը. այն մեծագույն օրը:

1651թ