Սովորում ենք աղոթել. հաղորդակցություն Աստծո հետ

Սովորում ենք աղոթել. հաղորդակցություն Աստծո հետ«Եվ սրանից հետո եղավ որ Դավիթը Տիրոջը հարցրեց և ասաց. Վեր գնա՞մ Հուդայի քաղաքների մեկը։ Եվ Տերը նրան ասաց. Վեր գնա։ Եվ Դավիթն ասաց. Ո՞ւր վեր գնամ։ Եվ նա ասաց. Քեբրոն» (Բ Թագավորաց 2.1)։

Ինչպե՞ս կարող է մարդն այսպիսի մտերիմ հարաբերություն ունենալ Աստծո հետ՝ հարցնել ու ստանալ պատասխան, կրկին ճշտել ու ստանալ անգամ մանրամասների մասին ցուցումներ: Հնարավո՞ր է արդյոք նման մտերմություն Աստծո հետ: Դավիթն ուներ այս մտերմությունը:

Նա հարցնում էր և ստանում պատասխաններ: Դավթի աղոթքի կյանքը Տեր Աստծո հետ հաղորդակցության կյանք էր: Ինչպե՞ս կարող ենք մենք նմանատիպ հաղորդակցություն ունենալ մեր աղոթքների մեջ: Աստծո հետ հարաբերության մեջ մի կարևոր որակ կա, որն ուներ Դավիթը: Աստծո հետ մտերմության մեջ մի կարևոր պայման կա, որին մենք՝ ժամանակակից քրիստոնյաներս, ուշադրության գրեթե չենք արժանացնում: Աստծո հետ մտերմության կարևորագույն որակը Նրա բարեհաճությանն արժանանալն է: Դավիթն ուներ Աստծո բարեհաճությունը: Տերը Դավթին նկարագրում է որպես Իր սրտի համեմատ մարդ:

Մենք սովոր չենք ԱՐԺԱՆԱՆԱԼ բառին: Մենք սովոր ենք պնդել, թե մենք ոչ մի արժանիք չունենք ու ամեն բան Աստծուց է կախված՝ եթե Նա կամենա, կմոտենա մեզ ու կխոսի, իսկ եթե ոչ՝ կլռի: Սա ճշմարիտ է, սակայն՝ կես ճշմարտություն: Կես ճշմարտություններն ավելի մոլորեցնող են, քան բացահայտ ստերը: Մենք մեր արժանիքներով չենք կարող մոտենալ Աստծուն: Մենք ոչ մի արժանիք չունենք Աստծո փրկությունն ու շնորհն ընդունելու համար:

Տերն այս ամենը տալիս է մեզ որպես պարգև, որպես մեծ ողորմություն, որպես Իր անսահման սիրո գթառատ դրսևորում: Սակայն Տիրոջ յուրահատուկ մտերմությունն Իր բարեհաճությունն ունեցողների հետ է: Կան որակներ փրկությունն ու շնորհն ընդունած հավատացյալների մոտ, որոնք վերջիններիս ավելի են մոտեցնում Աստծուն: Կան գործեր ու փափագներ, ջանք ու ձգտումներ, որոնք մարդուն արժանացնում են Աստծո բարեհաճությանը: Աստծո բարեհաճությունը շնորհի պես չէ: Այն չի տրվում ձրիաբար:

Աստծո բարեհաճությունը ձևավորվում է հավատացյալի կողմից իր Տեր Աստծո, Նրա Խոսքի, Նրա սկզբունքների ու Նրա գործի հանդեպ ունեցած վերաբերմունքի արդյունքում: Դավիթն ուներ Աստծո բարեհաճությունը: Դավիթն Աստծո սրտի համեմատ մարդ էր: Դավիթն աղոթում էր, իսկ Աստված՝ պատասխանում և պատասխանում անգամ մանրամասները ճշտող հարցերին: Իսկ մենք փափագո՞ւմ ենք Տիրոջ բարեհաճությանն արժանանալուն: Սովորե՛նք աղոթել:

Տեր Հիսուսի անունով Տեր Աստծո բարեհաճությանն արժանանալու փափագ և Նրա հետ խորը մտերմության տանող իմաստություն եմ հռչակում այս գրառումը ընթերցողների կյանքում: Եղեք օրհնված:

Արման Մանուկյան