Գարու հաշիվը. Վարդան Այգեկցի

Մի մարդ կալից գրաստով գարի էր կրում տուն: Քուռակը մոր հետ գնում էր և հետ դառնում: Իսկ տանը, ուր կրում էին գարին, մի խոզ կար կապած, որին գիրացնում էին: Եվ գարին անպակաս էր նրանից, որպեսզի ուտեր ու գիրանար:

Մի անգամ քուռակն ասաց մորը. «Ինչո՞ւ համար այն խոզը առանց աշխատանքի ուտում է գարին, որ մենք կրում ենք մեծ դժվարությամբ, և մեզ, որ չարչարվում ենք՝ օրը մի անգամ են գարի տալիս»:

Մայրն ասաց. «Լսի՛ր, որդյակ, մի շաբաթ ևս համբերիր, և ապա ես քեզ պատասխան կտամ. քո աչքերով կտեսնես»:

Մի շաբաթ հետո էշը և քուռակը բեռով տուն էին գալիս, քուռակը մորից առաջ էր գնում և լսեց խռնչոցի մի մեծ ձայն, որովհետև խոզին մորթում էին: Եվ խրտնեց քուռակը, հետ փախավ դեպի մայրը, իսկ մայրն ասաց. «Ի՞նչ եղավ քեզ, որդյա՛կ, որ սոսկում ես, մի վախեցիր խոզից, որովհետև նրանից գարու հաշիվն են ուզում»:

Դարձյալ եկան կալը՝ գարի կրելու: Եվ երբ բարձած վերադարձան տուն, քուռակը, բարձրացնելով ոտքի սմբակը, մորն ասաց. «Ո՛վ մայր, տես, թե ոտքիս չի՞ մնացել գարու մի հատ, որ ինձնից էլ հաշիվ չուզեն, ինչպես խոզից»: