Հոկտեմբերի 25-ը` քրիստոնեության պատմության մեջ

Հոկտեմբերի 25-ը` քրիստոնեության պատմության մեջՀարստություն, ճանաչում, սպասավորներ, ընթրիքներ, երեկույթներ, ադամանդակուռ զգեստներ. սա այն ամենն է, ինչ ուներ Էմման:

Ամուսնու` Սիդնի Ուիթթմորի հետ նա տեղափոխվում է Նյու Յորք՝ կազմելով տեղի էլիտայի մի մասը: Ապրում էին շքեղ կյանքով` չմտածելով երբևէ, որ ինչ-որ բան, այնուամենայնիվ, պակաս է իրենց կյանքում:

Մի անգամ Էմմայի ընկերներից մեկը նրան եկեղեցական ծառայության է հրավիրում: Պատահաբար այնտեղ  է հայտնվում նաև ամուսինը՝ Սիդնին, առանց պատկերացում ունենալու, որ կինը նույնպես եկեղեցում է: Ուղերձից ցնցված՝ ամուսինները թողության աղոթք են անում և իրենց կյանքն Աստծուն նվիրում:

Շուտով Էմմայի ընկերուհին հորդորում է նրան մասնակցել Ջերրի Մակոլիի նորաբաց առաքելությանը: Ամուսինը դժկամությամբ է թույլ տալիս կնոջը մասնակցել հավաքույթին, քանի որ ճանապարհը դեպի այնտեղ Նյու Յորքի ամենավտանգավոր թաղամասերով էր անցնում. ամեն քայլափոխին սարսափ էր՝ հնչում էին հայհոյանքներ, կռիվներ, կանայք, թմրանյութերի ազդեցության տակ, պարզապես ընկած էին փողոցում…

Բայց ժամանակի ընթացքում ամուսինները համակերպվում են այդ ամենին՝ գիտակցելով, որ այսուհետ ապրելու են Աստծո փառքի համար:

Մի երեկո էլ, երբ Էմման խորհում էր, թե որն է իր անելիքը, հանկարծ միտքն են ընկնում փողոցում կանգնած աղջիկները, սակայն այդ քմահաճ կանանց հետ աշխատելու միտքը սարսափեցնում էր նրան. «Օ՜, միայն ոչ սա…»,- աղաչում էր նա:

Շատ չանցած ամոթահար մի լռություն է համակում Էմմային. նա վճռում է վարվել այնպես, ինչպես Տերն էր կամենում:

Հետագայում Էմման շատ անգամներ է փորձում թողնել այդ ծառայությունը, սակայն ամեն անգամ Աստված լցնում էր նրան նոր ուժով և սիրով:

1890թ-ի այս օրը՝ հոկտեմբերի 25-ին, բացվում է Մայր Ուիթթմորի առաջին «Հույսի դուռ» կազմակերպությունը: 4 տարվա ընթացքում հաջողվում է օգնել շուրջ 325 աղջկա:

Աստիճանաբար  «Հույսի դուռ»-ը միջազգային ճանաչում է ձեռք բերում:

Իսկ Էմմայի մահվան պահին՝ 1931թ-ին, արդեն 97 տուն էր գործում` 7 տարբեր երկրներում:

Աղբյուր՝ christianity.com