Հմուտ վարպետը

Հմուտ վարպետըՔայլում էի փողոցով, նայում ու մտածում. «Արդյոք ո՞վ է այս Վարպետը, ո՞ւմն են այս հրաշալի ձեռքերը, որ ստեղծել են այս ամենը` անտառ, թռչուններ, կենդանիներ ու այս գեղեցիկ շենքերը:

Ես շատ եմ ուզում տեսնել այդ մեկին և ծանոթանալ նրա հետ, բայց որտեղի՞ց գտնեմ նրան և ո՞ւր գնամ: Միգուցե հարցնեմ այ այս մարդո՞ւն: Ինչ էլ շքեղ մեքենա ունի»:

 – Ներեցե՛ք, պարո՛ն: Ես ուզում էի ծանոթանալ այն մեկի հետ, ով ստեղծել է այս ամենը և կառուցել այս գեղեցիկ շենքը:
– Հը՜մ, – քմծիծաղ տվեց մեքենայի միջից,- այս շենքը ինքս եմ կառուցել, բայց մի քեզ նայիր: Ինչպե՞ս ես ուզում ծանոթանալ ինձ հետ: Դու փող չունես: Գնա և քեզ համար մի ուրիշ ընկեր փնտրիր: Ասաց ու այնպիսի մեծ արագությամբ մեքենան շարժեց տեղից, որ մի պահ շփոթվեցի: Ես հասկացա, որ այդ պարոնը նման չէ այն մեկին, ով կարող էր ստեղծել ամեն ինչ:

Ես շարունակեցի որոնել այդ հրաշագործ ձեռքերի տիրոջը: Բայց որոշեցի, որ էլ ոչ մի մարդու չեմ հարցնի: Քայլում էի ամենուր և ինչքան շատ էի շրջում, ինչքան շատ էի տեսնում բնության գեղեցկությունը, այնքան էլ ավելի էի փափագում գտնել այդ ամենը արարողին: Կարծես մի նոր ուժ ստացած` առաջ էի գնում, բայց մինչև ուր, ես էլ չգիտեի ու չգիտեի ինչու, բայց համոզված էի , որ անպայման կգտնեմ նրան:

Ուզում էի մի պահ պատկերացնել, թե ինչպիսին կլինեն այդ ձեռքերը, բայց չէր ստացվում: Ու ես շարունակ քայլում էի ու քայլում` արհամարհելով սովն ու հոգնածությունը:

Հանկարծ հեռվում երևաց մի խիտ անտառ, որի գեղեցկությունն աննկարագրելի էր: Ես մտածեցի, որ այդ ինչ-որ մեկը հաստատ այստեղ է ապրում, և ուրախությունից սկսեցի վազել:

Վերջապես անտառում էի: Այնքան գեղեցիկ էր ամեն ինչ` կենդանիների ձայները, թռչունների անուշ երգն ու ծլվլոցը, ծաղիկների աննկարագրելի բուրմունքը և, վերջապես, հոսող փոքրիկ առուն, որը իր չտեսնված մաքրությամբ ու քչքչոցով գրավում էր ինձ:
Նստեցի, որ հանգստանամ: Մի քիչ այն կողմ` ծառի վրա, նկատեցի մի քանի կապիկների, որոնք ուրախ խաղում էին իրար հետ: Որոշեցի, որ նրանց հարցնեմ, մի գուցե նրանք օգնե՞ն ինձ:

 – Կապիկնե՛ր,- բացականչեցի ես: Նրանք բոլորը կանգնեցին և շատ հետաքրքիր հայացքներով նայեցին ինձ: – ներեցեք, կապիկնե՛ր, ես որոնում եմ այն մեկին, ով ստեղծել է ամեն ինչ` այս անտառը, ինձ և ձեզ:

Ես շարունակում էի խոսել,  բայց կապիկները անշարժացած նայում էին ինձ ու ոչինչ չէին ասում: Հանկարծ միանգամից նայեցին իրար և կարծես… ինձ վրա սկսեցին ծիծաղել: Մեծ արագությամբ վեր ու վար էին անում, կախվում ճյուղերից ու ինչ-որ բաներ էին պոկում ծառից՝ նետելով դեպի ինձ: Ես հազիվ փախա այդտեղից: Գիտե՛ի, որ կապիկները չհասկացան ինձ, բայց նրանք իրար ընկերներ էին և շատ ուրախ էին: Իսկ ես մենակ էի: Մի պահ տխրեցի, և ակամայից աչքերս արտասուքով լցվեցին, ու ինձ վրա մի հայացք զգացի: Աչքերս բարձրացրեցի՝ հազիվ զսպելով արցունքներս ու տեսա այն կապիկներից մեկին, որը զարմացած ուշադիր ինձ էր նայում:

Ապա շարունակեցի քայլել անտառի միջով: Քայլում էի ու անընդհատ մտածում այդ ինչ-որ մեկի մասին, թե արդյոք ո՞վ է և ինչպիսի՞ն է նա:
Հետզհետե սկսեց մթնել, ու մթության հետ իմ տխրությունը կարծես կրկնապատկվեց: Ես արդեն որոնում էի մի հարմար տեղ, որտեղ կկարողանայի գիշերել: Վերջապես գտա մի հսկա ծառ, որի մեջ մի մեծ փչակ կար: Որոշեցի հենց այդտեղ էլ գիշերել: Շատ էի հոգնել և, բացի հոգնելը, նաև ահավոր սոված էի:

Հանկարծ ծառի վրա տեսա այն կապիկին, որն ուշադիր ինձ էր նայում: Նրա ձեռքին մի քանի բանան կար, որից մեկը ինքն էր ուտում: Ես սոված աչքերով նայեցի նրան: Եվ հանկարծ, ի զարմանս ինձ, կապիկը բանանները շպրտեց դեպի իմ կողմը, իսկ այն մեկը ուտելով հեռացավ: Հիմա էլ աչքերս ուրախությունից լցվեցին:

Վերցրեցի բանանները և սկսեցի այնպես ուտել, կարծես կյանքումս բանան կերած չլինեի: Ու մտածեցի, որ այն հմուտ Վարպետը, որ հրաշագործ ձեռքեր ունի, նա հետևում է ինձ, և նա է ուղարկել կապիկին, որ ինձ համար ուտելիք բերի: «Բայց ինչո՞ւ է թաքնվում. մի՞ թե չի տեսնում, որ իրեն եմ փնտրում և ուզում եմ ընկերանալ իր հետ»:

Ուտելուց հետո ես բացականչեցի.
– Շնորհակա՜լ եմ քեզնից, հմու՛տ Վարպետ:
Չգիտեմ ինչու, բայց համոզված էի, որ նա լսեց ինձ: Քիչ անց արդեն տեղավորվել էի փչակում, որը բավականին հարմար էր:
Փչակի միջից երևում էին բվերի աչքերը, որոնք փայլում էին մթության մեջ: Իսկ երկնքում շողում էին աստղերը, և մերթընդմերթ փայլատակող ասուպներ էին երևում՝ թողնելով իրենց լուսե հետագիծը: Ես երբեք չէի տեսել այդպիսի գեղեցիկ գիշեր ու ակամայից նորից սկսեցի մտածել այդ հմուտ Վարպետի մասին: «Արդյոք կգտնե՞մ նրան, թե՞ իզուր են իմ այսքան որոնումները: Ո՛չ, ես համոզված եմ, որ անպայման կգտնեմ նրան, ու իզուր չեն լինի այսքան փնտրտուքները»:

Աչքերս այնքան էին ծանրացել, որ չհասկացա, թե ինչպես փակվեցին, ու ես քնեցի: Եվ ի՜նչ: Ես տեսա մի չտեսնված ձեռքեր, որոնք աննկարագրելի էին և նման չէին սովորական ձեռքերի: Ու տեսա այդ անծանոթ մեկին՝ այդ հմուտ Վարպետին: Նա այնքա՜ն գեղեցիկ էր ու փայլում էր ավելի վառ, քան արեգակը: Բայց… հանկարծ բռնեցին նրան, կապեցին և սկսեցին գոռալ՝ ասելով.
– Խաչեցե՛ք դրան:
Այդ աղաղակը կարծես մի ոռնոց լիներ:
– Օ՜, ո՛չ, թողե՛ք նրան,- բացականչեցի ես,- նա իմ ընկերն է, ի՞նչ եք անում, բա՛ց թողեք,- բայց ոչ ոք ինձ չէր լսում:
Նրան ծեծեցին, թքեցին նրա վրա ու գլխին մի փշե պսակ դրեցին և քարշ տվեցին դեպի մի բարձունք: Այդքանը քիչ էր, մի մեծ խաչ էլ դրեցին ուսին:
Ես լաց էի լինում: Վերջապես գտել էի այդ հմուտ Վարպետին, բայց կարծես ուշացել էի և երևի հենց ես էի մեղավոր, որ այդպես էին վարվում նրա հետ: Ակամայից հիշեցի մի պատմություն՝ Հիսուսի մասին, որ իմ տատիկն էր պատմում:
Այն շատ էր նման այս դեպքին:

Նրան գամեցին խաչին ու այնպես էին վարվում նրա հետ, ինչպես կվարվեին մի մարդասպանի հետ: Բայց ես լսում էի բազմաթիվ լացող ձայներ նույնպես, որոնք, այո՛, «Հիսուս» են բացականչում: Մի՞թե սա այն պատմությունը չէր, որ իմ տատիկն էր պատմում, մի՞ թե այդ հմուտ Վարպետը հենց Հիսուսն էր, ով ստեղծել է ամեն ինչ, և մի՞ թե այդ հրաշագործ ձեռքերը Հիսուսինն էին: Բայց ինչո՞ւ էին խաչում նրան:

– Խնդրո՜ւմ եմ, բաց թողեք նրան,- նորից բացականչեցի ես, բայց դարձյալ իզուր էր իմ աղերսանքը: Եվ կատարվեց ամենաահավորը: Մեխերով գամեցին նրան խաչին, ու այն սքանչելի հրաշագործ ձեռքերը արյունոտվեցին:
Բայց այդ դաժան ցավերի միջից սեր էր բխում Հիսուսի դեմքից: Թեպետ Նա չէր խոսում, բայց Նրա հայացքը խոսում էր ինձ հետ և կարծես ասում.

 – Ես սիրում եմ քեզ և այդ սիրուց էր, որ Ես խաչվեցի:
– Ա՜խ, ինչ է կատարվում: Չէ՞ որ ես չունեմ այդքան արժանիք:
Ու ես շփոթված նայում էի նրան և փորձում էի հասկանալ, թե ինչ էր կատարվում: Շատ բան չէի հասկանում, բայց զգում էի, որ ես եմ մեղավոր, որ այդ հրաշագործ ձեռքերը արյունոտվեցին: Գլուխս կախած ու կարծես անհույս ես չէի կողմնորոշվում, թե ինչ անեմ:

Ու հանկարծ ինչ-որ հեքիաթի նման փոխվեց այն վայրը, որտեղ կանգնած էի: Աչքերս բարձրացրեցի: «Ի՞նչ է սա: Գերեզման,- մտածեցի ես,- բայց դատարկ է այն»: Եվ դարձյալ մի հայացք զգացի ինձ վրա: Անմիջապես շրջվեցի ու քարացա: Ուրախության մի սարսուռ անցավ իմ ամբողջ մարմնով: Անհավատալի էր, բայց ես ճանաչեցի Նրան:

Հիսուսն էր՝ իմ հմուտ Վարպետը: Ես վազեցի ու ամուր գրկեցի Նրան: Հիսուսը դարձյալ քայլում էր նախկինի նման:
Անմիջապես նայեցի Նրա ձեռքերին, տեսա, որ երևում էին այն գամերի թողած հետքերը, որոնք սպիացել էին: Չկարողացա ցսպել արցունքներս: Նորից շփոթված էի ու չեմ կարող նկարագրել, թե ինչ էր կատարվում ինձ հետ:
Հիսուսը նայում էր ինձ ու ժպտում: Ինչպես մի առատ աղբյուր՝ Նրա դեմքից կյանք էր հոսում: Եվ նա խոսեց ինձ հետ՝ ասելով.
– Գնա և հիշիր, որ ես սիրում եմ քեզ և այդ սիրուց էր, որ ես խաչվեցի: Բայց ես կենդանի եմ, ու իմ գերեզմանը, ինչպես տեսար, դատարկ է: Գնա և հիշիր, որ Ես եմ ստեղծել ամեն ինչ՝ անտառներ, թռչուններ, կենդանիներ ու այն գեղեցիկ շենքերը… Եվ հիշիր, որ ես քո կողքին եմ, դու մենակ չես: Ուր էլ գնաս, ես քեզ հետ եմ՝ մինչև աշխարհի վերջը:

Արթնացա, արդեն լուսաբաց էր, օրը պայծառ: Հասկացա, որ երազ եմ տեսել, բայց երազ չէր դա, այլ իրականություն: Վերջապես գտա այն հմուտ Վարպետին՝ հրաշագործ ձեռքեր ունեցողին, ով ստեղծել է այս ամենը:

Անծանոթ Վարպետը, ով արդեն ծանոթ էր ինձ, սիրում էր ինձ և խոստացել էր ինձ հետ լինել մինչև աշխարհի վերջը:
Համոզված էի՝ հենց նա էր ուղարկել այն կապիկին, որը բանաններ բերեց ինձ:

Միանգամից տեղիցս վեր թռա: Չտեսնված ուրախությամբ էր լցվել ներսս: Տուն վերադառնալուց տեսա այն կապիկներին, որոնք նորից խաղում էին միմյանց հետ, և հանկարծ զգացի, որ առաջվա նման մենակ չեմ: Ես ընկեր ունեմ: Հմուտ Վարպետի պարգևած ուրախությունը ծածկել, վերացրել էր տխրությունս:

– Ցտեսությու՜ն կապիկներ,- բացականչեցի ես ու շարունակեցի վազել դեպի տուն: Կարծես փոխվել էր ամեն ինչ:
Որոշեցի անպայման պատմել տատիկիս: Ես պետք է պատմեմ Հիսուսի մասին, և դա պատմություն չէ և ոչ էլ հեքիաթ. Նա կենդանի է, և Նրանով է իմաստավորվել իմ կյանքը: Ու հիմա գիտեմ, որ առանց Հիսուսի անհնար է ապրել:

 – Լսիր, սիրելի՛ս, ես համոզված եմ, որ եթե դու էլ փնտրես Հիսուսին, անպայման կգտնես Նրան, և Նա կայցելի քեզ ու կօգնի քեզ ամեն հարցում, և դու էլ, ինչպես ես, կհասկանաս իմաստը կյանքի, որ հնարավոր չէ ապրել առանց Հիսուսի՝ առանց Հմուտ Վարպետի:

Հայկ Օնանյան