Հայաստանի քրիստոնեական համայնքները. պատմական անդրադարձ

Հայաստանի քրիստոնեական համայնքները. պատմական անդրադարձՉնայած Հայաստանի 1-3-րդ դարերի եկեղեցու մասին բազում տեղեկություններ չկան, այնուամենայնիվ, կան տվյալներ, որոնք խոսում են եկեղեցու գոյության մասին:

Ըստ տեղեկությունների՝ գոյություն ունեին, այսպես կոչված, «եպիսկոպոսական Աթոռներ», որոնց գոյությունն էլ հենց փաստում է քրիստոնեական հզոր համայնքի առկայության մասին:

Ներկայացնենք որոշ փաստեր եպիսկոպոսական Աթոռների մասին:

Ստեփանոս Օրբելյանի «Պատմություն նահանգին Սիսական» աշխատության 6-րդ գլխում կա 1-ին դարում Գողթնի եկեղեցու հիմնադրման ավանդությունը, որտեղ տեղեկացվում է, որ Բարդուղիմեոս առաքյալը Կումսի անունով մեկին ձեռնադրում է՝ որպես Գողթն գավառի քրիստոնեական համայնքի եպիսկոպոս: Կումսիին հաջորդում է Բաբելաս Խուժիկը, որին էլ հաջորդում է Մուշեն: Մուշեն ենթարկվում է հալածանքների:

Հիշատակության է արժանի այն փաստը, որ ըստ պատմիչ Օրբելյանի՝ Հայաստանի Գողթն գավառի 1-ին եպիսկոպոսները (Կումսի, Բաբելաս Խուժիկ) պարսիկներ էին: Օրբելյանի նրանց պարսիկ համարելն էլ հենց վկայում է պատմական ճշմարտության մասին: Հավանաբար, նրանք այն պարսիկներից էին, որոնք ուղեկցել էին Բարդուղիմեոս առաքյալին դեպի Հայոց աշխարհ:

Պահպանվել է նաև 649թ-ին կազմված Արտազ գավառի Աթոռի մի հնագույն գավազանագիրք, որտեղ հերթով ներկայացվում է եպիսկոպոսների մասին:

Ահա մի հատված այդ գավազանագրքից՝ աշխարհաբար թարգմանությամբ. «Թադեոս առաքյալը Արշակունյաց Սանատրուկ թագավորի ժամանակ եկավ Հայաստանի Շավարշան քաղաք և ավետարանական լույսով լուսավորեց այնտեղի հավատացյալներին, իր աշակերտ Զաքարիային ձեռնադրեց քաղաքի եպիսկոպոս և ինքը գնաց երկրի այլ կողմերում քարոզելու բոլոր հեթանոսներին… Նրանից հետո եպիսկոպոս կարգվեց Զեմենտոսը: Նա մոտ 4 տարի հովվեց Քրիստոսի հավատացյալներին ու վախճանվեց…»:

Հատվածում նշվում է Արտազի Աթոռի մի քանի եպիսկոպոսների անունը: Ահա դրանք՝ Զաքարիա (70-71թթ), Զեմենտոս (71 ՎՆ 75թթ), Արտներսեհ (76-91թթ) և այլն: Արտազի վերջին եպիսկոպոսը Ղևոնդիոսն էր (169 ՎՆ 186թթ), որը նահատակվել է Հայոց Վաղարշ 2-րդ թագավորի (169-186թթ)՝ քրիստոնյաների դեմ հարուցած հալածանքների ժամանակ:

Վերոհիշյալ գավազանագրքում խոսվում է նաև Աշտիշատի եպիսկոպոսների մասին: Կարծիք կա, որ Հայաստանում քրիստոնեական առաջին համայնքը կազմվել է ոչ թե Արտազ գավառում, այլ Սանատրուկ արքայի մայրաքաղաք Մծուրքում, իսկ Մծուրքի կործանումից հետո համայնքը տեղափոխվել է Աշտիշատ: Փաստորեն Աշտիշատը ունեցել է հզոր քրիստոնեական համայնք:

Դա է վկայում 4-րդ դարի սկզբին տեղի ունեցած սուրբ Գրիգոր Լուսավորչի ձեռնադրությունը: Ս. Գրիգորը եպիսկոպոս ձեռնադրվեց ոչ թե Հայաստանի այդ ժամանակվա մայրաքաղաք Վաղարշապատում, այլ Աշտիշատում: