Այս օրը պատմության մեջ. Կծառայե՞ս Աստծուն, թե՞ կընտրես զվարճանքներով լի աշխարհը

Այս օրը պատմության մեջ. Կծառայե՞ս Աստծուն, թե՞ կընտրես զվարճանքներով լի աշխարհը«Արդյոք կնվիրե՞ս կյանքդ Աստծուն ծառայելուն, թե՞ կընտրես զվարճանքներով լի աշխարհը».- օպերայի տան շեմին կանգնած՝ Պետրոս Քամերոնը լսում էր այս խոսքերը մի մարդուց, սակայն նրան թվում էր, թե այդ պահին Աստված է իր հետ խոսում:

Նա հասկացավ, որ սա լուրջ վճռորոշ պահ է իր ողջ կյանքի համար, և հենց տեղում որոշում կայացրեց հնազանդվելու Աստծուն ու Նրա կամքին:

Պետրոսը ծնվել էր Շոտլանդիայում, ապա ընտանիքի հետ տեղափոխվել Միացյալ Նահանգներ: Եվ այժմ՝ քսաներկու տարեկանում, նա որոշում է սովորել Նյու Յորքի քրիստոնեական դաշինքի ուսումնական ինստիտուտում:

Պետրոսը, սակայն, շատ անհամբեր էր: Նա որոշում է միսիոներության գնալ Աֆրիկա, որտեղ մարդիկ մահանում էին առանց Քրիստոսի մասին գիտության: Նա հավաքում է 7 համարձակ երիտասարդների, և նրանք միասին ուղևորվում են Կոնգո: Պետրոսի եղբայրը միանում է նրանց, սակայն Աֆրիկայում վարակվում է ծանր հիվանդությամբ ու մահանում: Պետրոսի մոտ նույնպես հայտնաբերվում են առողջական լուրջ խնդիրներ: Պարզվում է, որ նա վարակված է մալարիայով, ինչը ստիպում է նրան մեկնել Անգլիա՝ ապաքինվելու: Ֆիզիկական տկարությունը բերում է ընկճվածություն:

Պետրոսն անվերջ մտածում է, թե ինչպես է վերադառնալու Աֆրիկա: Սակայն Անգլիայում նա բազում գրքեր է կարդում՝ այլ ծառայողների միսիոներական գործունեության մասին: Եվ մեկ անգամ, այցելելով Դեյվիդ Լիվինգսթոնի գերեզմանին՝ Վեստմինսթերյան աբբայությունում, նա կարդում է այս խոսքերը.

«Ես այլ ոչխարներ էլ ունեմ, որոնք այս փարախից չեն, նրանց նույնպե՛ս պետք է բերեմ դեպի ինձ»:

Նա վեր է կենում վճռականությամբ ու հույսով լցված: Վերադառնում է Ամերիկա, հիմնում միսիոներական նոր թիմ և Աֆրիկա վերադառնում այդ նոր թիմի հետ:

Այս օրը՝ 1895 թ-ի հոկտեմբերի 17-ին, նա ժամանում է Մոմբասա, Քենիա: Նա աջակցում է այնտեղ միսիոներական ծառայությունների ստեղծմանը և Ավետարանի տարածմանը: Նրա հերոսական ջանքերի արդյունքում, սակայն, միայն մի քանի աֆրիկացիներ են ապաշխարում: Շուտով Պետրոսը վարակվում է ծանր տենդով ու մահանում մեկ տարի անց՝ դեկտեմբերի 8-ին:

Նրա մահից հետո իր թիմակիցները մահանում են մեկը մյուսի ետևից: Սակայն նոր ծառայողներ են գալիս նրանց փոխարինելու: Նման նվիրումը վերջնականապես բացում ու փոխում է աֆրիկացիների սրտերը:

Որոշ ժամանակ անց Աֆրիկայում, այնուամենայնիվ, տարածվում է քրիստոնեությունը: Քենիան առաջատարն էր. եթե 1900թ-ին քրիստոնյաների թիվն այստեղ 1% էր կազմում, ապա այսօր այն կազմում է 79%: Պետրոս Քամերոնն օգնեց այն սերմերի արմատավորմանը, որոնք հետագայում ծնունդ տվեցին բազում եկեղեցիների:

Աղբյուրը՝ christianity.com