Եթե մենք ցանկանում ենք տեսնել մեր հասարակությունը փոխված…

Ամեն բան այնքան էլ բարդ չէ: Մարդկային էությունը չի փոխվել: Նույնպես չի փոխվել մեղքի էությունը, ինչպես նաև դրա հակաթույնը՝ Հիսուս Քրիստոսի արյունը:

Ավետարանը մինչ այսօր էլ փրկության տանող Աստծո զորությունն է, և եթե մենք ցանկանում ենք տեսնել մեր հասարակությունը փոխված, մեզ անհրաժեշտ է վերադառնալ Ավետարանի հիմքերին:

Իհարկե, ամեն սերունդի մեջ կա կարծիք, որ էականը դա չէ: Մեզ ասում են, որ պետք է հանդուրժող լինել, պետք է հարմարվել ժամանակի փոփոխություններին: Պետք է մշակույթին համընթաց քայլել: Այլապես ոչ ոք չի լսի մեզ:

Իրականում, չնայած մշակութային զգայունությունը միշտ կարևոր է, մարդկանց գրավում է հենց կենդանի Աստծո հետ նոր հանդիպումը: Մարդկանց գրավում է իրական սերը: Ճշմարիտ փոփոխություններ է բերում Ավետարանի ուղերձը, որը քարոզվում է Հոգու զորությամբ:

Մարդկանց բերում է հոգևոր քաղցը

Եկեք անկեղծ լինենք. անտուն մարդիկ անվճար ճաշարան գնում են ոչ այն պատճառով, որ իրենց դուր է գալիս այնտեղ հնչող երաժշտությունը: Եվ ոչ այն պատճառով, որ իրենց սպասարկում են այնտեղ գեղեցիկ հագուստով մատուցողներ: Նրանք գնում են ճաշարան, որովհետև քաղցած են:

Նույնը վերաբերում է հոգևոր իրականությանը:

Ես սեփական աչքերովս տեսել եմ մարդկանց, ովքեր գալիս են աշխարհի 130 երկրներից՝ բոլորովին չգովազդվող ավետարանական հավաքույթների, որտեղ ուղղակի Սուրբ Հոգու շարժ կա: Նրանց գրավում է հոգևոր քաղցը:

Ես իմ աչքերով տեսել եմ մարդկանց, ովքեր 12 ժամ հերթ էին կանգնում առավոտյան ժամը 6-ից մինչև երեկոյան ժամը 6-ը՝ սպասելով, թե երբ կբացվեն եկեղեցու դռները: Նրանք ցանկանում էին հայտնվել 5-ժամյա աղոթքին: Նրանց բերել էր հոգևոր հուսահատությունը, ոչ թե հայտնի քարոզիչները, մեծ երաժիշտները կամ գեղեցիկ շինությունները:

Աստծո հետ հանդիպման որոնումը

Մարդիկ հուսահատ ձևով փնտրում են նոր հանդիպում (կամ առաջին հանդիպում) Աստծո հետ:

Միայն Հիսուսը կարող է նման կերպ գրավել մարդկանց: Միայն Հոգու հրաշագործ զորությունը կարող է շատ մարդկանց բերել:

Արդյունավետ ծառայության համար մեզ անհրաժեշտ չէ իմանալ ամենամեծ ժողովրդականություն վայելող ֆիլմերը, արդի քաղաքական թեմաները կամ ամենամեծ ժողովրդականություն վայելող տեսանյութերը YouTube-ում: Բայց մեզ անհրաժեշտ է իմանալ Հիսուսին:

Եթե մենք իսկապես գիտենք Աստծուն, ուրեմն կարող ենք Նրան հայտնի դարձնել: Եվ երբ մարդիկ իսկապես ճանաչում են Նրան, ուրախությամբ թողնում են ամեն բան՝ գնալու Նրա հետևից: Սա վերաբերում է ամեն սերնդի, ամեն մշակույթի, ամեն ազգության, ամեն տարիքի մարդկանց:

Սրտի ամենախորը հիվանդության համար լավագույն դեղամիջոցը

Հենց այդ պատճառով է, որ եթե թմրամոլները ազատագրվում են, եթե ինքնասպանության մասին մտածողները հույս են ստանում, իսկ նրանց ընկճախտը վերանում է, եթե հիվանդ մարմինները բժշկվում են, կոտրված կյանքերը վերականգնվում են, ուրեմն մարդիկ բազմությամբ գալու են:

Մենք կարող ենք սա նկատել բժշկության մեջ: Ընտանիքը ոչինչի առջև չի կանգնի՝ գտնելու բուժման նոր մեթոդ՝ սիրելի մարդուն փրկելու համար: Նրանք կվաճառեն վերջինը և կգնան մինչև երկրի ծայրը՝ բռնվելու հույսի մի բարակ թելից:

Բայց մենք ունենք մարդկային սրտի ամենախորը հիվանդության լավագույն դեղը: Մենք ունենք հավատարիմ, հստակ ու հավիտենական հույս: Մենք ունենք փորձված ուղերձ, որն ունակ է վերականգնելու ամուսնությունը, պահպանելու պատանուն ինքնաոչնչացումից և վերադարձնելու կյանքի իմաստը:

Ոչինչ չունի նման զորություն, ինչպես Հիսուսի Ավետարանը: Իսկ եթե մենք աջակցենք այդ ուղերձին հետևողական, ջերմ աղոթքով, ոչինչ չի կանգնեցնի մեզ:

Ինչպես ասել է Է. Մ. Բաունձը ավելի քան 100 տարի առաջ. «Եկեղեցին այսօր կարիք ունի ոչ թե ավելի մեծ կամ լավագույն մեխանիզացիայի, ոչ թե նոր կազմակերպությունների կամ նորագույն մեթոդների, այլ տղամարդկանց (և կանանց), ում Սուրբ Հոգին կկարողանա օգտագործել»:

Իհարկե, մենք կարող ենք անել ավելին, քան պարզապես աղոթելն ու քարոզելը: Մենք կարող ենք ծառայել: Մենք կարող ենք սիրել: Մենք կարող ենք կանգնել: Մենք կարող ենք բարձրաձայն հայտարարել: Մենք կարող ենք գործել: Մենք կարող ենք շատ բան անել հասարակության մեջ դրական փոփոխություններ բերելու համար:

Բայց, կրկնվեմ, չկա ավելի զորավոր բան, քան Հիսուս Քրիստոսի Ավետարանը: Եվ եթե մենք ցանկանում ենք մեր երկիրը տեսնել փոխված, ապա պետք է վերադառնանք Ավետարանի հիմքին:

Դուք ինձ հե՞տ եք:

Մայքլ Բրաուն