4 հոգևոր քայլ, երբ հիասթափված եք

Մենք բոլորս բախվում ենք հիասթափության կյանքի տարբեր բնագավառներում: Սա լուրջ խնդիր է շատ մարդկանց կյանքում, և քրիստոնյաներն այս հարցում բացառություն չեն: Բայց այդպես չպետք է լինի:

Ինչպե՞ս սովորենք հաղթահարել հիասթափությունները և մեր սրտերը պահել՝ ուղղված Աստծո վրա:

Ինչն էլ կամ ով էլ լինի մեր հիասթափությունների պատճառը, մենք պետք է սովորենք հաղթել դրանք և գտնել բժշկություն Աստծո մեջ: (Եթե մեր հիասթափությունների պատճառը մենք համարում ենք Աստծուն, մեզ անհրաժեշտ է ապաշխարել սխալ դատողությունների համար, քանի որ Աստված սխալական չէ):

Այս պարզ քայլերը կարող են օգնել մեզ գտնել, թե որտեղ է մեր ցավի արմատը, ղեկավարել մեր զգացմունքները և շարունակել հետևել Հիսուսին՝ մեր Փրկչին:

  1. Ցավի ճանաչում

Հիասթափությունը ցավ է պատճառում: Պետք չէ թաքցնել դա և ձևացնել, թե ոչինչ չի կատարվում: Ավելի լավ է ընդունես, որ հիասթափված ես, և թույլ տաս, որ ներսիդ ցավը դրսևորվի, հակառակ դեպքում՝ այն արմատներ կգցի:

Եղիր անկեղծ Աստծո և մարդկանց հետ: Այդ շրջանում մեզ, ինչպես երբևէ նախկինում, անհրաժեշտ է մեր ընկերների, հոգևոր առաջնորդների և Աստծո օգնությունը, այդ պատճառով թույլ տուր նրանց լսել քո հոգու ճիչը: Դու քեզ ավելի լավ կզգաս՝ ազատություն տալով քո էմոցիաներին, և Աստված կբժշկի քեզ, որովհետև Նա բժշկում է սրտով կոտրվածներին (Ղուկաս 4.18): Ձեր ցավն ընդունելը և այն ազատագրելը՝ առաջին բանալի քայլն է:

  1. Անիրական սպասումներ

Մեծագույն հիասթափությունները ծնվում են անիրական սպասումներից՝ ինչպես սեփական անձից, այնպես էլ մարդկանցից և անգամ Աստծուց: Մենք ինչ-որ բան ծրագրել ենք, բայց դա չի կատարվել: Մենք աղոթել ենք, բայց Աստված չի պատասխանել այնպես, ինչպես մենք ակնկալում էինք: Մենք ունեինք նպատակ, բայց չենք հասել դրան, կամ մեկը չի կատարել մեզ տրված խոստումը: Ոչ ոք, անգամ մենք ինքներս, չենք կարող մշտապես արդարացնել մեր սպասումները:

Այս ճշմարտության գիտակցումն ու մեր անիրական սպասումների ընդունումը կօգնի մեզ դառնալ ազատ: Եվ հիշիր՝ երբ ինչ-որ բան այնպես չէ, միշտ ավելի հեշտ է ուրիշներին մեղադրելն ու մտածելը, թե ճիշտը հենց մենք ենք: Բայց մենք ազատություն կստանանք այն ժամանակ, երբ ուսումնասիրենք մեր սրտի սպասումներն ու շարժառիթները, փոխարենը ուրիշներին մեղադրելու: Անգամ երբ մարդիկ մեր դեմ մեղք են գործում գիտակցաբար, մենք,  միևնույնն է, ընտրություն ունենք՝ ներել, կամ՝ ոչ: Եվ սա էլ մեզ բերում է հաջորդ քայլին:

  1. Ներել ուրիշներին և ինքդ քեզ

Ներումն ազատագրում է: Այն մեզ ազատ է դարձնում:

Մաթևոս 18-րդ գլխում Հիսուսը պատմում է առակ ներման մասին: Այստեղ Նա մեզ համեմատում է այն ծառայի հետ, ով մեծ պարտք ուներ, բայց չէր կարողանում վճարել այն: Տերը ներում է ծառային այդ պարտքը: Բայց ծառան չի ներում իրեն պարտք եղող ընկերոջը, ընդ որում՝ պարտքն այդ ավելի քիչ էր, քան իրեն ներված պարտքը, և պահանջում է, որ վերջինս անմիջապես վճարի: Իսկ երբ ընկերը չի վճարում, նա բանտ է նետում վերջինիս:

«Այն ժամանակ նրա տերը մոտ կանչեց նրան և ասաց. չար ծառա, ես այն բոլոր պարտքը շնորհեցի քեզ, որովհետև դու աղաչեցիր ինձ։ Պետք չէ՞ր որ դու էլ քո ծառայակցին ողորմեիր՝ ինչպես որ ես էլ քեզ ողորմեցի։ Եվ նրա Տերը բարկանալով՝ նրան մատնեց դահիճներին, մինչև որ բոլոր պարտքը վճարի նրան» (Մաթևոս 18.32-34):

Այս պատիժը չներման հավիտենական հետևանքների մասին զգուշացումն է:

Առակն ավարտելով՝ Հիսուսը նման խոսքեր է ասում. «Այսպես էլ իմ երկնավոր Հայրը կանի ձեզ, եթե դուք ամեն մեկդ իր եղբորը՝ ձեր բոլոր սրտիցը չթողեք նրանց հանցանքը» (Մաթևոս 18.35):

Ո՞րն է այստեղ մեզ ուղղված խոսքը: Դու կարող ես խոցված կամ հիասթափված լինել, բայց դու պետք է սովորես ներել մարդկանց քո ողջ սրտով:

  1. Վերադարձ՝ առաջին սիրուն

Ինչպես վերոնշյալ առակի ծառան՝ մենք չենք կարող մարել մեզ վրա դրված պարտքը: «Երբ որ մենք դեռ մեղավոր էինք՝ Քրիստոսը մեզ համար մեռավ» (Հռոմեացիս 5.8): Քանի որ մենք շնորհով ենք փրկված, «ոչ թե գործերից, որ մեկը չպարծենա» (Եփեսացիս 2.8-9), մեզ անհրաժեշտ է վերադառնալ «նրան, որ մեզ սիրեց և մեր մեղքերիցը լվաց մեզ իր արյունով» (Հայտնություն 1.5): Փրկությունը սկսվում է և ավարտվում Աստծով, Նա է մեր «հավատքի զորագլուխն ու կատարողը» (Եբրայեցիս 12.2):

Աստված ոչ թե պարզապես սպասում է մեզնից թվով ավելի շատ բարի գործեր, որոնք, ըստ էության, անօգուտ փորձ են՝ «մարելու» մեր պարտքերը, այլ խոստանում է ընդունել «կոտրված ու փշրված սիրտը» (Սաղմոս 51.17):

Միայն Նրա գթառատ սիրով նորոգված ու լվացված սիրտը կարող է ողջ էությամբ բարի գործեր կատարել:

Աստծո ողորմություններն ամեն ատավոտ նորանոր են (Երեմիա 3.22-23): Տրտմությունը կարող է տևել մի գիշեր, օր, ամիս, բայց Աստված խոստացել է մեզ ուրախություն: Փոխարենը հիասթափության մեջ մնալու՝ եկ Հիսուսի մոտ, Ով խոստացել է ընդունել մեզ Իր գիրկը (Հովհաննես 6.37):

Ադամ Ուիթենբերգ