Ի՞նչ է նշանակում՝ փնտրել Աստծո Արքայությունը

Քրիստոսը մեզ խորհուրդ է տալիս ամենից առաջ փնտրել Աստծո Արքայությունը: Ի՞նչ է նշանակում՝ փնտրել: Դա նշանակում է հավատալ, որ այն կա և որ կարող է բացվել, տեսանելի դառնալ մեզ համար:

«Սակայն առաջ Աստծո արքայությունը և նրա արդարությունը խնդրեցեք. և այդ ամենքը կտրվի ձեզ» (Մաթևոս 6.33):

Աստծո Արքայությունը փնտրել՝ նշանակում է խորությամբ նայել ամեն ինչին և տեսնել աշխարհն այնպիսին, ինչպիսին այն տեսնում է Աստված:

Մենք հստակ կերպով տեսնում ենք այս աշխարհի թագավորությունը, բայց կարող ենք նաև նույնքան հստակ տեսնել և ուրիշների համար էլ տեսանելի դարձնել Աստծո Արքայությունը:

Աստծո Արքայությունը մեր շուրջն է, մեր մեջ է: Մենք փնտրում ենք կատարյալ պայմաններ, բայց Արքայությունը մոտ է ավելի, քան մենք կարող ենք պատկերացնել:

Աստծո Արքայությունը փնտրելը՝ շինություն բերելն է մեր շուրջը: Չէ՞ որ մենք միայն ծառաներ չենք, այլև համագործակիցներ, ոչ միայն երեխաներ, այլև ժառանգներ: Ուշ, թե՝ շուտ, մենք պետք է թևքերը վեր քաշենք և կանգնենք մեր Հոր կողքին, որպեսզի աշխատանք թափենք՝ կառուցենք, աճենք:

Երբ մենք սկսում ենք փնտրել Արքայությունը, սկսում ենք տեսնել ինքներս մեզ, մեր տեղը, մեր դերը այդ լուսավոր հեռանկարում: Այլապես՝ կյանքը կվերածվի գոյության համար պայքարի:

Արքայությունը փնտրել՝ նշանակում է այն կյանքի կոչել մեր բոլոր խոսքերի և գործերի մեջ, մեր կյանքի լիության մեջ: Մնացած ամեն բան՝ աշխատավարձը, հաջողությունը, կարիերան, կտրվի:

Արքայությունը փնտրել՝ նշանակում է վիճել, այսպես կոչված, իրականության հետ, նշանակում է հավատալ ու դարձնել անտեսանելին տեսանելի, նշանակում է իրականացնել սպասվածը հենց այստեղ և հիմա:

Արքայությունը փնտրել՝ նշանակում է վերապրել Արքայի կենդանի ներկայությունը, փառաբանել Նրան ամեն շնչով և ուրախացնել ամեն ձեռքբերումով:

Արքայությունը փնտրել՝ նշանակում է ոչ այնքան ձգտել, աշխատանք թափել, որքան վստահել ու հանդարտվել: Նա, ով փնտրում է Արքայությունը, արդեն գտել է այն և նրանում էլ գտել է իրեն և ամեն բան, ինչ անհրաժեշտ է իր կյանքի համար:

Քրիստոսը ոչ միայն ասել է «փնտրեք», այլ տվել մեզ հանգստացնող խոսքերը. «Փնտրեք և կգտնեք»: Նա հեռու չէ մեզնից, և Նրա Արքայությունը մոտ է յուրաքանչյուրիս:

Միխայիլ Չերենկով