Հովիվ Էնդրյու Բրանսոնը ազատ արձակվելուց հետո ԱՄՆ-ում հանդիպում է ունեցել Դոնալդ Թրամփի հետ

Նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը, Օհայո նահանգի Լիբանան քաղաքում ընթացող ցույցի ժամանակ հրապարակավ հայտարարել է հովիվ Էնդրյու Բրանսոնի ազատ արձակման մասին. տեղեկացնում է CNN-ը:

«Այսօր ավելի վաղ մենք հասանք հովիվ Էնդրյու Բրանսոնի ազատ արձակմանը»,- ասել է Թրամփը ծափահարությունների ներքո՝ նշելով, որ Բրանսոնը «դուրս է եկել բանտից» և «գտնվում է օդում»՝ Գերմանիայի ճանապարհին, որտեղ անցնելու է «կրծքավանդակի ստուգում»:

Ազատ արձակված ամերիկացի հովիվ Էնդրյու Բրանսոնը, ով կեղծ մեղադրանքներով բանտարկված էր Թուրքիայում երկու տարի շարունակ, ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 12-ին, ազատ է արձակվել թուրք դատավորի կողմից և պարտավորվել որոշակի տուգանքներ վճարել:

Ազատության մեջ հայտնվելուց անմիջապես հետո հովիվը լքել է Իզմիրում գտնվող իր տունը և ուղևորվել օդանավակայան: Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության երկու աշխատակից նշել են, որ ԱՄՆ-ն տեղադրել էր ռազմական օդանավ այնտեղ՝ Բրանսոնին Թուրքիայից դուրս բերելու համար: Հայտնի է, որ Բրանսոնը հեռացել է իր կնոջ հետ:

«Ես անմեղ եմ: Ես սիրում եմ Հիսուսին: Ես սիրում եմ Թուրքիան»,- ասել է Բրանսոնը:

Նշենք, որ Թուրքիան կալանավորել էր Բրանսոնին 2016թ-ի հոկտեմբերին: Հյուսիսային Կարոլինայի նախկին բնակիչ Բրանսոնը աշխատել է՝ որպես Ավետարանական Քահանայական եկեղեցու հովիվ Իզմիրի «Հարություն» եկեղեցում: Ապրել է Թուրքիայում ավելի քան 23 տարի, ունի երեք երեխա:

Նա հոկտեմբերի 13-ին վերադարձել է ԱՄՆ երկու տարի տևած բանտարկությունից հետո: Արդեն մի քանի ժամ անց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բրանսոնին ընդունել է Սպիտակ Տանը:

«Մենք այնքան շնորհակալ ենք բոլոր մարդկանց Կոնգրեսում, ովքեր կանգնեցին մեր կողքին, ովքեր աղոթում ու պայքարում էին մեզ համար»,- ասել է Բրանսոնը. գրում է kp.ru-ն:

Հովվին Սպիտակ Տանն ընդունելով՝ Թրամփը նրա ազատությունն ու հայրենիք վերադարձը գնահատել է՝ որպես «մեծ քայլ» ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Նախագահի և հովվի հանդիպումը կայացել է Սպիտակ Տան Օվալաձև գրասենյակում, լրագրողների և նախագահական վարչակազմի բարձրադիր աշխատակիցների ներկայությամբ:

Հովիվ Բրանսոնը ծնկի է իջել և աղոթել նախագահի հետ միասին: Հոգևորականը Աստծուց խնդրել է «գերբնական իմաստություն» Թրամփի համար, որպեսզի նա կատարի բոլոր ծրագրերը, որոնք ունի ԱՄՆ-ի համար:

Նախագահն իր հերթին նշել է, որ իր համար մեծ պատիվ է Էնդրյու Բրանսոնին Սպիտակ Տանն ընդունելը: Նաև շնորհակալություն է հայտնել սենատորներին և կոնգրեսմեններին՝ աջակցելու համար այն միջոցներին, որոնք կիրառվում էին հովվի ազատ արձակման համար: