Պատանին 7 շաբաթ բաց ծովում անցկացնելուց հետո կենդանի է մնացել

Ինդոնեզիացի մի պատանի կարողացել է կենդանի մնալ՝ 49 օր բաց ծովում անցկացնելով: Նա իր հետ չուներ ոչինչ՝ հագուստից, ռադիոյից, պարենի սահմանափակ քանակից ու Աստվածաշնչից զատ:

19 տարեկան Ալդի Ռոման Ադիլանգը ձկնորսությամբ էր զբաղվում, երբ քամու ուժեղ հոսանքն իր նավակը հեռացնում է ափից: Ճոպանները պոկելով՝ քամին առանց շարժիչի ու թիակների այդ նավակը քշում է հազարավոր կիլոմետրեր հեռու Ինդոնեզիայի ափից՝ հասցնելով այն մինչև Գուամա:

Newsweek-ը հաղորդում է, որ մի քանի օր անց Ալդիի մոտ ավարտվում է կերակուրի պաշարը, և նա ստիպված է լինում պայքարել կյանքի համար՝ խմելով ծովի ջուր, որը ֆիլտրում է իր իսկ հագուստով, և նավակի մեջ ձուկ պատրաստելով:

Ալդի Ադիլանգը մտածում էր, որ մահանալու է բաց ծովում: Նա ասում է, որ անգամ մի պահ ցանկանում էր օվկիանոսը գցվել: Սակայն հիշելով, թե ինչպես էր մի ժամանակ հավատքը օգնել իր ծնողներին, քաջալերվում է և շարունակում պայքարել՝ չկորցնելով հավատն առ Աստված:

Ադիլանգը 7 շաբաթ անցկացնում է ծովում, վերջապես օգոստոսի 31-ին հեռվում նշմարում է պանամական դրոշներով նավ: Նա ջուրն է ցատկում, լողալով հասնում այդ նավին և բարձրանում կառամատույց:

Ֆաջար Ֆիրդաուսը՝ Օսակայում հյուպատոսության ինդոնեզիացի դիվանագետը, պատմում է. «Ալդին ասում էր, որ ինքը վախենում էր և հաճախ արտասվում այն ժամանակ, երբ հոսանքն իր նավակը այս ու այն կողմ էր քշում: Ամեն անգամ, երբ տեսնում էր մեծ նավ, մտածում էր, որ փրկության հույս ունի, բայց ավելի քան 10 նավ այդ օրերին նրա կողքով անցել ու չեն նկատել իրեն. հեռացել են՝ առանց կանգ առնելու»:

Նավը, որի կառամատույցին բարձրանում է Ալդին, ուղևորվում էր Ճապոնիա, որտեղ սեպտեմբերի 6-ին տղան հյուպատոսարանի պատասխանատու անձանց է ներկայանում: Իսկ տուն է վերադառնում սեպտեմբերի 8-ին:

Ինդոնեզիայի հյուպատոսությունը մամլո հաղորդագրությունում հայտարարում է, որ տղան հիմա իր ընտանիքի հետ է և շատ լավ է զգում իրեն: