Փոքրիկ պատմություններ սիրո մասին

Այսօր իմ 75-ամյա պապիկը, ով արդեն 15 տարի է, ինչ կուրացել է կատարախտի պատճառով, ասաց ինձ. «Քո տատիկը երկրագնդի ամենագեղեցիկ կինն է, այդպե՞ս չէ»: Ես մի պահ մտածեցի ու ասացի. «Այո՛, հենց այդպես է: Հավանաբար, հիմա, երբ չես կարողանում տեսնել նրան, դու կարոտում ես նրա գեղեցկությանը»:

«Սիրելի՛ս,- պատասխանեց ինձ պապիկս,- ես ամեն օր եմ տեսնում նրան: Եթե անկեղծ՝ հիմա ես ավելի հստակ եմ տեսնում նրան, քան երբ մենք երիտասարդ էինք»:

***

Իմ հայրը լավագույն հայրիկն է, ում մասին կարելի է միայն երազել: Նա սիրում է մայրիկիս (և միշտ երջանկացնում նրան), նա ներկա է եղել իմ բոլոր ֆուտբոլային խաղերին, ընդ որում՝ այդ խաղերին մասնակցում եմ 5 տարեկանից (հիմա 17 տարեկան եմ), նա ապահովում է մեր ողջ ընտանիքը:

Այս առավոտ, երբ հորս արկղի մեջ փնտրում էի նրա գործիքներից մեկը, ձեռքս ընկավ մի կեղտոտ հնացած թղթի կտոր: Դա հայրական հին օրագրի էջերից մեկն էր, որի վրա գրառումներից զատ՝ ամսաթիվ էր նշված. իմ աշխարհ գալուց մեկ ամիս առաջ էր գրված.

«Ես 19 տարեկան եմ, հարբեցող եմ, ով դուրս է մնացել համալսարանից, չստացված ինքնասպանության փորձ կատարած մեկն եմ, մանկական բռնության զոհ և նախկինում մեքենաներ գողացող: Իսկ մյուս ամիս այս բոլորին կավելանա ևս մի «կոչում»՝ «երիտասարդ հայրիկ»: Բայց ես երդվում եմ, որ կանեմ ամեն բան, որ իմ փոքրիկի մոտ ամեն ինչ լավ լինի: Ես կդառնամ նրա համար այնպիսի հայրիկ, որը ես երբևէ չեմ ունեցել»:

Ես չգիտեմ ինչպես, բայց դա ստացվել է նրա մոտ:

***

Այսօր ես հետազոտում էի Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մի հիվանդի: Նա հազիվ թե հիշում էր իր անունը և մոռանում էր, թե որտեղ և ինչ էր ասել մի րոպե առաջ: Բայց ինչ-որ հրաշքով, երբ նրա կինը գալիս էր իր մոտ այցելության, նա հիշում էր, թե ով է նա ու ողջունում նրան այս խոսքերով՝ «Բարև իմ հիասքանչ Քեյթ»: Եվ ես կարծում եմ, որ այս հրաշքը կոչվում է սեր:

***

Այսօր իմ 8-ամյա որդին գրկեց ինձ ու ասաց. «Դու աշխարհի լավագույն մայրիկն ես»: Ես ժպտացի ու հարցրի նրան. «Այդ ո՞րտեղից գիտես: Չէ՞ որ դու չես տեսել աշխարհի բոլոր մայրիկներին»: Իմ որդին, ի պատասխան, գրկեց ինձ ու ասաց. «Դու էլ հենց իմ աշխարհն ես»:

***

Այսօր ասացի իմ 18-ամյա թոռանը, որ դպրոցական տարիներին ես չեմ մասնակցել  ավարտական երեկոյի, որովհետև ինձ ոչ ոք չէր հրավիրել այնտեղ: Եվ պատկերացնո՞ւմ եք, այդ երեկո նա սև կոստյումը հագած՝ զանգեց դուռն ու հրավիրեց ինձ իր ավարտական երեկոյին՝ որպես իր զուգընկերուհի:

***

Այսօր իմ ընկերուհին դուրս եկավ 18 ամիս տևած կոմայից, համբուրեց ինձ ու ասաց. «Շնորհակալ եմ, որ մնում էիր իմ կողքին, որ պատմում էիր ինձ այդ բոլոր զարմանահրաշ պատմությունները և որ միշտ հավատում էիր, որ դուրս կգամ այս վիճակից… Եվ այո՛, ես կամուսնանամ քեզ հետ»:

Աղբյուրը՝ godwomen.org