Հոկտեմբերի 4-ը՝ քրիստոնեության պատմության մեջ

Հոկտեմբերի 4-ը՝ քրիստոնեության պատմության մեջ1535թ-ի այս օրը` հոկտեմբերի 4-ին, լույս է տեսել Աստվածաշնչի անգլերեն տարբերակը:

Մինչ այդ անգլիալեզու Սուրբ Գիրքը դժվարություններ է հաղթահարել. 1535թ-ի մայիսին ձերբակալվում է Ուիլյամ Թինդեյլը, ով հանձն էր առել Գրքի թարգմանությունը, որը ներառում էր Նոր Կտակարանը և Հին Կտակարանի մի քանի պատմական գրքեր:

Կարճ ժամանակ անց Թինդեյլի աշխատանքը շարունակում է Մայլզ Կովերդեյլը՝ հիմնվելով միջնադարյան լատիներենի և Լյութերի գերմաներեն Աստվածաշնչի վրա: Մայլզն աշխատում է շատ արագ, որպեսզի հնարավորինս շուտ վերջնական տեսքի բերի Աստվածաշունչը: Եվ վերջապես 1535թ-ի այս օրը` հոկտեմբերի 4-ին Ցյուրիխում (Շվեյցարիա), լույս է ընծայվում անգլիալեզու Սուրբ Գիրքը:

Այդ հերոսական ջանքերից մի քանի տարի անց Կովերդեյլն առաջադրում է անգլերեն Աստվածաշնչի այլ տարբերակներ: 3 տարի անց նա կատարում է Նոր Կտակարանի նոր թարգմանությունը: 1539թ-ին իր ներդրումն է կատարում «Մեծ Աստվածաշնչի» լույս ընծայման գործում (այդպես կոչվել է իր չափսերի համար):

Կովերդեյլն իր կրոնական գործունեությունը սկսում է որպես վանական` հետագայում դառնալով բարեփոխիչ: Որոշ ժամանակ անց նա եպիսկոպոս է ձեռնադրվում: Մայլզ Կովերդեյլին համարում էին անգլիական եկեղեցու մաքրակրոն կուսակցության առաջնորդ (Պուրիտանները ցանկանում էին «մաքրել» անգլիական եկեղեցին հին հռոմեական եկեղեցական սովորություններից):

Նրա կատարած աշխատանքների մի մասն արագորեն տեղ է գտնում անգլիական եկեղեցու ծառայություններում և կիրառվում մինչ օրս: Կովերդեյլի թարգմանությունները հնարավորություն են ընձեռում անգլիախոս քրիստոնյաներին ուսումնասիրել ամբողջական Աստվածաշունչն իրենց մայրենի լեզվով:

Աղբյուր` christianity.com