Հարցազրույց երեխայիդ հետ

Սիրել` նշանակում է ճանաչել (նայեք Հռոմեացիս 15.14):

Եթե մենք սիրում ենք մարդկանց, ապա առանց նրանց ուրախություններն ու տխրությունները, դժվարություններն ու դժբախտությունները, կասկածներն ու սովորությունները իմանալու` չենք կարող փոխհարաբերություններ ունենալ:

Նույնը ընտանիքում է. սիրել երեխաներիդ` նշանակում է ճանաչել նրանց և հասկանալ, թե ինչպես արդյունավետ ձևով ծառայել նրանց, խրատել կամ զգուշացնել, ինչպես հոգ տանել նրանց մասին:

Մեր ընտանիքի ավանդույթներից մեկն է՝ երեխաների հետ հանդիպումը, մի ուրույն հարցազրույց, որն օգնում է կառուցել ընտանեկան փոխհարաբերություններ: Իմ դուստրերը շատ են սիրում այդ ժամանակը, հատկապես՝ երբ ես կարող եմ ուշադրություն դարձնել յուրաքանչյուրին առանձնապես:

Որպես կանոն՝ ես խոսակցությունը սկսում եմ քաջալերանքով, ջանում գոհունակություն հայտնել կամ գովեստի խոսքեր ասել՝ ընթացիկ ամսում նրանց ունեցած առանձին հաջողությունների համար:

Ահա այն հարցերը, որոնք օգնում են ինձ «չափելու ջերմությունն ընտանիքում» և աճելու նրանց հանդեպ սիրո ու ճանաչողության մեջ:

  1. Հիմա կա՞ մի բան, ինչը դժվար է քեզ համար: Ինչո՞ւմ օգնության կարիք ունես:
  2. Ի՞նչն է, ըստ քեզ, տանում քեզ դեպի մեղքը:
  3. Այս ամսվա ընթացքում ո՞րն է եղել քո կրկնվող մեղքը:
  4. Ինչի՞ց ես վախենում դպրոցում: (Դուք՝ որպես ծնող, նույնպես կիսվեք ձեր վախերով ու վերապրումներով դպրոցի վերաբերյալ, նույնպես կարող եք պատմել, թե դուք այդ տարիքում ինչպես էիք հաղթահարում այս կամ այն բանը):
  5. Ասա բնավորության այն գծերը, որ դու սիրում ես կամ չես սիրում հայրիկիդ/մայրիկիդ մեջ:
  6. Ինչո՞ւմ հայրիկը՝ որպես ամուսին, ընկեր, ծառայող պետք է փոխվի՝ քո կարծիքով:
  7. Ի՞նչն է մայրիկի հանդեպ հայրիկի վերաբերմունքի մեջ քեզ դուր գալիս (և հակառակը):
  8. Ի՞նչը մայրիկի հանդեպ հայրիկի վերաբերմունքի մեջ դուր չի գալիս: Ինչո՞ւմ նա պետք է փոխվի:
  9. Վերջին շրջանում իմ արարքների մեջ կա՞ մի բան, որ քեզ տխրեցրել է: Ինչո՞ւ:
  10. Ի՞նչն է անհանգստացնում քեզ հիմա:
  11. Ո՞րն է քո երազանքը:
  12. Ի՞նչն ես գնահատում ընկերներիդ մեջ: Ինչո՞ւ:
  13. Ի՞նչով ես զբաղվում դասամիջոցներին:
  14. Եթե քո ուսուցիչը մեզ հյուր գար, ի՞նչ ես կարծում, ինչ նա կպատմեր քո մասին:
  15. Եթե աղոթեմ քեզ համար, ինչի՞ համար կուզես որ աղոթեմ: Ի՞նչ փոփոխություններ կցանկանայիր տեսնել քո բնավորության մեջ:
  16. Ինչպե՞ս են քո փոխհարաբերություններն Աստծո հետ: Ի՞նչն ես հիմա կարդում Աստվածաշնչում: Ի՞նչ է Աստված սովորեցրել քեզ:

Կոնստանտին Չիբոսով