Սամսոնի վերականգնման աղոթքը

Սամփսոնի վերականգնման աղոթքը«Եվ Սամփսոնն աղաղակեց Տիրոջը և ասաց. Ով Տեր Եհովա, աղաչում եմ հիշիր ինձ, ով Աստված, և միայն այս անգամ էլ ինձ ուժովացրու, որ Փղշտացիներից իմ երկու աչքերի վրեժը մէկ անգամով առնեմ» (Դատավորաց 16․28)։

Սամսոնի աղոթքը վերականգնման աղոթք էր: Այն, որ մարդը շեղվել է Աստծո կամքից ու իր սխալ ապրելակերպի արդյունքում կորցրել այն զորությունը, որ Աստված տվել էր իրեն, դեռ չի նշանակում, որ չունի վերականգնվելու հնարավորություն:

Մերօրյա շատ քրիստոնյաների կյանքն այսօր նման է Սամսոնի իրավիճակին: Նրանք պետք է զորավորներ լինեին, որոնք պիտի հալածեին խավարի թագավորությունը, ազատագրեին շատ կապյալների և Աստծո լույսը սփռեին իրենց շրջապատում, սակայն այսօր իրենք են բանտարկված ու խավարի մեջ նստած: Այսօր զորավորները կարծես կորցրած լինեն իրենց ուժն ու զորությունը: Մեղքի խաբեությունը, հիասթափությունն ու ընկճվածությունը մարդկանց հեռացնում են եկեղեցուց և Աստծո Խոսքի մեջ աճելու հնարավորությունից:

Ինչպիսին էլ լինի մեր իրավիճակը, որքան էլ մեզ թվա, թե Աստված էլ մեզ այլևս չի ընդունի, որքան էլ մեծ լինեն մեր հանցանքներն ու հիասթափությունները, մենք կարող ենք վերականգնվել, եթե Սամսոնի նման անկեղծ աղաղակով ու նախանձավորությամբ խնդրենք մեր Տեր Աստծուն, որպեսզի Նա մեզ ևս մեկ հնարավորություն ընձեռի: Հնարավորություն՝ վերականգնվելու: Հնարավորություն՝ ծառայելու Իրեն: Հնարավորություն՝ դառնալու խավարի զորքերի ահն ու սարսափը, քանի որ մեր Տեր Աստծո զորությունը մեր մեջ գործելու է ի շահ Նրա Արքայության, ի շահ Նրա ժողովրդի և ի շահ Նրա սուրբ կամքը այս ժամանակավոր կյանքի մեջ իրագործելու:

Որքան էլ ընկճված լինես ու անհույս, որքան էլ քեզ թույլ զգաս և անարժան տեսնես կրկին Տիրոջը ծառայելու համար, Աստված սպասում է քո նախանձավորության աղաղակին, քո ապաշխարությանն ու վերականգնմանը: Տերը ներող և վերականգնող Աստված է: Հայրը սպասում է մեր աղաղակին՝ ապաշխարելու և Իր կամքը կատարելու մեր նախանձավորությանը:

Սամսոնն իր ընկած վիճակիում աղաղակեց Աստծուն, և Աստված լսեց ու պատասխանեց նրա խնդրանքին, քանի որ դա հենց Նրա կամքն էր: Աստծո փափագն էր Սամսոնի աղոթքը: Նույն փափագով Աստված սպասում է մեր աղաչանքին ու աղոթքներին, որոնք Իր կամքի մեջ են: Սովորե՛նք աղոթել:

Տեր Հիսուսի անունով վերականգնման աղոթք և Տիրոջը նոր ուժով նվիրվելու ու ծառայելու նախանձավորություն եմ հռչակում այս գրառումը ընթերցողների կյանքում: Եղեք օրհնված:

Արման Մանուկյան