Խոսքի սերմը

ԱՄՆ-ի Միչիգան նահանգում կա մի ճեղքված ժայռ: Այս հսկայական ժայռը ճեղքվել է երկու մասի՝ նախկինում փոքրիկ անցքերից մեկում աճած ծառի պատճառով: Շատ տարիներ առաջ այդ փոքրիկ անցքի մեջ ծառի սերմ էր ընկել: Սերմը ծիլ էր տվել, սկսել էր աճել, և ծառի արմատների հետզհետե ավելի խորանալուն զուգընթաց՝ ժայռը սկսել էր ճեղքվել:

Ծառը, որն այդ ժայռը մասերի էր բաժանել, իր աճին զուգընթաց սկսել էր հեռացնել ժայռաբեկորները: Այդ սերմը, ինչպես և ցանկացած այլ սերմ, իր մեջ կյանք էր կրում, և այդ կյանքը բավականաչափ զորություն ունեցավ՝ ժայռը մաս-մաս անելու համար:

Սա մի փոքրիկ խորհրդապատկեր է այն մեծագույն զորության, որը հատուկ է Աստծո Խոսքին: «Աստծո Խոսքը կենդանի է և զորավոր և ամեն երկսայրի սուրից ավելի կտրուկ է» (Եբրայեցիս 4.12): Աստծո Խոսքը կենդանի սերմ է, որն ունի կյանքի անհավանական զորություն:

Ինչ սերմ, որ ցանվում է, այդպիսի պտուղ էլ այն կծնի. ցորենից՝ ցորեն, գարուց՝ գարի, մարմնից ծնվածն էլ՝ մարմին է: Այդպես էլ Աստծո Խոսքը, որպես հոգևոր, բարի, երկնային, սուրբ, կենարար սերմ, մարդու սրտում ցանվելով՝ մարդուն նմանեցնում է իրեն, այսինքն՝ հոգևորին, բարուն, երկնայինին, սուրբին ու կենարարին:

Աստծո Խոսքը լուսավորում է մարդկային հոգու խորը գաղտնարանները, մարդկային անտարբերությունը վառում է սիրո իր սուրբ կրակով, մարդու սիրտը դարձնում է դեպի մաքուրը, սուրբը, հոգուն տալիս նախկինում չունեցած հույսի թևերը:

Ուրեմն սիրենք և կատարենք Աստծո Խոսքը, որն էլ Աստծո զորությունն է:

Պ. Կ. Շատրով