Երբ հայտնվում ես փակուղում. մի կնոջ վկայություն

Ելենա Նեսմիյանը հաջողակ դերասանուհի և բանաստեղծուհի է, «Լուսավոր թատրոնի» և Երիտասարդ դերասանի թատրոնի ռեժիսոր: Նա ներկայացումներ է բեմադրում ու գրում է հիասքանչ բանաստեղծություններ: Բայց միշտ չէ, որ այդպես է եղել:

Ժամանակին ալկոհոլը քիչ էր մնացել սպաներ նրան: Ալկոհոլից կախվածությունը քանդել էր նրա ամուսնությունը, իսկ կարիերան հայտնվել վտանգի տակ:

Բայց Ելենան ելք է գտնում և կարողանում ազատվել կախվածությունից ու վերականգնել իր ամուսնությունը:

Այսօր Ելենա Նեսմիյանը երջանիկ ու հաջողակ կին է, ով պատմում է երջանկության իր ձևաչափի մասին.

«Մի որոշ ժամանակ առաջ դժվար կլիներ գտնել ավելի դժբախտ մարդ, քան ես էի, մեկին, ով նույնքան հիասթափված, հիվանդ, խստացած և ինչ-որ իմաստով՝ դաժան կլիներ, քան ես: Եկավ մի պահ, երբ ավելի վատ լինել չէր կարող: Ես հասկացա, որ այնքան դժբախտ եմ, որ ավելին հնարավոր չէ: Ինձ անհրաժեշտ էր կենդանի Աստված: Ինձ անհրաժեշտ էր հասկանալ, թե ինչու են մարդիկ հավատում Նրան: Եվ ահա ես գտա իմ հարցերի պատասխանները մեկընդմիշտ,- պատմում է Ելենան:- Ես հավատացած եմ, որ մարդուն անհրաժեշտ է հնարավորություն տալ: Ես հավատում եմ, որ մարդու սրտում կա մի տեղ, որտեղ Աստված պետք է բնակվի: Եվ դա ամեն մեկին է հասանելի, ամեն մեկը կարող է փոխվել:

Իմ հայրը աշխատում էր օպերետայի թատրոնում, լույսերի կարգավորմամբ էր զբաղվում, և մանկության տարիքում այնտեղ նայել եմ ամեն ինչ: Հետո գնացի սովորելու կարուձևի ուսումնարանում, սիրահարվեցի, ամուսնացա, երեխա ունեցա… Հետո չէի կարողանում հասկանալ, թե ինչ անեմ կյանքիս հետ, ու ցավոք սրտի, այնպես ստացվեց, որ այդ ընտանիքս չկարողացա պահել:

Ես այնքան ցնցված էի իմ շուրջը կատարվածից, որ ընդհանրապես չգիտեի՝ ինչ անել: Որոշեցի խորհրդի համար գնալ քահանայի մոտ: Նա հարցրեց. «Ունե՞ս երազանք: Զբաղվիր քեզնով, զբաղվիր քո երազանքով»: Եվ արդեն երեկոյան ես տեղեկատու գրքում փնտրում էի թատերական համալսարանի համարը, որովհետև իմ երազանքը թատրոնի դերասանուհի դառնալն էր: Արդյունքում՝ ընդունվեցի համալսարան՝ առանց բավականաչափ պատրաստված լինելու:

Որտեղից առաջացան բարդույթները

Ստեղծագործական նախադրյալները խորը թաքնված էին իմ մեջ: Ես շատ բարդույթավորված էի՝ կարող էի մի դիրքում երկար նստել, որովհետև ամաչում էի շրջվել: Իսկ պատճառն այն էր, որ ընկերուհիներս մի օր ասել էին, որ պրոֆիլով ես նման եմ ձիու: Եվ դա իմ ներսում խորը արմատ էր գցել:

Այնուամենայնիվ, մեկ օր տոնի ժամանակ մի փոքր ավելի խմեցի ու ես՝ այդ բարդույթավորված ու ամաչկոտ աղջիկս, սկսեցի պարել սեղանի վրա: Հաջորդ օրն ինձ բոլորը գովասանքի խոսքեր էին ասում: Պարզվեց, որ ես շատ լավն եմ, բոլորին ուրախացնում եմ և այլն… Չէի կարողանում հավատալ, որ ունակ եմ նման բանի, և ալկոհոլն ինձ համար դարձավ իմ խնդիրների լուծումը. ես արագորեն խորասուզվեցի դրա մեջ:

Երբ մարդու գլուխը ցավում է, նա դեղ է ընդունում: Այդպես էլ ալկոհոլը դարձավ «իմ դեղը ամաչկոտությունից»:

Ապրում էի՝ մշտապես ինչ-որ տեսակի ալկոհոլ օգտագործելով: Բանը հասել էր նրան, որ ես կարող էի մի շիշ օղի խմել և դեռ մնալ ոտքերի վրա: Ունեի հոտից ազատվելու իմ ձևամիջոցը: Ալկոհոլային կախվածությունը վերաճեց ահռելի չափերի, ամուսնության մեջ իմ հարաբերությունները գնալով ավելի վատացան: Իսկ հետո վրա հասավ սարսափելի մի պահ, երբ երազումս տեսնում էի, որ մահանում եմ: Այդժամ հասկացա, որ պետք է ինչ-որ բան անել, ինչ-որ կերպ ազատվել ալկոհոլի հանդեպ իմ կախվածությունից:

Այդ ընթացքում մայրս դստերս հետ սկսել էր գնալ եկեղեցի: Մեկ օր տեսա, թե ինչպես է իմ 6 տարեկան աղջիկն աղոթում, որ «մայրիկը այլևս չխմի»: Եվ դա վճռական, բեկումնային պահ եղավ ինձ համար, երբ գիտակցեցի, որ պետք է վերջ դնել այդ ամենին, փոխել: Ու ես էլ դարձա Աստծուն:

Շուտով սկսեցի ինքս եկեղեցի գնալ, չնայած գնում էի հարբած վիճակում: Այնտեղ մի հիասքանչ կնոջ հանդիպեցի, ով բացել էր բազում վերականգնողական կենտրոններ: Գնացի նրա մոտ և հարբած ձայնով ասացի. «Դե ինչ, ինձ նայեք»:

Մտածում էի, թե նա ինձ դուրս կանի, իսկ ես էլ կգնամ ու վերջ կդնեմ խղճուկ կյանքիս: Իսկ նա նայեց ինձ ու ասաց՝ «ա՛յ հիմարիկ» ու ամուր գրկեց ինձ. միասին երկար արտասվեցինք:

Այդ պահին հասկացա՝ վերջ, ես ապրելու եմ՝ հիմա և ընդմիշտ:

Բազում խելացի ու բանիմաց մարդիկ ընկնում են հարբեցողության մեջ, որովհետև չգիտեն, թե ինչ անեն իրենց հետ: Եվ ես ցանկանում եմ ասել ձեզ հետևյալը. երբ գալիս է գիտակցումն այն բանի, որ հատակին ես հասել, ու չի մնացել ոչինչ՝ ալկոհոլային կախվածությունից բացի, միայն մեկ բան է մնում՝ վստահել Աստծուն, Ում չես տեսնում ու դեռևս չգիտես:

Իմ երջանկությունը Աստծուն վստահելու մեջ է՝ լիակատար ձևով, ինչպես հարազատ ընկերոջ:

Ասա Նրան՝ «Պարզապես արա ինձ հետ՝ ինչ-որ ուզում ես», և քո կյանքը կիմաստավորվի: Ոչ թե պարզապես կիմաստավորվի, այլև դու կդառնաս ինչ-որ մեկին անհրաժեշտ մեկը, որովհետև կսկսես օգնել ուրիշներին: Տուր, օգնիր և երջանիկ կլինես:

Ներքևից վերև նայելը միշտ վախենալու է: Ես նկատի ունեմ ապագան, ձեռքբերումները, իմ դեպքում՝ բանաստեղծությունների հավաքածուն, նկարների ցուցահանդեսները, ներկայացումները: Բայց երբ անում ես, հասկանում ես, որ դա իրական է: Դժվարը միայն առաջին քայլն էր: Այդ պահին հավատքը շատ քիչ է լինում: Բայց եթե չանես այդ առաջին քայլը, երբեք չես ճանաչի ինքդ քեզ:

Ես պնդում եմ, որ դուք՝ սիրելի ընթերցողներ, հավատաք Աստծուն, ինքներդ ձեզ և ձեր ներքին հարստությանը: Ով էլ որ լինեք՝ հրշեջ, թե խոզարած, հավատացեք՝ դուք հարստություն եք: Եվ ոչ ոք ավելի լավ չի կարող անել ձեր աշխատանքը, քան դուք ինքներդ: Ձեր ժպիտը միլիարդներ արժե: Աստված Իր Որդուց տվեց ձեզ համար:

Դուք թանկարժեք եք Աստծո աչքերում, մահվանը մի հնազանդվեք: Աստված կտանի ձեզ Իր ուժեղ ձեռքերի վրա, ձեր սիրտը Նրան վստահեք»:

Աղբյուր՝ emmanuil.tv