Սովորենք հաղթել. Արեգա՛կ, կանգնի՛ր Գաբավոնում…

Սովորենք հաղթել. Արեգա՛կ, կանգնի՛ր Գաբավոնում...«Այն ժամանակ Հեսուն Տիրոջ հետ խոսեց այն օրը, որ Տերը Ամորհացիներին Իսրայելի որդկանց ձեռքը տվեց, և Իսրայելի առաջին ասաց. Արեգակ, Գաբավոնումը կանգնիր, և, Լուսին, Այեղոնի ձորումը կանգնիր» (Հեսու 10.12):

Հեսուն աղոթում էր անհնարինի համար: Պատերազմը թեժ էր, և պետք էր թշնամուն մինչև վերջ հալածել: Եվ Հեսուն աղոթեց: Նա աղոթեց, և արեգակն ու լուսինը կանգնեցին իրենց տեղում այնքան ժամանակ, մինչև Աստծո ժողովուրդը ավարտին հասցրեց թշնամուն հալածելն ու վերջնական հաղթանակն ապահովելը:

Մեր կյանքում նույնպես լինում են պատերազմական իրավիճակներ, որոնց լուծման համար անհնարին ու գերբնական միջոմտություններ են անհրաժեշտ: Իրավիճակներ, որոնցից, անպատճառ, հաղթանակով ենք դուրս գալու, եթե մեր հայացքն ուղղենք անհնարինը հնարավոր դարձնող Աստծուն, եթե աղոթենք ու խնդրենք անհնարինը՝ խնդրենք հավատքով, խնդրենք մեր Տեր Աստծուն ամբողջությամբ վստահելով, և խնդրենք՝ անկախ տվյալ երևույթի հանդեպ մեր մարդկային պատկերացուներից ծնված կարծրատիպերի:

Աստված կարող է արեգակն էլ կանգնեցնել: Սա դեմ է գիտությանն ու բնության օրենքներին: Սակայն Աստված Ինքն է այդ օրենքները կարգողը:

Հեսուն աղոթեց՝ հավատալով Աստծո գերբնական միջամտությանն ու ամենակարողությանը: Աստված ամենակարող է: Ամենակարող նշանակում է, որ Նրա համար չկա անհնարին ոչինչ: Մեր հավատքի թշնամին իր խորամանկ ստերի միջոցով փորձում է կործանել Աստծո ժողովրդի հավատքը Տեր Աստծո ամենակարողության հանդեպ: Աստված ամենակարող է: Մեր գործը խնդրելն է՝ հավատքով խնդրելը: Աստված կարող է:

Նա ամենակարող է: Նրա համար չկա անհնարին ոչ մի բան: Նա նաև ինքնիշխան է և Ինքն է որոշում՝ երբ միջամտի և ինչ կերպով: Սակայն մեր հավատքը և մեր աղոթքները՝ մեր հավատքով աղոթքները, ճանապարհ են բացում Աստծո գերբնական միջամտութունների համար: Հավատքի բացակայությունն ու աղոթքի կյանքի բացակայությունը մեծագույն արգելքներ են Աստծո միջամտության համար:

Հեսուն աղոթեց և արեգակը կանգնեց այնքան ժամանակ, մինչև Իսրայելի բանակն ավարտեց թշնամուն հալածելը: Հավատա՛նք Աստծո ամենակարողությանն ու հավատքով խնդրենք Նրանից անհնարինը մեր անգամ անհույս թվացող իրավիճակների համար: Հեսուն աղոթեց և հաղթեց: Սովորե՛նք հաղթել: Սովորե՛նք աղոթել:

Տեր Հիսուսի անունով Աստծո ամենակարողության հանդեպ անսասան հավատք և այդ հավատքով լեցուն աղոթքներ եմ հռչակում այս գրառումը ընթերցողների կյանքում: Եղեք օրհնված:

Արման Մանուկյան