Ինչ կարող է անել պարզ բարության մի փոքրիկ արարքը

Այս դեպքը կատարվել է 1943թ-ին Օմսկում, երբ ես 11 տարեկան էի, և մեր ընտանիքը տարհանվել էր այնտեղ: Ամեն բան կատարվել էր մորս աչքերի առջև…

Շուկայի մուտքի մոտ սովորաբար աղքատ մի կին էր նստում՝ գլուխը խոնարհած: Նրա երեք փոքր երեխաները վազում էին շուկայով մեկ՝ ողորմություն հավաքելով: Ամենը, ինչ նրանց տալիս էին (մի կտոր հաց, կարտոֆիլ), նրանք բերում էին մորը, իսկ նա էլ երեք մասի էր բաժանում ու կրկին շարունակում գլուխը կախ նստել:

Պատերազմի ժամանակ Օմսկում շատ հոսպիտալներ կային, իսկ հիվանդանոցային կապույտ խալաթներով վիրավորների կարելի էր հանդիպել ամենուր:

Մեկ օր մի խումբ վիրավոր օդաչուներ անցնում են շուկայի մոտով: Աղքատ կնոջն ու իր կողքին վազող երեխաներին տեսնելով՝ մեկն ասում է. «Եկեք 30 ռուբլի տանք նրան: Թող կաթ գնի երեխաների համար»:

Այդ օրերին դա մեծ գումար էր:

Երբ օդաչուն իջեցնում է թղթադրամը կնոջ ոտքերի մոտ, վերջինս զարմանքից գլուխը վեր է բարձրացնում և հանկարծ ուրախության մի զարմանալի բարձր ճիչ է արձակում: Պարզում է, որ այդ մարդը նրա ամուսինն էր…

Դժվար չէ պատկերացնելը, թե ինչպես էր այդ կինը, գերմանական զավթումից փախչելով, գուցե՝ առանց փողի ու փաստաթղթերի, երեխաները ձեռքերին այս ու այն կողմ ընկել, մինչև, վերջի վերջո, հայտնվել էր Սիբիրում՝ Օմսկում, որտեղ կրկին ոչ մի օգնություն չէր գտել: Նա ոչինչ չգիտեր իր ամուսնու մասին, իսկ վերջինս էլ չգիտեր ոչինչ իր ընտանիքի մասին: Ահա այսպիսի անսպասելի հանդիպում…

Կնոջն ու երեխաներին վերցնելով՝ օդաչուները միանգամից հեռանում են, և այլևս ոչ ոք այդ ընտանիքին չի տեսնում շուկայի մոտ:

Եվ այդ ժամանակ ես, որ 11 տարեկան էի, հասկացա, թե ինչպես մեկ բարի, սրտից եկած արարքը՝ անգամ փոքրիկ, սովորական արարքը՝ առանց որևէ դերասանական հերոսականության, կարող է վերականգնել կոտրված կյանքը, հաղթահարել դժբախտությունը:

Իննա Ռովինսկայա