Սեպտեմբերի 26-ը՝ քրիստոնեության պատմության մեջ

Սեպտեմբերի 26-ը՝ քրիստոնեության պատմության մեջԼանսելոտ Էնդրյուսի համար աղոթքն այնքան կարևոր էր, որ նախքան անձնական աղոքթը սկսելը մի առանձին աղոթք էր անում… Նա ցանկանում էր ուղղամիտ լինել Աստծո առջև խոնարհվելիս. «… Քո Սուրբ Հոգին թափի´ր ինձ վրա, որպեսզի Նա սովորեցնի ինձ, թե ինչ պետք է աղոթեմ` Քո Սուրբ կամքին համաձայն, թող Նա հանդարտեցնի իմ բոլոր խռովահույզ և դեգերող մտքերը, երբ ես իմ աղոթքներն ու փառքն եմ Քեզ ուղղում: Թույլ մի´ տուր, որ Քեզ ծառայեմ միայն իմ շուրթերով, եթե սիրտս հեռու է Քեզնից, այլ ճշմարիտ հոգի ստեղծի՛ր ինձանում…»:

Այս աղոթող ռազմիկը ծնվել է 1555թ-ին Լոնդոնում: Ելիզավետ I թագուհու օրոք, երբ Անգլիայում վերականգնվում է բողոքական հավատքը, նա դառնում է հոգևորական:

Լանսելոտը նաև փայլուն գիտնական էր, խոսում էր 15 լեզուներով: Անգամ Ջեյմս I թագավորն էր նրան գնահատում և շուտով Լանսելոտին դարձնում է եպիսկոպոս: Նա օգտագործում էր Լանսելոտի շնորհները նաև քաղաքական ասպարեզում:

Շուտով թագավորի համաձայնությամբ` սկսվում է Աստվածաշնչի թարգմանությունը: Եվ, բնականաբար, միայն բազմաթիվ լեզուների գիտակ Լանսելոտը կարող էր հանձն առնել այդ գործը: Նրան է պատկանում կատարված թարգմանական աշխատանքի մեծ մասը:

Չնայած Լանսելոտը մեծ հռչակ է վայելել, սակայն նրա մահվան տարեթիվը հստակ արձանագրված չէ: Ենթադրվում է, որ նա մահացել է 1626թ-ի այս օրը` սեպտեմբերի 26-ին: Իր կենդանության օրոք նա հրատարակել է իր աղոթքների և քարոզների 19 հավաքածու:

Այս հավաքածուներից որոշ աղոթքներ  Լանսելոտի մահվանից հետո են միայն ի հայտ գալիս: Նա աղոթել է բոլոր ազգերի, ինչպես նաև եկեղեցու և դրա միասնության համար:

Աղբյուր` christianity.com