Մեղքի մեջ ընկնելուն նախորդող առավոտը

Ինչպես ենք պարտվում սրբության համար պատերազմում

Երկու ձայն կա, որոնք պայքարում են ձեր սեռական մաքրության համար: Եթե կարծում եք, որ պայքարը միայն պատկերների և տեսանյութերի հետ է կապված, ապա դուք պատրաստ չեք լինի պայքարելու: Որովհետև սա բառերի պատերազմ է:

Համաձայն Առակաց 2-րդ գլխի՝ նա, ում մենք լսում ենք առավոտը, օրվա ընթացքում, ուշ երեկոյան, կորոշի՝ կտրվե՞նք մենք արդյոք գայթակղությանը, թե՞ հակառակ կկանգնենք դրան Աստծո զորությամբ: Առաջին ձայնը Աստծո ձայնն է, որ գրված է Սուրբ Գրքում.

«Որդյակս, եթե իմ խոսքերն ընդունես, և իմ պատվերները պահես քեզ մոտ.

Որ ականջ դնես իմաստությանը, և սիրտդ ուղղես հանճարին,

Երբ որ հասկացողությունը կանչես, և ձայն տաս հանճարին,

Եթե դու նրան որոնես ինչպես արծաթը, և գանձերի նման նրան պտրտես,

Այն ժամանակ կհասկանաս Տիրոջ երկյուղը, և Աստծո գիտությունը կգտնես» (Առակաց 2.1-5):

Ինչպե՞ս փրկվել գայթակղությունից՝ «օտար կնկանից, որ կակուղ խոսքեր է տալիս» (Առակաց 2.16): Շատերը կասեն՝ «փախչիր նրանից», սակայն ճշմարիտ իմաստությունն ասում է. «Ավելի ջանասիրաբար վազիր Աստծո մոտ»: Ինչպե՞ս. Խոսքով: Սա միակ ռազմավարությունը չէ, որն անհրաժեշտ է սրբության պահպանման համար, բայց առանց սրտի ու մտքի՝ այդ համառ սովորության ցանկացած այլ ռազմավարություն դատապարտված է պարտության:

Առաջին ձայնը, որ մենք լսում ենք

Ուշադրություն դարձրեք, որ իմաստուն մարդը ոչ միայն պարզապես ոգեշնչում է իր որդուն՝ Աստվածաշունչ կարդալ, այլև լսել, որոնել, կանչել և պտրտել՝

Ականջ դնես իմաստությանը,

Որոնես՝ ինչպես արծաթը,

Հասկացողությունը կանչես և ձայն տաս հանճարին,

Սիրտդ ուղղես հանճարին:

Աստծո Խոսքը լսելու համար անհրաժեշտ է լիակատար նվիրում: Աստվածաշնչի ճիշտ ընթերցանությունը ենթադրում է ամեն կողմից ձեր մասնակցությունը այդ գործընթացի մեջ, որպեսզի դուք մտորեք և աղոթեք մինչ այն պահը, երբ Աստծո խոսքերը հաճելի կդառնան ձեզ համար (Առակաց 2.10): Ոչ ոք մեղքից և գայթակղությունից չի ազատվում՝ պարզապես դրանց մասին տեղեկատվություն ստանալով: Մեզ շատ ժամանակ անհրաժեշտ է վիրաբուժական միջամտություն՝ բառեր, որոնք բավականին սուր են՝ թափանցելու մեր անտարբերության միջով, բառեր, որոնք ուղղորդվում են այն Մեկի կողմից, Ով բավականին իմաստուն է և բավականին զորավոր, որպեսզի ոչ ոքի վնաս չպատճառի:

Ընդունեք: Գնահատեք: Ձեր լսելիքը լարեք: Ձեր սիրտը ուղղեք՝ որոնելու: Որոնելու իմաստությունը՝ ինչպես արծաթը: Աստվածաշունչը կարդալը լավ է, բայց միայն ընթերցանությունը բավարար չէ, որպեսզի այն մեր հոգիները սնուցի և մաքրի: Երբ մենք տալիս ենք ավելի, սպասում ենք՝ ավելի, աղոթում ենք ավելի, ներդնում ենք ավելի մեր ընթերցանության մեջ, Աստծո խոսքերը սկսում են Նրա Հոգու միջոցով լիակատար ազդեցություն ունենալ մեր սրտերի և մեր կյանքի վրա:

Կյանքի փոփոխություններին տանող կարճ ճանապարհներ չկան

Եթե Աստծո իմաստությունը որոնես՝ ինչպես արծաթը, «այն ժամանակ կհասկանաս Տիրոջ երկյուղը, և Աստծո գիտությունը կգտնես» (Առակաս 2.5):

Պայմանական «այդ ժամանակը» Սուրբ Գրքում սարսափելիորեն հիասթափեցնում է հիմարներին, ովքեր ցանկանում են ստանալ արդյունք՝ առանց ջանքերի: Հիմարը ցանկանում է, որ Աստված «ուղարկի» իրեն սրբություն, պարզապես որովհետև նա խնդրել է այդ մասին: Եվ հակում ունի բարկանալու ու ըմբոստանալու, երբ Աստված խոստանում է տալ մեզ այն, ինչ մենք խնդրում ենք, միայն համառ պայքարի միջոցով: Այն, ինչի համար մենք ջանք ենք թափում, հաճախ նվեր չի թվում մեզ համար այլևս:

Բայց սա տևում է մինչ այն պահը, երբ մենք կհասկանանք՝ մեր ջանքը հրաշք է, որը երբեք չէր կատարվի առանց Աստվածային միջամտության: Ձգտումը Աստծո Խոսքը վայելելու՝ լսելու, որոնելու, կանչելու, սիրտն ուղղելու. այս ամենը գերբնական է: Եթե հասկացողությունը որոնում ենք արծաթի պես, ապա «կհասկանանք Տիրոջ երկյուղը և Աստծո գիտություն կգտնենք» (Առակաց 2.5): Գիտություն, որ լցված է Աստծո երկյուղով և սիրով՝ հոգևոր և էմոցիոնալ գիտություն, գիտություն, որ հիմնվում է փոխհարաբերությունների վրա: Դուք գիտեք Նրան: Եվ դուք այլ մարդ եք դառնում, որովհետև ճանաչել եք Նրան:

Երկրորդ ձայնը

Եթե գնահատեք Աստծո Խոսքը, ապա կերկյուղեք և կհասկանաք ու այդպիսով էլ կփրկվեք «օտար կնկանից»: Առակաց 2-րդ գլխում կա երեք հստակ քայլ. բաց մի թողեք հերթականությունը. եթե- այն ժամանակ- որ (որպեսզի): Աստվածաշնչի շուրջ մտորումը մեզ Աստծո երկյուղով է լցնում ու սիրով՝ Աստծո ճանաչողության միջոցով, և դա էլ մեզ փրկում է սեփական մեղքից ու գայթակղությունից:

Միայն Աստվածաշնչի ընթերցանությունը մեզ չի փրկի մեղքից: Դուք Աստծուն չեք ճանաչի՝ ճշմարտապես չլսելով Նրա ձայնը: Եթե ջանում ենք Աստծուն լսել ուղղակի` «հանուն ասելու, որ լսել ենք», չփորձելով ճանաչել Նրան, մենք արագ կզրկվենք մեր կարողությունից՝ գայթակղությանը ուրախությամբ «ոչ» ասելու:

Այդ «գայթակղությունը», ըստ կարևորության, երկրորդ ձայնն է Առակաց 2-րդ գլխում:

Բառերի պատերազմ

Երբ Առակացը նկարագրում է օտար կնոջը, ապա կոչում է նրան այսպես. «օտար կնկանից, որ կակուղ խոսքեր է տալիս» (Առակաց 2.16): «Օտար կնկա շրթունքները մեղրի խորիսխ են կաթեցնում, և նրա քիմքը յուղից կակուղ է» (Առակաց 5.3): Եվ այսպես, Առակաց գիրքը օտար՝ արգելված կնոջը հիշատակում է հինգ անգամ, և չորս դեպքերում հստակ նշվում է, թե ինչպես է նա կործանում տղամարդուն՝ խոսքերով:

Զարմանալի չէ, որ Աստծո ծրագիրը սեռական մաքրության համար սկսվում է Աստծուն լսելուց: Անգամ այն հասարակությունում, որտեղ տիրում են պատկերներն ու տեսանյութերը, խոսքերը, միևնույնն է, մնում են մենամարտի գլխավոր դաշտը: Երբ լսում ենք Աստծո խոսքերը և Նրան ճանաչում՝ ելնելով Աստծո հանդեպ սիրուց ու երկյուղից, մենք պատրաստ ենք ապացուցելու, որ խոստմունքները, որ տրվում են մեղքի կողմից, վստահության արժանի չեն:

Ո՞ր շրթունքներն են, որ իրենց խոսքերով լցնում են ձեր միտքը: Փորձության պահին երկու ձայն է պայքարում ձեր սրտի համար: Մեկը մեղմ, գայթակղիչ և կործանիչ, մյուսը՝ գերիշխան, հուսալի և խրախուսող: Մեկը ձեզ գայթակղում է՝ մահվան հետ անկողին մտնելու, մյուսը՝ ձեզ դնում կյանքի ճանապարհի վրա: Թող Աստծո ձայնը հնչի ձեր սրտի ականջներին՝ ոչ միայն այս պահին, այլև այն պահերին, երբ գալիս է փորձությունը:

Երբ սկսել կարդալ

Սեռական մաքրության համար պայքարը սկսվում է, երբ դուք պատերազմի զատորոշիչ սահմաններ եք գծում Աստծո Խոսքով ամեն առավոտ:

Եթե տրվեք Աստծո Խոսքին, մինչև մեղքին տրվելը այս խոսքերը կհնչեն ձեզ համար՝ «իմաստությունը կմտնի քո սիրտը, գիտությունը ախորժելի կլինի քո հոգիին: Խոհեմությունը քեզ կպահի, և հանճարը քեզ կպաշտպանի. որ քեզ ազատի չար ճանապարհից»:

Եթե ուշադրությամբ չլսենք Աստծո Խոսքը, չփնտրենք Նրան համառորեն, չաղաղակենք, չորոնենք իմաստությունը, Աստծո Խոսքը բավականաչափ հաճելի չի լինի մեր ականջների համար՝ ազատելու մեզ չարիքից: Եթե մենք չփնտրենք այն՝ ինչպես արծաթը, դատապարտված կլինենք հերթական անկման:

Մարշալ Սիգալ