Այս օրը պատմության մեջ. Մաքսիմուս

Այս օրը պատմության մեջ. Մաքսիմուս«Դու լի ես հպարտությամբ: Կարծում ես, որ դու միակ ուղղափառ աստվածաբա՞նն ես, միակ մարդը, ով փրկվել է, և մնացածները հերետիկոսներ են ու կործանվածնե՞ր»,- ահա այս խոսքերով կայսրի գործակալները Կոստանդնուպոլսում մեղադրում էին Մաքսիմուսին՝ Քրիստոպոլիսի վանքի վանահորը:

«Աստված արգելել է, որ ես դատապարտեմ ինչ-որ մեկին կամ ասեմ, որ միայն ես եմ փրկված: Այնուամենայնիվ, ես ավելի շուտ կհամաձայնվեմ մեռնել, քան հեռանալ ճշմարիտ հավատքից՝ տառապելով խղճիս ցավից»:

Մաքսիմուսը մեծ կարողությունների տեր մարդ էր՝ ծնված Կոստանդնուպոլսում 580 թ-ին: Նա շատ գրագետ մարդ էր և կայսր Հերակլիուսի քարտուղարն էր: 626 թ-ին նա վանական է դառնում:

Քրիստոսի մարմնացումը վիճելի է համարվել ողջ պատմության ընթացքում, և Մաքսիմուսն ուներ իր հստակ կարծիքն այդ մասին, ինչը բխում էր Աստվածաշնչից. «Քրիստոսը լիարժեք Աստված էր և լիարժեք մարդ՝ երկրի վրա: Այլապես՝ փրկությունն իմաստ չունի»,- ասում էր նա:

Կայսրերը, սակայն, ստիպում էին բոլորին նույն հայացքներն ունենալ, իսկ որոշ հարցերում այդ հայացքները հիմնավորված չէին լինում Ավետարանով: Շատերն էին ընդունում սխալ ուսմունքներ, Մաքսիմուսը՝ ոչ. նա միշտ հաստատակամ էր իր վարդապետության և ուսմունքների մեջ և փոխզիջումների չէր գնում:

655 թ-ի վերջին՝ 75 տարեկան հասակում, Մաքսիմուսին ուղարկում են Կոստանդնուպոլիս՝ դատաքննության: Մեղադրվելով գաղտնի դավադրության մեջ,  ինչպես նաև այլ կեղծ մեղադրանքներով՝ նա աքսորվում է Թրեյս, որտեղ ստիպված է լինում տառապել սովից և ցրտից:

Կայսրի հրամանով երկու դավաճան եպիսկոպոս երկու պաշտոնյայի հետ գնում են նրան տեսակցության՝ հուսալով որևէ սխալ խոսք կորզել Մաքսիմուսի շուրթերից: Այս օրը՝ սեպտեմբերի 24-ին, նրանք հանդիպում են, խոսում են տարբեր կրոնական հարցերի շուրջ, սակայն ծեր վանականի հետ ոչ ոք չէր կարող վիճել, որովհետև նրա հավատքի հիմքում Աստծո անխարդախ Խոսքն էր ճշմարիտ վարդապետությամբ:

6 տարի անց նրան կրկին կանչում են հարցաքննման և նույն պատասխանները ստանում: Այս անգամ, սակայն, կտրում են նրա լեզուն ու աջ ձեռքը և կրկին աքսորում: Նա կրում է բազում մարմնական տառապանքներ և օգոստոսին կնքում իր մահկանացուն՝ մնալով անկոտրում ու հավատարիմ Քրիստոսին, ում նա սիրում ու պաշտում էր ողջ սրտով, մտքով և զորությամբ:

Աղբյուրը՝ christianity.com