Սովորում ենք աղոթել. Բարեխոսական աղոթք

Սովորում ենք աղոթել. Բարեխոսական աղոթք«Հիշիր քո ծառաներին՝ Աբրահամին, Իսահակին և Հակոբին, և ուշ մի դարձնիր այս ժողովրդի խստությանը, անօրենութեանը ու մեղքին» (Բ Օրինաց 9.27)։

Բարեխոսական աղոթքի ևս մեկ ուսուցում: Տե՛ր, մի նայիր այս ժողովրդի խստությանը, անօրենությանն ու մեղքին, այլ նայիր հավատքի առաջնորդների զորավոր գործերին ու նրանց տված Քո խոստումներին: Բարեխոսություն: Բարեխոսական աղոթք:

Շատերս մեզ շրջապատող մարդկանց համար բարեխոսելու փոխարեն աղոթքի մեջ ավելի շատ մատնացույց ենք անում նրանց մեղքերը: Անգամ երբ աղոթում ենք նրանց մեղքերից ազատվելու մասին, հաճախ շեշտը դնում ենք ոչ թե Աստծո ողորմության վրա, այլ նրանց մեղքերի ահավորության վրա: Աստված մեզնից շատ ավելի լավ գիտի մեր և մյուսների մեղքերի ահավորությունն ու դրա սարսափելի հետևանքները: Մեր գործը բարեխոսելն է: Բարեխոսել մարդկանց համար այնպես, ինչպես կբարեխոսեինք մեր սեփական երեխայի համար: Բարեխոսական աղոթքի հիմքում պետք է լինի սերն ու կարեկցանքը:

Տեր Հիսուս բարեխոսում էր Իրեն խաչողների համար: Նա բարեխոսում էր՝ ոչ թե մատնացույց անելով վերջիններիս մեղքերի մեծությունն, այլ աղաչելով Աստծուց ներում, քանի որ մեղք գործողները չէին հասկանում իրենց գործած անօրենությունների ահավորությունը: Չեն հասկանում, չեն պատկերացնում, կուրացած են, խաբված են: Տե՛ր, մի նայիր նրանց խստությանը, անօրենությանն ու մեղքերին, այլ ողորմիր նրանց քո մեծ ողորմությամբ: Մի պատժիր, այլ ապաշխարելու հնարավորություն ընձեռիր:

Հիշի՛ր հավատքի առաջնորդներին, որ այս մարդկանց համար ծառայել են, որ գործել են ու իրենց կյանքն են դրել, որպեսզի Քո ժողովուրդը ամրանա ու զորանա: Ների՛ր, Տեր: Ողորմի՛ր, Տեր: Առաջնորդի՛ր, Տեր:

Մովսեսը բարեխոսում էր: Սովորե՛նք իրական բարեխոսական աղոթքի գաղտնիքները: Սովորե՛նք Աստծո կամքի համեմատ աղոթքի կյանքը: Սովորե՛նք աղոթել:

Տեր Հիսուսի անունով քահանայական բարեխոսության աղոթքներ և մեղավորների հանդեպ սեր ու կարեկցանք եմ հռչակում այս գրառումը ընթերցողների կյանքում: Եղեք օրհնված:

Արման Մանուկյան