Երբ Աստված լավ բանը պահում է քեզնից…

Քիչ բան կարող է ավելի սարսափելի լինել, քան սեփական անձիդ ծառա դառնալը: Եթե մենք հրաժարվում ենք լսել Աստծուն, Նա կարող է թողնել մեզ մեր մտքերի ու ծրագրերի հետ միայնակ: Բայց եթե մենք լսում ենք Նրան, ոչինչ այս աշխարհում չի կարող իրավունք ունենալ վախեցնելու մեզ:

Երբ Աստված փրկում է Իր ժողովրդին Եգիպտոսի նվաստացուցիչ ստրկությունից, նրանք բողոքում են ու աղաղակում անապատում, և անգամ ցանկանում հետ վերադառնալ: Աստված փրկում է նրանց ստրկության լծից, խոստանում բարգավաճում, և ինչպե՞ս են նրանք պատասխանում Աստծուն: Նրանք ապստամբում են Աստծո դեմ:

«Բայց իմ ժողովուրդը չլսեց իմ ձայնը, և Իսրայելը չհավանեց ինձ: Ապա նրանց թողի իրենց սրտերի կամքին, որ գնան իրենց խորհուրդներումը» (Սաղմոս 81.12):

Աստված ազատում է նրանց ստրկությունից՝ թողնելու իրենց իսկ ընտրության հետ: Նրանք ազատվեցին ստրկությունից՝ տեսնելու, որ ամենաամուր շղթաները իրականում ոչ թե իրենց ձեռքերի, այլ սրտերի շուրջն էին: Նրանք ազատ էին՝ հասկանալու, որ ստրկությունը ներսում էր, ոչ թե դրսում:

Ամենասարսափելի բաներից մեկը, որ կարող է Աստված անել, մեզ թողնելն է միայնակ՝ մեր սրտերի հետ, և ինքներս մեզ հետ մնալով՝ մեր մեղքը մնում է մեզ հետ՝ դատապարտելով ու ստրկացնելով մեզ, և ստրկությունն այդ չի վերջանում: Այսպիսով, «հետևիր սրտիդ»՝ սա դատաստանի կարգախոսն է, ոչ թե ոգեշնչում: Բայց եթե Աստված մեր սրտերը դեպի Իրեն դարձնի, ապա Նա կմաքրի մեր մեղքը և կտա մնայուն ուրախություն:

Ինչու ենք մենք հրաժարվում լսել

Ինչպե՞ս կարող են Աստծո մարդիկ հրաժարվել՝ լսել Նրան: Նրանց մեջքին դեռևս չեն սպիացել ստրկության հասցրած վերքերը: Նրանք տեսել են Եգիպտոսին բաժին ընկած պատուհասները՝ արյունոտ Նեղոսը, կարկուտից փլուզված շինությունները, գորտերով և այլ տեսակ սողուններով ծածկված հողը, փարավոնի մահացած տղային: Նրանք ոչ թե պարզապես առանց պայքարի են թողել Եգիպտոսը, այլ առանց զենք բարձրացնելու անգամ: Նրանք տեսել են ճեղքված Կարմիր ծովը, որի չոր հատակով անցել են:

Եվ, միևնույնն է, երբ սովն ու ծարավը, սթրեսն ու վախը մեծանում են անապատում, նրանք տրտնջում են Աստծո դեմ, Ով ազատել էր նրանց: Աստծո ժողովուրդը ոչխարների պես մոլորվում է ճշմարիտ ճանապարհից: Եվ Աստված թույլ է տալիս նրանց գնալ:

Ինչու նրանք հրաժարվեցին լսել: Պատասխանը հետևյալ խոսքի մեջ է.

«Ես եմ քո Տեր Աստվածը, որ հանեցի քեզ Եգիպտոսի երկրիցը. լայն բաց արա քո բերանը, և ես կլցնեմ դրան։ Բայց իմ ժողովուրդը չլսեց իմ ձայնը, և Իսրայելը չհավանեց ինձ» (Սաղմոս 81.10-11):

Նրանք չէին լսում, որովհետև, չնայած տեսածին, իրականում չէին հավատում, որ Աստված կարող է լրացնել իրենց ամեն կարիքը: Նրանք պարզապես չէին բացում իրենց բերանը, քանի որ վախենում էին, թե Աստված նրանց կթողնի ոչնչով: Նրանք ականջ էին դնում սովի զգացումին իրենց սրտերում, այլ ոչ թե Փրկչի խոստմունքին:

Եվ այդ օրերից մինչև այսօր էլ մեծագույն սուտը, որ ասում ենք ինքներս մեզ, սա է՝ Աստված կարող է ամեն բան, բացի մեզ երջանիկ դարձնելուց:

Փորձություն

Երբ Աստված փրկեց Իր ժողովուրդը, ինչո՞ւ այդքան տարիներ թողեց անապատում: Չէ՞ որ կարող էր միանգամից նրանց բերել Խոստացված երկիր:

Անապատում 40 տարիները պատահականություն չէին. դա փորձություն էր. «փորձեցի քեզ Մերիբայի ջրերի մոտ» (Սաղմոս 81.7):

Ժողովրդից պահելով ջուրն ու կերակուրը, ինչպես նաև՝ հարմարավետությունը, անվտանգությունը և Իր մտերմությունը՝ Աստված փորձում էր նրանց. հիմա, երբ դուք ազատ եք, արդյոք դուք սպասելո՞ւ եք Ինձնից: Երբ Աստված այսօր լավը պահում է Իր զավակներից, Նա կամենում է իմանալ, թե արդյոք մենք ուրա՞խ ենք լինելու՝ մնալ Նրա հետ միասին, թե՞ կթողնենք Նրան, մինչև Նա չտա մեզ այն, ինչ մենք ենք կամենում:

Եթե Աստծուց ուզում ենք ավելին, քան Իրեն՝ Աստծուն, ապա պետք է վախենանք այն բանից, որ Աստված կարող է տալ, ինչ կամենում ենք, և Իրեն պահի մեզնից:

Երբ մեղավորները Աստծո մեծությունը տեսնելով՝ նախընտրում են Նրանից զատ այլ բան, Աստված կարող է «նրանց մատնել իրենց սրտերի ցանկության մեջ» (Հռոմեացիս 1.24): Նա կարող է թույլ տալ, որ նրանք հետևեն իրենց սրտերին: Ինչո՞ւ: Որովհետև «Աստծո ճշմարտությունը ստության հետ փոխեցին. և երկրպագեցին և պաշտեցին ստեղծվածներին, քան թե Ստեղծողին»:

Ամեն մեղք՝ սոցիալապես թույլատրելի լինի, թե՝ ոչ, խորը և չբավարարված ցանկությունների ու ձգտումների հետևանք է: Ամեն մեղք՝ սրտի պտուղ է, որը բավարարություն չի գտել Աստծո մեջ: Եթե հոգևորապես քաղցածները չեն սնվում Աստծուց՝ Նրա Խոսքի միջոցով, և չեն խմում Նրա կենդանի ջրի աղբյուրից, նրանք միշտ փորձելու են իրենց կարիքների պատասխանը չարիքի մեջ «փնտրել»:

Լսեք Ինձ

Եվ այսպես, ի՞նչ անենք, եթե մենք քաղցած ենք կամ ծարավ, երբ մեր հանգամանքները ճնշում են և ստիպում կասկածել, որ Աստված կազատի մեզ, կապահովի կամ կօգնի անցնել: Աստված ասում է. «Եթե՜ իմ ժողովուրդը ինձ լսեր»:

Մեր ծարավի ու քաղցի հագեցումը սկսվում է Աստծուն լսելուց: Իսրայելը բարձրացնում է Իր ձայնն Աստծո դեմ, ոչ թե բացում իր ականջներն ու սրտերը՝ լսելու Նրան:

Եթե ցանկանում ենք, որ Աստված լցնի մեր սրտերը, ապա անպայման կբացենք մեր ականջները Նրա խոսքերի համար: Իսկ եթե վստահենք Աստծո սրտին, որը հայտնի է Իր Խոսքի մեջ, ավելի՝ քան մեր սովին ու ծարավին, Նա խոստանում է՝ լինել մեզ համար ավելին, քան մեր աննշան ու անհագ ցանկությունները:

«Շուտով կխոնարհեցնեի նրանց թշնամիները և իմ ձեռքը կդարձնեի նրանց նեղացնողների դեմ: Տիրոջն ատողները կխոնարհվեին նրա առաջին, իսկ նրա ժամանակը հավիտյան կլիներ: Նա կկերակրեր նրան պարարտ ցորենով, և վեմիցը կկշտացնեի քեզ մեղրով» (Սաղմոս 81.15-17):

Ցորենն ու մեղրը՝ բավարարության ու կշտության ստվերն են միայն: Եթե Աստծուց երես ենք թեքում, որովհետև Նա մեզնից պահում է «ցորեն և մեղր», ապա չենք լսի, թե ինչ է Նա ասում. «Մեկ ինձ լսեցեք, որ բարիք ուտեք, և ձեր հոգին զվարճանա պարարտությունով։ Ձեր ականջը խոնարհեցրեք և ինձ մոտ եկեք, լսեցեք և ձեր հոգին կապրի» (Եսայի 55.2-3):

Լայն բացեք ձեր բերանը, և Նա լցնի այն՝ կլցնի լավագույն ցորենով, անսպառ աղբյուրով և ամենաքաղցր մեղրով: Կլցնի Իրենով:

Մարշալ Սիգալ