Այս օրը պատմության մեջ. Թոմաս Բերնարդո. անտուն երեխաների ընկերը

Այս օրը պատմության մեջ. Թոմաս Բերնարդո. անտուն երեխաների ընկերը1905թ-ի այս օրը` սեպտեմբերի 19-ին, 60-ամյա դոկտոր Թոմաս Բերնարդոյի առողջական վիճակը սկսում է վատթարանալ: Նա խնդրում է կնոջը մի քանի րոպեով իրեն հանգիստ թողնել. շատ չանցած` Թոմասը մահանում է:

Մոտ 1500 երեխա և բազմաթիվ այլ  մարդիկ էին ներկա նրա թաղման արարողությանը:  Բոլորն անթաքույց լաց էին լինում նրա համար: Թոմասը շատ ընկերներ ուներ, որոնց մեծ մասը լքված երեխաներ էին: Մահվան պահին մոտ 8000 որբ երեխա էր արդեն բնակվում  նրա հիմնած տներում:

Թոմասը ծնվել էր Իռլանդիայում: Աշխույժ երեխա լինելով՝ նա ձանձրանում էր առօրյա դասերից: Ձախողելով քննությունները` 16 տարեկանում նա հարկադրված թողնում է դպրոցը և ուսումը շարունակում գինեվաճառի մոտ: Հենց այդ տարիքում էլ լսում է Հիսուս Քրիստոսի մասին և իր կյանքը հանձնում Նրան: Առանց ժամանակ կորցնելու՝ սկսում է այցելել տները և չքավոր երեխաների համար նախատեսված բարեգործական դպրոցները՝ ներկայացնելով  մարդկանց Ավետարանի և աստվածաշնչյան ուսմունքները:

Լսելով Չինաստանում Հադսոն Թեյլորի աշխատանքի մասին՝ նա խանդավառությամբ է լցվում. դա պատճառ է դառնում, որ Թոմասը միջոցներ գտնի և սկսի այցելել Լոնդոնի բժշկական դպրոց, որ կարողանա նախապատրաստվել առաքելության գործին: Այս ընթացքում նա շարունակում էր իր աշխատանքը հետնախորշերում:

Չնայած Չինաստանում միսիոներ դառնալու նրա բուռն ցանկությանը՝ Թոմասը որոշում է ընդարձակել լոնդոնյան մերժված երիտասարդների հետ տարվող իր աշխատանքի շրջանակները: Ի հատուցումն նրա գրած հոդվածի` Թոմասին գումար են տրամադրում՝ շարունակելու նույն գործունեությունը Լոնդոնում: Ժամանակի ընթացքում նա էլ ավելի է զարգացնում  լքված դեռահասների հետ իր առաքելության ծրագրերը:

Վերջինս ներառում էր դպրոցներ, սննդային ծրագրեր, աշխատանքի տեղավորման գործակալություն, առանձին տներ աղջիկների և տղաների, ինչպես նաև թուլամիտ երեխաների համար:

Իր գործի համար Թոմասը մշտապես հավելյալ միջոցներ էր փնտրում՝ շարունակելով պայքարել անօթևանների համար մինչ իր մահվան օրը: Եվ պատահական չէ, որ նրա մահվան որը մեծ կորուստ էին վերապրում հազարավոր մանուկներ ու պատանիներ, ովքեր գտել էին իրենց ուղին այս կյանքում հենց այս մարդու՝ Թոմաս Բերնարդոյի շնորհիվ:

Աղբյուր` christianity.com