Նախկինում սևամորթների դեմ պայքարողին մկրտել է սևամորթ հովիվը

ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգում սևամորթ հովիվը մկրտել է նախկին նեոնացիստ և տխրահռչակ «Կու Կլուքս Կլան» գաղտնի կազմակերպության նախկին անդամին:

ԿԿԿ-ն ռասիստական-ահաբեկչական գաղտնի կազմակերպություն է, որի գործունեությունն ուղղված է ընդդեմ սևամորթների և նրանց սպիտակամորթ բարեկամների: Նրանց գաղափարը սպիտակամորթների գերազանցությունն է:

Մկրտվողը Քեն Պարկերն էր, ով դեռևս մեկ տարի առաջ հանդես էր գալիս` որպես շարժման ամենագլխավոր ակտիվիստներից մեկը՝ «մեծ վիշապ» մականունով, և հաճախակի հայտնվում NBC News լրատվական ծառայության վերնագրերում:

Ինքը` Պարկերը, նշում է, որ այն ժամանակ իրեն առաջնորդում էր կույր հայրենասիրությունը, որը պայմանավորված էր թվացյալ վտանգներից սպիտակամորթների ռասան պաշտպանելու ձգտմամբ: Բայց նրա աշխարհայացքը փոխվում է, երբ սևամորթ հովիվ Ուիլյամ Մակինոնին է հանդիպում: Մի քանի խոստովանություններից հետո նա գիտակցում է իր ընտրած ճանապարհի սխալականությունը: Շուտով նրան հրավիրում են Զատկին նվիրված տոնակատարությանը, նա ապաշխարում է և դառնում աֆրոամերիկյան եկեղեցու անդամ:

«Ցանկանում եմ ասել, որ ես խորապես զղջում եմ անցյալի իմ մեղքերի համար և խնդրում եմ ներել ինձ,- ասում է Պարկերը մկրտության ժամանակ՝ դիմելով նրանց, ում վիրավորանք է հասցրել:- Հիմա ես հասկանում եմ, որ գրգռում էի մարդկանց մեջ ատելություն և խարխլում մեր քաղաքի մթնոլորտը»:

Պարկերի հոգևոր վերածննդի պատմությունը մեծ ուշադրության է արժանացել և լուսաբանվել է որոշ հայտնի քարոզիչների կողմից, այդ թվում՝ Ֆրանկլին Գրեհեմի:

«Արդյոք «սևամորթների կյանքը նշանակություն ունի» (հայտնի կարգախոս #blacklivesmatter),- գրում է Գրեհեմն իր ֆեյսբուքյան էջում:- Եթե հարցնես նացիստին, ապա նա կպատասխանի՝ «իհարկե՝ ոչ», բայց այդպես կլինի մինչ այն պահը, երբ Հիսուսը մտնի նրա կյանքի մեջ: Նա կփոխի նրա սիրտը: Նա ի զորու կլինի փոխելու ցանկացած մեկին՝ անգամ ատելությամբ լցված «մեծ հրեշին»: Պարկերը հիմա զղջում է ատելության համար, որը նա սերմանում էր նախկինում: Ինչպիսի՜ ուրախություն: Որքան հիասքանչ վկայություն է սա՝ Աստծո սիրո և Բարի լուրի վերափոխող զորության մասին:

Ես իմ խորը երախտագիտությունն ու հիացմունքն եմ հայտնում հովվին ու եկեղեցու անդամներին, ում հավատքը օգնել է Քենին՝ կանգնելու սիրո ճաապարհի վրա: Եկեք հիշենք, որ Աստված կարող է հեշտությամբ գտնել ցանկացած մեկի սրտին տանող ճանապարհը, ում մենք անհույս ենք համարում: Եկեք հիշենք, որ Նա կարող է օգտագործել մեզնից ամեն մեկին՝ որպես Իր անքննելի կամքն իրականացնող գործիք»:

«Երբ երկնքում հայտնվենք, այնտեղ ոչ ոք մեզ ռասաների չի բաժանելու,- ասում է հովիվ Մակինոնը, ով մկրտել է Պարկերին:- Որքան մեր հոգու մեջ շատ լինի մերձավորի հանդեպ ներումն ու զղջումը մեղքերի համար, այնքան ավելի հաճելի կլինենք Աստծուն: Երկնքում չկան ռասաներ, այնտեղ բոլորս նույնն ենք լինելու»: