Փրկվելը բավարար չէ

Մի պատմություն էի կարդում, որտեղ մեկը (նրա անունը Ջոն էր) պատմում էր, թե ինչպես մեկ անգամ կարմջով անցնելիս տեսնում է գետում խեղդվող մարդու: Մինչ մտածում է՝ ինչ անել, մոտենում է մեկ ուրիշը, հմտորեն պարանը ջուրը նետում և փրկում խեղդվողին:

Երբ նա սկսում է կյանքի բերել նրան, Ջոնը, ով հասցրել էր մոտենալ ու օգնել, հարցնում է. «Չէ՞ որ ջրից հանել ես նրան, թող որ նա ինքը ուշքի գա», մինչդեռ մյուսը հետաքրքիր պատասխան է տալիս. «Ես հանել եմ նրան գետի միջից, իսկ հիմա պետք է գետի ջուրը հանեմ նրա միջից»: Այդ խոսքերից հետո նա արհեստական շնչառություն տալով՝ սեղմում է խեղդվողի կրծքին, և նրա բերանից դուրս է գալիս գետի աղտոտված ջուրը:

Հետաքրքիր զուգահեռ կարելի է անցկացնել՝ համեմատելով այս խեղդվողին այն մարդկանց հետ, ովքեր Աստծո մոտ են գալիս. նրանք, ըստ էության, փրկվում են կյանքի ընդհանուր հորձանուտից, որը մարդկանց մահվան է տանում: Նրանք դուրս են գալիս ընդհանուր աշխարհային սկզբունքներից, որոնցով աշխարհն է ապրում,  բայց միշտ չէ, որ իրենց ներսից հանում են ԱՇԽԱՐՀԸ:

Բավարար չէ միայն արտաքուստ նորոգություն վերապրելը, չանելը այն, ինչ նախկինում էիր անում, սկսելը գնալ այնտեղ, որտեղ նախկինում չէիր գնում, կարևոր է Աստծուն հնարավորություն ընձեռելը՝ մաքրել մեզ ներսից, դուրս հանել սև կեղտոտ «ջուրը», որով անխուսափելիորեն լցված ենք եղել աշխարհում, և լցնել թարմ, մաքուր Ջրով, որը խմողը հավիտյան չի ծարավի:

Հիսուսն ասում է. «Ով որ խմի այն ջրիցը, որ ես կտամ նրան, նա հավիտյան չի ծարավի։ Այլ այն ջուրը, որ ես կտամ նրան, ջրի աղբյուր կլինի նրանում, որ հավիտենական կյանքի համար կբխի» (Հովհաննես 4.13-14):

Ինչի՞ մասին է խոսքը: Այն մասին, որ եթե մեկ օր լցվել ես այն ամենով, ինչը Հիսուսն է տվել, դու այլևս չես կամենա խմել աշխարհային ճահճից: Ամենը, ինչն աշխարհը համեղ է անվանում, իր համը կկորցնի քեզ համար, որովհետև եթե մեկ օր ճաշակել ես իրականն ու հավիտենականը, ապա չես կամենա վերադառնալ այն թափթփուկներին, որոնցով նախկինում էիր սնվում:

Նայիր այսօր քո սրտին, դու կարո՞ղ ես ասել, որ աշխարհը դուրս է եկել քո միջից:

Արդյոք դու այն մեկը չե՞ս, ում գետից հանեցին ափ, բայց նրա ներսում դեռևս մնացել էին գետի աղտոտված ջրերը, որոնք եթե դուրս չգային, կարող էին կործանել նրան:

Եթե աշխարհը ապրում է քո մեջ, և դու ինքդ հասկանում ես դա, խնդրիր Աստծուն՝ տալ ելք ամենին, ինչն այսօր լցնում է քեզ, այն ամենին, ինչը հեռացնում է քեզ Իրենից: Նրա կամքն է, որ դու սուրբ լինես, լցված, ազատագրված, բժշկված, նորոգված՝ Իր Որդու կերպարանակիցը դառնալով:

Նա ցանկանում է, որ դու չապրես՝ քո ներսում աշխարհային սկզբունքները պահպանելով, այլ որ Քրիստոսը ապրի քո մեջ Իր խաղաղությամբ: Խաղաղություն, որը տանում է հավիտենական կյանքի:

Աղբյուր՝ bible-facts.ru