Մի՛ չարախոսեք, այլ օգնե՛ք ինձ. Լև Տոլստոյ

«Այ, դո՛ւք, Լև Նիկոլաևիչ, լավ եք դուք քարոզում, բայց հետևո՞ւմ եք դուք ձեր խոսքերին». հարցը շատ բնական է: Եվ ես այն մշտապես լսում եմ:

Սովորաբար, այն տրվում է հաղթանակած ձայնով, ասես ցանկանում են դրանով իմ բերանը փակել. «Քարոզը քարոզ, բայց ինչպե՞ս ես դու ապրում»:

Ես պատասխանում եմ, որ ամենևին էլ չեմ քարոզում, որ ունակ չեմ քարոզել, թեկուզ և շատ կցանկանայի: Քարոզել ես կարող եմ իմ գործողություններով, իսկ իմ գործողությունները չար են…

Եվ ես ասում եմ, որ ես մեղավոր եմ, արժանի եմ ատելության իմ անհաջողությունների համար: Ու միևնույն ժամանակ, ոչ թե արդարանալու, այլ որպեսզի բացատրեմ իմ անկայունությունը, ասում եմ. «Նայեք իմ ներկա կյանքին, իսկ հետո՝ իմ անցյալ կյանքին: Կտեսնեք, որ ես ինչ-որ ձևով փորձել եմ ապրել իմ սովորեցրածով: Ճիշտ է, ես դրանց (քրիստոնեական ուսմունքի) մեկ հազարերորդ մասն էլ չեմ կատարել և դրա համար չեմ ամաչում: Բայց ես չեմ կատարել դա ոչ այն պատճառով, որ չեմ ցանկացել, այլ որովհետև անկարող եմ եղել: Սովորեցրեք ինձ՝ ինչպես շրջանցել ինձ շրջապատող գայթակղությունները: Օգնեք ինձ, ու ես կկատարեմ դրանք»: Բայց անգամ առանց օգնության՝ ես, միևնույնն է, ցանկանում եմ ու հուսով եմ դրանք կատարել:

Հարձակվեք ինձ վրա, ես ինքս էլ դա անում եմ, բայց հարձակվեք ինձ վրա, ոչ թե իմ ճանապարհի, որը ես ցույց եմ տալիս բոլորին, ով խնդրում է ինձ դա անել:

Եթե ես գիտեմ տան ճանապարհը ու շտապում եմ դրանով գնալ՝ թեքվելով հարբածի նման այս ու այն կողմ, ճանապարհը, միևնույնն է, մնում է ճիշտ՝ չնայած իմ ոլոր-մոլոր քայլելուն: Իսկ եթե ճանապարհը ճիշտ չէ, ապա ցույց տվեք ճիշտ ճանապարհը: Բայց եթե ես մոլորվեմ ու շեղվեմ ճանապարհից, դուք պարտավոր եք օգնել ինձ: Դուք պարտավոր եք ուղղորդել ինձ նորից դեպի ճիշտ ճանապարհը. ահա այս նույն օգնությունն էլ ես եմ պատրաստ ձեզ տալ:

Պետք չէ ինձ շեղել ճանապարհից: Պետք չէ ուրախանալ, որ ես մոլորվել եմ: Պետք չէ ուրախ բացականչել. «Նայեք նրան, նա ասում էր, թե տուն է գնում, բայց, ահա, սողում է ցեխաջրի մեջ»: Մի չարախոսեք, այլ օգնեք ինձ, ձեռք մեկնեք ու պահեք: