Արդյոք չափից շատ ուտելը մե՞ղք է

Մենք՝ քրիստոնյաներս, վատ սովորություն ունենք մեղքերը դասակարգելու: Չնայած ինքնին այս երևույթը աղավաղում է Աստվածաշնչի ուղերձը, մենք, միևնույնն է, մտածում ենք, որ կան «մեծ ու փոքր» մեղքեր:

Մենք չենք սիրում խոստովանել դա, բայց կա ընդհանուր ընկալում, որ որոշ մեղքեր ավելի վատն են մյուսներից: Մենք մինչև վերջ վիճում ենք, որ շնությունը, բարկությունը և ստախոսությունը մեղք են, բայց թվում է, որ մեզ չի հուզում անհամբերությունը կամ ժլատությունը:

Իսկ ի՞նչ կասեք ուտելու հարցում անժուժկալության մասին:

Մարդկանց մեծ մասն ասում է, որ այդ հարցում իրենք ոչ մի խնդիր չունեն… մինչև նրանց առջև չի հայտնվում իրենց սիրելի կերակուրը՝ մեծ չափաբաժնով: Լինի դա պաղպաղակի մի բաժին, սիրելի թխվածքաբլիթ կամ պարզապես մեկ սալիկ շոկոլադ: Մեզնից յուրաքանչյուրն ունի իր թույլ կողմերը, որոնք ստիպում են մեզ կանգնել փակուղու առջև:

Եթե մի փոքր էլ սահմանվածից շատ ենք ուտում, դա մեզ համար մեղք չէ: Եվ ավելին, չէ՞ որ մեզ ուտել է պետք: Այնուամենայնիվ, Աստվածաշունչը մեկ անգամ չէ, որ հիշեցնում է որկրամոլության մասին և հավանություն չի տալիս դրան:

«Որկրամոլությունը» մի փոքր հնացած բառ է, որը խոսում է շատակերության մասին: Ի՞նչ է ստացվում: Եթե մի փոքր ավելի եմ ուտում՝ մե՞ղք եմ գործում:

Խոսքը չի գնում ձեր քաշի մասին. հարցի էությունը լիովին այլ է այստեղ և կայանում է մարդու համար շատակերության սկզբունքի և կերակուրի կարևորության մեջ, ոչ թե հնարավոր ֆիզիկական հետևանքների:

Եվ այսպես. ի՞նչ է ասում Աստվածաշունչը:

Առակաց 23.21-ում ասվում է. «Որովհետև գինեմոլն ու որկրամոլը պիտի աղքատանան, և քնափությունը պատառոտած հանդերձներ կհագցնի»:

Մեր մարմինը Սուրբ Հոգու տաճար է: Այն պարգև է Աստծուց, և թե ինչպես ենք մենք վարվում Աստծո պարգևի հետ՝ շատ բան է ասում Աստծո հանդեպ մեր վերաբերմունքի մասին:

Սկզբնական նպատակը, որ Աստծո կողմից տրվեց մարդուն Եդեմի պարտեզում՝ իշխելն էր: Իսկ չափից շատ ուտելն ու քնելը Աստծո կողմից մարդու համար սահմանված նպատակի աղավաղումն է:

Մենք պետք է թույլ տանք, որ Աստծո Խոսքն ու Խոսքի սկզբունքները ձևավորեն մեր ապրելակերպը, այլ ոչ մեկ ուրիշ բան:

Որպեսզի լինենք արդյունավետ գործիք Աստծո ձեռքերում, պետք է հսկենք ինչպես մեր սիրտը, այնպես էլ մարմինը, և հսկենք ժուժկալությամբ՝ հեռու փախչելով աշխարհի մեջ եղած միտումներից, որովհետև գիտենք՝ կերակուրը աշխարհում հիմա ամենամեծ ուշադրությունն է գրավում: Իսկ մենք, քրիստոնյա լինելով, ուտենք ուժի համար, ուտենք ապրելու համար և ոչ հակառակը:

Ֆինն Շերիդան