Իրականում երբեք միայնակ չեմ եղել

Նա կանչեց ինձ, ես պատասխանեցի, և այդպես էլ ամեն բան սկսվեց:

Ես երբեք չեմ պատկանել այն մարդկանց շարքին, ովքեր հեշտությամբ սովորել են ինչ-որ բան: Այն ինչ գիտեմ, ուղղակի ստիպված եմ եղել սովորել՝ կյանքի հարվածներից, գոյության պայքարից, դժվար հարաբերություններից և այլնից դրդված:

Ես փառք եմ տալիս Աստծուն այն բանի համար, որ երբ մտածել եմ, թե ինքս եմ իմ ուժերով միայնակ այդ ամենն անցել ու ինքնուրույն սովորել ամեն բան, իրականում, երբեք էլ միայնակ չեմ եղել: Աստված ինձ հետ է եղել ամեն փուլում: Նա հետևել է ինձ՝ տեսնելով իմ սխալները և սխալ որոշումները: Նա պահպանել էր ինձ ճանապարհին: Արժե հավատալ, երբ Աստվածաշունչն ասում է, որ Նա միշտ անում է ամեն բան մեր բարիքի համար:

Երբ մարդիկ մտածում էին, թե ես անհույս եմ, երբ ինքս մտածում էի, թե իրավիճակները, որոնցում հայտնվել եմ, կավարտվեն իմ մահով, երբ ինչ-որ մեկը ամաչում էր լինել իմ կողքին, այդ թվում՝ իմ ընտանիքի անդամները, երբ ոչ ոք չէր հասկանում ինձ. այս բոլոր ժամանակներում Աստված ներկա էր՝ իմ կողքին էր: Նա իմ ճանապարհին դնում էր առնվազն մեկ մարդու, ով տեսնում էր իմ մեջ այն, ինչ Ինքն էր տեսնում: Ես երկու անգամ լսել եմ, թե ինչպես է Նա կանչում ինձ, նախքան լիովին կհանձնվեի, և անգամ երբ փախչում էի, Նա համբերատար էր իմ հանդեպ:

Հասկանո՞ւմ եք, անգամ երբ թմրանյութեր էի ընդունում և հուսահատության մեջ էի, միևնույնն է, չէի կորցնում լավագույն կյանքի իմ հույսը: Մեկ օր ես ընդունեցի ճիշտ որոշում, և ամեն բան իմ շուրջը սկսեց փոխվել: Երբ փախուստի այդ շրջանն ավարտվեց, խոստացա ինքս ինձ, որ այլևս երբեք չեմ ապրելու ստրկության մեջ: Այն օրը, երբ ես ճաշակեցի Աստծուն ու Նրա փառքը, հասկացա, որ այլևս երբեք չեմ ծարավելու: Երբ Նա ինձ սնուցում էր Իր Խոսքով և սովորեցնում Իր ճանապարհները, ես գիտեի, որ ազատվել եմ մեղքի կապանքներից մեկընդմիշտ:

Հիսուսի համար կյանքը կրոնական ծեսերի կատարում չէ, այլ կենդանի փոխհարաբերություններ: Ես անում եմ այն, ինչ Նա է ինձ ասում անել: Ես ասում եմ այն, ինչ Նա է ասում: Ես կգնամ այնտեղ, որտեղ Նա կասի: Ես ապրելու եմ՝ իմ Հայրիկին հաճեցնելու համար:

Իսկ իմ ճանապարհին կպատմեմ մարդկանց Նրա շնորհի, Նրա սիրո մասին և Նրա առաջնորդությամբ կօգնեմ նրանց՝ ազատվելու մեղքի ճիրաններից: Դա կատարվում է ոչ թե կամքի կամ ուժի զորությամբ, այլ Սուրբ Հոգու օգնությամբ: Հիսուսը եկավ՝ հանուն մեղավորների, ես ցանկանում եմ գնալ Նրա հետքերով: Եվ քանի որ մենք բոլորս մեղք ենք գործել և զրկվել ենք Աստծո փառքից, աշխատանքը շատ է (Հռոմեացիս 3.23): Հունձքը շատ է, մշակները՝ քիչ, ինչպես ասել է Հիսուսը (Ղուկաս 10.2):

Զինվորնե՛ր, դուք պատրա՞ստ եք: Թամբեցեք ձեր ձիերը: Եկեք անենք դա: Ներեք բոլորին, այդ թվում՝ ինքներդ ձեզ: Հավատացեք, որ դուք արժանի եք, և արեք դա: Թող Աստված փառավորվի Հիսուսի անունով:

Ջինա Ռ. Պրինս