Ասա. «Ես երիտասարդ եմ, ես ունեմ կոչում և ես գնում եմ»

Մի ժամանակ Պողոս առաքյալը իր երիտասարդ ծառայակից Տիմոթեոսին ասում էր. «Ոչ ոք չանարգի քո փոքր սկիզբը»:

Ես տեսնում եմ, որ այս խոսքերը արդի են երիտասարդների համար այսօր ևս, և ինձ անհանգստացնում է, որ նրանցից շատերը չեն հետևում իրենց կոչմանը: Մեկ անգամ չէ, որ մտածել եմ, թե ինչու է այդպես:

Նախ, հաճախ եմ տեսել, թե մեծահասակները ինչ ծանր են տանում, երբ երիտասարդները ավելի շատ բան են իմանում, քան իրենք: Ես մտածում եմ, որ Պողոս առաքյալը միշտ քաջալերում, ոգեշնչում էր Տիմոթեոսին: Նա կոչ էր անում նրան՝ անտեսել ամեն տեսակ անարգանք, որ կարող էր հնչել այդ երիտասարդի հասցեին, ինչպես օրինակ. «Դու դեռ շատ երիտասարդ ես: Նայիր՝ դեռ կաթը չի չորացել շուրթերիդ վրայից, իսկ դու արդեն մեզ ինչ-որ բան ես սովորեցնում: Նստիր ու լռիր»: Պողոսը քաջալերում էր Տիմոթեոսին, քանզի գիտեր, թե ինչ պարգևներ նա ուներ: Պողոսը նրան կոչ էր անում չվիճել, բայց և չհանձնվել ու առաջ գնալ:

Եվ երկրորդը, երիտասարդները իրենք են հենց անարգում իրենց երիտասարդությունը: Օրինակ, Աստված կանչում է լուրջ ծառայության, իսկ նրանք ասում են, թե դեռ շատ երիտասարդ են:

Մի արդարացրեք ձեզ, թե դեռ շատ երիտասարդ եք: Երեմիան Աստծուն ասաց, որ ինքը դեռ շատ երիտասարդ է: Իսկ Աստված ասաց. «Մի ասա, թե դու երիտասարդ ես, ուր ասեմ՝ կգնաս, և ինչ ասեմ՝ կանես»:

Մենք կարող ենք ընդունել անարգանքը, կարող ենք չընդունել: Մենք կարող ենք արձագանքել դրան ու կանգ առնել, բայց կարող ենք և կանգ չառնել:

Մենք կարող ենք դառնալ անարգանքի զոհ, իսկ զոհերը միշտ ցանկանում են, որ իրենց գովեն, նկատեն, գնահատեն: Սակայն շատ ավելի լավ է հավատալ ու ասել. «Ես երիտասարդ եմ, ես ունեմ կոչում ու ես գնում եմ»:

Հաճախ երիտասարդներն ասում են. «Ես չգիտեմ՝ ինչում եմ կանչված և կանչվա՞ծ եմ արդյոք, ես չունեմ ոչ մի էքստրաօրդինար ունակություն Աստծուն ծառայելու համար»:

Մենք պետք է ուղղակի կոչման հետ կապված մի շատ կարևոր բան հիշենք. «Եվ տասներկու հոգի կարգեց, որ իր հետ լինեն, և որ նրանց ուղարկի՝ քարոզելու. և նրանք իշխանություն ունենան ցավերը բժշկելու և դևերը հանելու» (Մարկոս 3.14-15):

Դու երազում ես կոչման մասի՞ն: Բայց արդյոք քո շրջապատը տեսնո՞ւմ է, որ դու Քրիստոսի հետ ես: Եթե դու Նրա հետ ես, դա անպայման տեսանելի կլինի:

Մարդը, ով անում է թեկուզ ամենաչնչինը հանուն Տիրոջ, ուրեմն արդեն անում է մեծագույնը: Դրա համար մի երազեք մեծ գործերի մասին, ուղղակի ծառայեք Աստծուն: Եղեք հավատարիմ քչի մեջ ու կտեսնեք, թե ինչ կանի Աստված արդյունքում:

Սերգեյ Վինկովսկի