Վերջինը պիտի լինի առաջին

Նախկինում գրեթե միշտ վերջիններից էի լինում չնշանակված աթոռներով ճամփորդական ինքնաթիռ բարձրացողների շարքում: Ինքնաթիռի թևի մոտ մեջտեղի աթոռին կարելի էր նստել, սակայն ձեռքի պայուսակս պետք է դնեի վերջին շարքի վերևում եղող խորշում: Սա նշանակում էր, թե պարտավոր էի սպասել բոլոր ճանապարհորդներին, որպեսզի կարողանայի պայուսակս վերցնել:

Ինքս ինձ խնդացի՝ նստելով իմ տեղում, ու մի միտք ստացա, որ թվում էր՝ Տիրոջից է. «Իրականության մեջ քեզ չպետք է նեղություն լինի սպասելը: Ընդհակառակը՝ քեզ պիտի դա բարիք բերի»: Հետևաբար, որոշեցի ուրախ լինել ավելորդ ժամանակով, որը ինձ առիթ պիտի ընծայեր մյուս ճամփորդների պայուսակները ցած իջեցնելու և ինքնաթիռը սպասարկողների աշխատանքին օգնելու: Երբ ժամանակը հասավ՝ պայուսակս հետևի մասից վերցնելու, դարձյալ խնդացի, երբ ճամփորդներից մեկը մտածեց, թե ես ընկերության պաշտոնյաներից եմ:

Այդ օրվա փորձառությունը ինձ առիթ ընծայեց խորհրդածելու Տեր Հիսուսի աշակերտներին ասած խոսքի մասին. «Եթե մեկն ուզում է առաջինը լինել, թող ամենից հետին և ամենի ծառա լինի» (Մարկոս 9.34): Այդ օրը ես սպասեցի, որովհետև պարտավոր էի սպասել, սակայն Տեր Հիսուսի «գլխիվայր» թագավորության մեջ պատվո տեղ կա նրանց համար, ովքեր կամավոր կերպով են ծառայում ուրիշներին:

Տեր Հիսուսը եկավ մեր այս մշտապես շտապող ու «առաջինը՝ ես» մտածելակերպով աշխարհ՝ ոչ թե, «որ իրեն ծառայեն, այլ որ ինքը ծառայի, և շատերի փոխարեն իր անձը փրկանք տա» (Մաթևոս 20.28): Մենք մեր լավագույն ծառայությունն ենք մատուցում Տիրոջը՝ ուրիշներին ծառայելով: Որքան ավելի խոնարհվենք, այդքան ավելի Նրան կմոտենանք:

Հիսուսի թագավորությունը «գլխիվայր» է:

«Զհաց մեր հանապազորդ» գրքույկից