Ինչպես դաստիարակել հաջողակ երեխա. խորհուրդներ հոգեբանից

Յուրաքանչյուր երեխա անօրինակ է, շնորհալի ու անկրկնելի: Իհարկե, բոլոր ծնեղներն էլ ուզում են օգնել՝ զարգացնել իրենց երեխայի տաղանդները և հետագայում տեսնել նրանց՝ որպես կայացած անհատներ:

Ո՞ր երեխային կարելի է համարել հաջողակ

Հաջողակ երեխան կարող է ապագայում գտնել իր ճանապարհը և զբաղվել սիրելի գործով: Իսկ թե որքան նա կվաստակի դրանով՝ երկրորդական հարց է:

Երբ երեխան մեծանում է, ընդհանրապես ինքն իրեն հարց չի տալիս՝ հաջողա՞կ է ինքը, թե՞ ոչ: Այդ հարցը ծնողներն են տալիս, և նրա համար կարևոր է հասկանալ, թե ինչ կարծիք ունեն իր ծնողներն ու ընկերները:

Երեխայի համար հաջողակ լինելը հարմարավետ գոյությունն է երկու աշխարհներում. ընտանեկան և ընկերական, իսկ հաջողակ լինելու մասին հասարակության համընդհանուր կարծիքը հաճախ նրանց սահմանափակում է: Երբ երեխային անընդհատ ասում են, որ նա պետք է լավ սովորի, պետք է լսող լինի, ամեն բան հասցնի և այլն, նա մեծանում է այն հասկացողությամբ, որ ինչ-որ բան պարտավոր է, դրանով հանդերձ՝ չի հասցնում ուղղակի մտածել, թե  ինչ է ինքը ուզում: Ամբողջ շեշտադրումը ընկնում է «պետք է»-ի վրա:

Կարևոր է, որ ծնողները իմաստուն առաջնորդներ լինեն, ովքեր երեխային ճիշտ ուղղությունը ցույց կտան: Չէ՞ որ երեխան չի պատկերացնում, թե ինչով է հարուստ շրջակա աշխարհը, քանի դեռ չի տեսել ու չի փորձել ամեն բան ինքնուրույն: Բայց կարևոր է, որ ծնողները չառաջնորդվեն իրենց ցանկություններով՝ ստիպելով իրենց երեխային լինել այնպիսին, ինչպիսին իրենք էին մանկուց երազում դառնալ, այլ երեխային սխալվելու իրավունք տան:

Ի՞նչ անել, երբ ձեր հանճարեղ երեխան հանկարծ ձախողում է

Բարկանա՞լ. իհարկե՝ ոչ: Պարզապես հարցրեք՝ ինչ է պատահել: Ներշնչեք երեխային այն ճշմարիտ գիտակցությունը, որ սխալվելը սարսափելի բան չէ: Թող նա հասկանա, որ իր կյանքում դեռ շատ սխալներ կլինեն:

Ծնողները օգնում են երեխային դրսևորվել ու կայանալ, երբ իրենց ապրելակերպով, աշխարհայացքով փոխանցում են երեխային Աստծուն հասկանալու, Նրան վստահելու արժեքը: Պետք է երեխան ծնողներից ընդունի ու իրենը դարձնի այն ճշմարտությունը, որ երբ ինքը ընկնում է ու հասնում ամենահատակին, Աստված տալիս է հնարավորություն՝ նորից բարձրանալու: Այսպիսով երեխայի մեջ ձևավորվում է այն հիմքը, որ Աստված միշտ կօգնի գտնելու սեփական ճանապարհը և Նրան վստահելով՝ կարող է հասնել այն հաջողությանը, որը բարձր է նյութականից:

Մի ձգտեք դաստիարակել հաջողակ ու ճիշտ երեխա

Երբ դուք սիրում եք երեխային այնպիսին, ինչպիսին նա կա, նա զգում է, որ ինքը մենակ չէ այս աշխարհում ու հասկանում է, որ ունի ամուր թիկունք իր հետևում: Դա ուժ կտա նրան դրսևորելու իրեն այնպիսին, ինչպիսին կա իրականում, իսկ ձեզ թույլ կտա դառնալ նրա ընկերը: Իսկ ընկեր լինելը սեփական որդու կամ դստեր՝ շատ ավելի լավ բան է, քան պարզապես հաջողակ երեխայի ծնող լինելը:

Օքսանա Վոտում՝ հոգեբան