Ձեզ հետևում են

Վերջերս կարդում էի Գործք Առաքելոցը և հետաքրքիր մի բան տեսա 16-րդ գլխում: Պողոսին ու Շիղային ստությամբ մեղադրում են ու բանտ նետում: Ինչպե՞ս դուք կվարվեիք նրանց փոխարեն: Ինչպիսի՞ն կլիներ ձեր արձագանքը ծեծերին, կեղծ մեղադրանքներին և բանտում հայտնվելուն: Եվ սա դեռևս վերջը չէ, նրանք նաև շղթայված էին:

Որպես սովորական մարդ, Աստծո շնորհից զուրկ, ես կաղաղակեի. «Ես մեղավոր չեմ»: Բայց Պողոսն ու Շիղան ոչ բնական արձագանք ցուցաբերեցին ստեղծված իրավիճակում:

«Եվ կես գիշերին Պողոսը և Շիղան աղոթք անելով օրհնում էին Աստծուն. և բանտարկվածներն էլ նրանց ականջ էին դնում» (Գործք Առաքելոց 16.25):

Առաջինը՝ մենք տեսնում ենք, որ գիշերը նրանք լցված էին Սուրբ Հոգով և երկրպագում էին: Սա արդեն զարմանալի է: Նրանց քիչ առաջ էին ծեծել, հագուստները պատռել, այնուամենայնիվ, նրանք կենտրոնացած էին իրենց առաքելության և Հիսուսի վրա: Ինչպես իրենցից առաջ մյուս առաքյալները, նրանք նույնպես «ուրախանալով» փառաբանում էին, «որովհետև արժանի եղան նրա անունի համար անարգվել» (Գործք Առաքելոց 5.41):

Բանտարկյալներ

Բայց նայեք նախորդ Խոսքի ավարտին՝ «բանտարկվածներն էլ նրանց ականջ էին դնում»: Այո՛, նրանց, ինչպես և մեզ, մարդիկ հետևում են: Անհավատները ցանկանում են տեսնել, թե ինչպես եք դուք՝ քրիստոնյաներդ, արձագանքում փորձություններին ու հալածանքներին: Նրանք ցանկանում են տեսնել՝ արդյոք դուք ապրո՞ւմ եք այնպես, ինչպես քարոզում եք:

Այդ մարդիկ հանցագործներ էին: Պատկերացրեք, թե ինչ էին նրանք մտածում, երբ լսում էին, որ ռաբբին ու նրա ընկեր-մարգարեն փառաբանում են Աստծուն այն բանից հետո, երբ իրենց ծեծել էին: Նրանք չգիտեին՝ ինչ մտածել և իրակա՞ն է դա ադյոք, բայց հաստատ համոզվեցին, որ այդ երկուսը իրական էին համարում դա: Եվ տեղի ունեցավ երկրաշարժ:

«Եվ հանկարծակի մեծ շարժ եղավ՝ մինչև որ բանտի հիմունքներն էլ շարժվում էին. և իսկույն բոլոր դռները բացվեցան, և ամենքի կապանքներն արձակվեցան։ Երբ որ բանտապետն էլ զարթնելով տեսավ բանտի դռները բացված՝ սուրը քաշեց և կամենում էր ինքն իրեն սպանել, որովհետև կարծում էր, թե կապվածները փախել են։ Եվ Պողոսը մեծ ձայնով կանչեց և ասաց. անձիդ չար բան չանես, որովհետև ամենքս այստեղ ենք» (Գործք Առաքելոց 16.26-28):

Արդյոք հետաքրքիր չէ՞, որ բանտարկյալներից ոչ ոք չփախավ: Եթե դուք բանտարկյալ եք և հանկարծ հնարավորություն եք ստանում ազատվելու, ձեր առաջին արձագանքը փախուստը կլինի: Բայց բանտարկյալները հետաքրքված էին ավելի Պողոսի ու Շիղայի խոսքերը լսելով, քան փախուստով: Հիսուսի մեջ ձեռք բերած ազատությունը ավելի կարևոր էր, քան կապանքներից ազատությունը:

Բայց պատկերացրեք, թե որքան ուրիշ կլիներ ընդհանուր պատկերը, եթե Պողոսն ու Շիղան իրենք բանտախցերում ցավից լացեին ու տրտնջային: Ժամանակ առ ժամանակ իմ կյանքում ես հանձնվում եմ, անգամ եթե խոսքը մեքենայի բանալիները գտնելու մասին է:

Սա ինձ հիշեցնում է այն դեպքը, երբ ինձ ձերբակալել էին արհեստական վիժեցումների կլինիկայի դիմաց բողոքի ցույց անելու համար՝ 90-ականների սկզբին: Ոստիկանները ինձ հագցրեցին ձեռնաշղթաներ, և քանի որ ձեռքիս ապարանջան կար, այն փակեց իմ ձեռքի արյունատար անոթը, իսկ դա իսկապես ցավոտ էր:

Ոստիկանական տեղամասի ճանապարհին ես ոստիկանին խնդրեցի թուլացնել ձեռնաշղթաներս՝ պատճառաբանելով, թե դրանք շատ ձիգ են: Նա նման մի բան ասաց. «Իսկ ուրիշ ի՞նչ եք սպասում, երբ ձեզ ձերբակալում են»: Նա ինձ նայեց՝ որպես քաղաքում մեծացած տկար ու փափկամարմին մի տղայի, ով հատուկ վերաբերմունքի է սպասում: Ես ամաչեցի: Այո՛, ինձ հետևում էին, և ես ինձ չդրսևորեցի այնպես, ինչպես պետք էր:

Երբ գալիս են խնդիրները, շատ մարդիկ, ովքեր ցանկանում են Աստծո փառքի մասին խոսել, պարտվում են: Ինչպես ասում է Առակաց գիրքը. «Եթե նեղության օրը թուլացար, ուժդ նեղ կլինի» (Առակաց 24.10):

Որոշեք նախապես

Մենք կարող ենք հենց հիմա որոշել՝ լինել Պողոսի ու Շիղայի նման, ովքեր իրենց փորձության ժամին՝ կեսգիշերին փառաբանում էին Աստծուն: Ոչ ոքի չի անհանգստացնում այն, թե որքան երջանիկ ենք մենք, երբ ամեն բան լավ է: Բայց մարդիկ հետևում են, թե ինչպես մենք կարձագանքենք մեզ բաժին հասած դժվարություններին: Մեր արձագանքի տարբերությունը աշխարհի արձագանքից՝ կարող է մեծ նշանակություն ունենալ նրանց համար, ովքեր հետևում են մեզ:

Այն բանտարկյալները կարող էին փախչել, բայց կանգնում ու լսում են Աստծո մասին: Աստծո երկյուղն իջնում է նրանց վրա, երբ Աստված պատասխանում է Պողոսի ու Շիղայի փառաբանությանը՝ երկրաշարժով:

«Աստվա՛ծ, օգնիր ինձ իմ դժվար ժամանակներում լինելու Պողոսի ու Շիղայի պես»:

Դուք երբեք չեք իմանա, թե երբ Աստված կպատասխանի ձեզ, այնպես որ՝ մի՛ հանձնվեք:

Ռոն Կանտոր